Play Video
Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցության տարբեր տեսակներ գոյություն ունեն․ բիզնես հաղորդակցություն, բժշկական հաղորդակցություն, միջանձնային հաղորդակցություն և այլն։ Բիզնես հաղորդակցության մեջ կան որոշակի ձևաչափեր, որոնք մյուս կողմի մոտ որոշակի սպասելիքներ են ձևավորում։

Գրավոր ձևաչափերից մեկը էլեկտրոնային հաղորդակցությունն է։ Էլեկտրոնային նամակի կարող է կառուցված լինել «ռազմական մեթոդով»՝ բաղկացած երեք մասից․ 1) նախ գրում ենք, թե ինչ ունենք ասելու, այսինքն` խոստանում ենք ասելիքը, 2) գրում բուն ասելիքը, 3) հիշեցնում, թե ինչ ասացինք։ Բնականաբար երեք մասերն էլ շարադրված այլ կերպ՝ ոչ ուղիղ նույն բառերով, ոչ պարզունակ։ Թվացյալ այս կրկնությունը բիզնես հաղորդակցության մեջ մեծ դեր ունի։

Բիզնես հաղորդակցության մեջ համոզիչ և վստահելի լինելու համար կա երեք եղանակ․

  • Լոգոս – օգտագործում ենք փաստեր, վիճակագրություն, հղումներ,
  • Պաթոս – օգտագործում ենք էմոցիա արթնացնող խոսքեր,
  • Էթոս – անձ/ձայն/պաշտոն, որը բերում ենք հաղորդակցություն։

Բանավոր հաղորդակցության հաջողված ձևաչափը շրջված եռանկյունու կառուցվածքն է, ըստ որի՝ ամենակարևոր ասելիքը պետք է ասել սկզբում և միանգամից։ Ներածական տեքստը ժամանակ է խլում դիմացինից․ պետք չէ դրսևորել «պրոֆեսիոնալ համեստություն»։ Բանավոր հաղորդակցության ընթացքում հաճախ խոսքում ավելանում են «մակաբույծ» բառեր և ժեստեր։ Դրանք առաջանում են հանրային խոսք ասելու վախից։ Սովորաբար այդ բառերը լրացնում են խոսքում առկա դադարները, լռությունը։ Հաղորդակցվելիս զրուցակցի աչքերի մեջ նայելը օգնում է խուսափել «ըըը»-երից։ Մակաբույծ բառերը նվազեցնելու համար լուծումներից մեկը հետևյալն է․ նկատել այդ կրկնվող բառը, փոխարինել մեկ այլ բառով։ Բանավոր հաղորդակցության ընթացքում նախադասությունները պետք է լինեն կարճ՝ 5-9 բառ։

Հաղորդակցման մեջ 65%-ը կազմում է մարմնի լեզուն։ Հաճախ մարդիկ սխալ են հաղորդակցվում հենց մարմնի լեզվով․ նստելու ձևը, ձեռքերի դիրքը, գլխով հաստատելու ժեստը օգնում կամ խանգարում են խոսքի ընթացքում։

Մարմնի լեզվով հաղորդակցվող մարդիկ բաժանվում են երեք խմբի․

  • Դիտողներ (lookers) – խոսելիս դիմացինի աչքերի մեջ են նայում, ակտիվ դիմախաղ ունեն, հիմնականում ուղիղ կեցվածքով։ Այս մարդկանց հետ հաղորդակցվելիս պետք է պատկերներով խոսել, ցույց տալ։ Համոզելիս ընտրել այնպիսի բառեր, որոնք կօգնեն հեշտ պատկերացնել ասելիքը։
  • Լսողներ (audials) – խոսելիս չշեղվելու և կենտրոնանալու համար չեն նայում զրուցակցին, ուշադրություն չեն դարձնում արտաքինին, ընթերցելիս նախընտրում են իրենց ձայնը կամ շշուկը լսել։ Այս մարդկանց հետ հաղորդակցվելիս պետք է ուշադիր լինել ձայնի տոնայնությանը, հնչողությանը։
  • Կինեստետիկներ (touchers) – խոսելիս արտահայտում են էմոցիաներ, մոտ են կանգնում զրուցակցին, հակված են դիպչելու, շոշափելու և այլն։ Այս մարդկանց հետ հաղորդակցվելիս պետք է ընտրել այնպիսի բառեր, որոնք կօգնեն նրան զգալ, էմոցիա ունենալ, թույլ տալ մոտ գալ, դիպչել։

Դիտեք նաև՝

Search