Գոյն ընդհանրապես փիլիսոփայորեն այն ամենն է, ինչ կա, գոյություն ունի և կարող է ենթադրվել, որ գոյություն ունի: Ըստ գոյաբանական այս մոտեցման՝ այդ ամեն ինչը բաժանվում է առարկայի, հատկության և հարաբերության: Առարկան նյութական, մարմնական իրողություններն են, ենթադրենք՝ խնձոր, այն առարկա է, ջրահարսը նույնպես մտնում է սրա մեջ, քանի որ մեր պատկերացրած իրականության մեջ գուցե գոյություն չունի, բայց կարող է առարկայացվել, նյութականացվել՝ դառնալով արձան Կոպենհագենում կամ նկար՝ հեքիաթի գրքի մեջ: Երկրորդը հատկությունն էր, օրինակ՝ կանաչը: Կանաչն ինքնին գոյություն չունի, այն միշտ ինչ-որ առարկայի հատկություն է, օր.՝ կանաչ խնձոր, նույնիսկ եթե մենք փակենք մեր աչքերը և փորձենք պատկերացնել ուղղակի կանաչ, էլի կտեսնենք կանաչը՝ որպես առարկա, այլ կտեսնենք հարթություն, որը կանաչ է, այսինքն երևակայվող հարթության հատկություն, կամ եթե խորություն էլ ենք տեսնում, ապա եռաչափ տարածությունն ենք տեսնում կանաչ: Երրորդը հարաբերությունն է: Օր.՝ աշակերտը, պարզ է, որ ուսման հարաբերության մեջ գտնվող մեկն է՝ հարաբերվող ուսուցչի հետ, կամ, օրինակ, չի կարող լինել ծնող, եթե չկա զավակ: Գոյաբանական այս մոտեցումը բերենք ազգայնականության մեջ. ի՞նչ է կամ ո՞վ է հայը: Առարկա՞, հատկությո՞ւն, թե՞ հարաբերություն…