Play Video
Հայկական գրատպության սկզբնավորումը. Հակոբ Մեղապարտ | Շողակաթ Դևրիկյան

15-րդ դարի կեսին Յոհան Գուտենբերգը ստեղծում է մի համակարգ, որը հիմք է դառնում ժամանակակից գրքի տպագրության: Հռոմեական կայսրության Մայնց քաղաքում նա հրատարակում է տպագիր առաջին գիրքը՝ Աստվածաշունչը:
16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանված էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև: Հայաստանի տարածքում տիրող քաոսի և ավերի պայմաններում միայն հայ վանականներն էին փորձում իրենց ձեռքը վերցնել հայ դպրության պահպանման գործը։ Հայաստանի համար պատմական ծանր այս ժամանակներում հեռավոր Վենետիկ քաղաքում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը։

Հակոբ Մեղապարտի մասին կենսագրական տվյալներ շատ քիչ են հայտնի: Իր հրատարակած երկրորդ գրքի՝ Պատարագատետրի վերջում նա թողել է հինգ տողանի հիշատակարան, որում գրում է. «Գրեցաւ սուրբ տառս ի ՋԿԲ, ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ, Ֆռանկստեան, ձեռամբ մեղապարտ Յակոբին: Ով որ կարդայք, մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»:

Հակոբ Մեղապարտի տպարանը գործում է ընդամենը երկու տարի և հրատարակում է հինգ անուն գիրք․ Ուրբաթագիրք, Պատարագատետր, Աղթարք, Պարզատումար, Տաղարան։ Հայ տպագրության սկզբնավորողը ձգտել է իր հրատարակություններին ձեռագիր մատյանների տեսք տալ, քանի որ վերջիններս այն ժամանակ հայության մեջ շատ հարգի էին, իսկ նորահայտ տպագիր գրքերը՝ անսովոր և անհայտ: Գրքերի վերջում տպված է Հակոբ Մեղապարտի խաչաձև տպարանանիշը՝ լատինական չորս տառերով՝ D․ I. Z. A: Այս տառերը Կ․ Պասմաճյանը վերծանել է հետևյալ կերպ. D=Dei_servus (Աստծո ծառա), I=Iacobus (Հակոբ), Z=Zanni (Ծաննի(յան) հայերեն՝ Հովհաննիսյան), A=Armenius (հայ):

Հակոբ Մեղապարտից հետո հայկական տպագրության մեջ կեսդարյա դադար է լինում: Ապա հայ երկրորդ և երրորդ տպագրիչները՝ Աբգար դպիր Թոխաթեցին և նրա որդի Սուլթանշահը, ծանոթ լինելով Մեղապարտի հրատարակություններին, օգտագործում են զարդագրերն ու քառանկյուն զարդաձերն իրենց գրքերում:

Դիտեք նաև՝

Search