Play Video
Բացահայտումներ #1. 1990-ների բանաստեղծական սերունդ | Աշոտ Խաչատրյան

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Աշոտ Խաչատրյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

Երջանիկ կյանք

Ամեն ինչ լավ է, ուտելու բան կա,
կարտոֆիլ,
երշիկ,
ձկան պահածո,
և գոհանում ես հարյուր բյուր անգամ
կոմկուսակցության ստույգ տվածով։
Եվ ինչ հոգ, եթե մեծ քաղաքների
Բնակիչները ննջարան չունեն,
Երանի սիրուն շորեր հագնեինք
Եվ ունենայինք երգող թռչուններ,

երանի… սակայն գոհանալ է պետք,
որ կանք,
ապրում ենք տեսակը սեռի…
որպես խոհարար կամ որպես վարպետ
մենք էլ դարձրինք կյանքը մարսելի։

Եվ արդարորեն թող մեզ էլ ներվի
մեր ամենակեր վարքը հանցավոր.
լսելի չէինք գենսեկին հեռվից,
որ ծեր էր,
անմիտ
ու զառանցավոր։

Սակայն ամեն ինչ լավին է գնում,
դահիճներ չկան, չկան կարմիրներ,
և պատերազմ չէ,
և շոր ենք հագնում,
և օրինապահ ինչքա՛ն մարմիններ։

Երջանիկ կյանք է, անսովոր անգամ
և նմաններիս վերջը գուշակող…
Ըստ Միքայելի մերն է ապագան,
մահառաջ տրվող կենսաթոշակով։

Իսկ մինչ այդ՝ կեցցեն, ուտելու բան կա,
կարտոֆիլ,
երշիկ,
ձկան պահածո,
գոհացիր հազար ու վերջին անգամ
կոմկուսակցության ստույգ տվածով։

Դիտեք նաև՝

Search