Play Video
Առանձին խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը․ մաս 2 | Անահիտ Չիլինգարյան

Առանձին խոցելի խումբ են համարվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք` այն մարդիկ, որոնք իրենց ֆիզիկական, հոգեբանական, զգայական վիճակի բերմամբ հասարակության մեջ խոչընդոտների են հանդիպում, ինչը բացասաբար է ազդում հանրային կյանքին նրանց լիարժեք մասնակցության վրա։ 

Հաշմանդամության շուրջ ձևավորվել են չորս հիմնական մոտեցումներ՝ մոդելներ․

  1. Բժշկական մոդել (դիտարկում է որպես առողջական խնդիր ունեցող անձ),
  2. Բարեգործական մոդել (համարում է, որ անձը չի կարող իր մասին հոգալ և ունի աջակցության կարիք՝ ապահովելու նվազագույն կենսապայմաններ),
  3. Սոցիալական մոդել (դիտարկում է հասարակությունում առկա խոչընդոտները),
  4. Մարդու իրավունքների վրա հիմնված մոդել (շեշտադրում է անձի արժանապատվությունը և դիտարկում անձին որպես իրավունքների կարգավորման լիարժեք սուբյեկտ):

Բժշկական և բարեգործական մոդելներն ավելի վաղ են ձևավորվել և հանգեցրել են մի իրավիճակի, որում անձինք առանձնացվել են հասարակությունից և դիտարկվել որպես կարգավորման օբյեկտներ, այլ ոչ լիարժեք սուբյեկտներ։ Այս մոդելներն են կանխորոշել այն իրավական կարգավորումները, որոնք մինչ այժմ էլ գործում են նաև Հայաստանի ներպետական օրենսդրությամբ։ Այս երկու մոդելների հետևանքով են առաջացել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների հիմնական վտանգները, խտրականությունն ու խարանը։ Իսկ սոցիալական և մարդու իրավունքների վրա հիմնված մոդելները եկան փոխարինելու վերոնշյալ երկու մոդելներին և հղկվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով։

Անձինք կարող են հայտնվել խոցելի վիճակում նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։ Հետևյալ խմբի անձանց իրավունքների խախտումը կարող է սկսել բանավոր բուլիինգից և հասնել ընդհուպ մինչև այդ հիմքով սպանությունների և տարբեր երկրներում քրեական օրենսդրությամբ ԼԳԲՏ անձանց հետապնդման:

Խոցելի խումբ է համարվում նաև էթնիկ ծագման, ռասայական, ազգային պատկանելիության հիմքով խոցելի վիճակում հայտնված անձանց խումբը։ Սա ունի շատ խորը արմատներ․ այլոց գերիշխելու կառուցակարգերը շարունակում են այժմյան կյանքի վրա ունենալ իրենց ազդեցությունը։ Անձի էթնիկ,  ռասայական, ազգային, կրոնի կամ լեզվական պատկանելիության հիմքով իրավունքների խախտումները կարող են դրսևորվել թիրախավորման և մինչև անգամ բնակության վայրից զրկելու պահանջով։ Այս հիմքով խոցելի վիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթուղթը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին ծավալուն կերպով դիտարկել է վերոնշյալ խոցելի խմբերի իրավունքների խախտման և խտրականության դեպքերը։

Դիտեք նաև՝

Search