Play Video
Պրիտչա ժանրի պատմությունը և արդիականությունը | Արա Առաքելյան

Պրիտչա բառն ունի սլավոնական ծագում, հաճախ օգտագործվում է նաև պարաբոլ եզրույթը։ Պրիտչա ժանրը ընդհանրություններ ունի առակի հետ. միավորում է բարոյագիտությունը, բարոյախոսությունը, էթիկան և փիլիսոփայությունը։ 18-րդ դարում՝ փիլիսոփայական արձակի ծաղկման դարաշրջանում են ծնվել նոր պրիտչայի առաջին օրինակները, մասնավորապես` Վոլտերի «Կանդիտը»։ 

Ավելի ուշ՝ 20-րդ դարում, գրականությունը հարստացավ ժանրային տեսակներով, և հենց այդ շրջանում լայն տարածում գտավ ստեղծագործություններում մարդու մասին «փիլիսոփայելը»։ 20-րդ դարի պրիտչան կամ առակը զերծ է բարոյախոսությունից. այն կենտրոնանում է մարդու բարդության, ճակատագրի, մարդ-մարդ, մարդ-Աստված հարաբերությունների և այլ խնդիրների վրա։ Այսպիսով` պրիտչա ասելիս հասկանում ենք մարդու մասին փիլիսոփայություն։

Երեք հանրահայտ վեպեր, որոնք կարող ենք պրիտչա անվանել
Պրիտչա ժանրը աստվածաշնչյան առակից հետո 20-րդ դարում վերածնողներից մեկը ավստրիացի մեծագույն գրող Ֆրանց Կաֆկան է։ Կաֆկայի հերոսն անընդհատ փոքրացող մարդն է։ Լավագույն գործերից մեկը՝ «Կերպարանափոխությունը», մարդուն վերածում է ուտիճի․ սա նրա մեծ մետաֆորներից մեկն է։ Հասկացության սահմաններն ընդարձակելով՝ կարող ենք «Դատավարություն» վեպը նույնպես պրիտչա որակել. դատարանի առջև կանգնած գյուղացու մասին առակը մինչ օրս էլ մնում է անբացատրելի մասնագիտական գրականության մեջ։

Պրիտչա ժանրում հաջորդ օրինակը Ալբեր Քամյուի «Ժանտախտը» փիլիսոփայական վեպն է։ Հեղինակը ստեղծում է փակ տարածություն և ժանտախտի պատկերի վրա փորձում է խոսել 20-րդ դարի մարդու մասին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներից հետո ծանր գաղափարների բախման մասին։ Այստեղ Քամյուի փիլիսոփայության ամենակարևոր սկզբունքներից մեկը հետևյալն է․ ի՞նչն է կառավարում աշխարհը, մարդկության ընթացքը․ անհրաժեշտը, թե՞ պատահականը: Ըստ Քամյուի՝ պարզվում է՝ պատահականը։

Երրորդ մեծ պրիտչան Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունն է. առաջին հայացքից հանրամատչելի, պարզ մի սյուժե, որում թաքնված է գեղագիտական աշխարհայացքային մի կարևոր սկզբունք` այսբերգի էֆֆեկտը։

Դիտեք նաև՝

Search