Անձնական ազատության իրավունքն ամենավիճարկված անհատական իրավունքներից է թե՛ ներպետական դատարաններում, թե՛ այն միջազգային ատյաններում, որտեղ անհատական դիմումներ ներկայացնելու հնարավորություն կա: Օրինակ` ՄԻԵԴ ներկայացված դիմումների շարքում անձնական ազատության վերաբերյալ բողոքներն իրենց ծավալով երկրորդ տեղն են գրավում` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ բողոքներից հետո:
Անձնական ազատության իրավունքը, այն ծավալով և բովանդակությամբ, որն այսօր արձանագրված է միջազգային իրավունքում և բազմաթիվ պետությունների սահմանադրություններում կամ սահմանադրական ակտերում, ինչպես և կյանքի իրավունքը, իր ձևավորման և պատմական զարգացման ընթացքով պարտական է 13-րդ դարում Անգլիայում խռովարար բարոնների և միապետի միջև կնքված համաձայնությանը` Ազատությունների մեծ խարտիային:
Անձնական ազատության իրավունքի մասին խոսելիս նկատի ունենք բացառապես մարդու ֆիզիկական կամ մարմնական ազատությունը, որը սահմանակցում է ազատ տեղաշարժվելու իրավունքի հետ: Ազատ տեղաշարժվելու իրավունքի և անձնական ազատության իրավունքի սահամանափակումներն իրենց էությամբ և բնույթով նույնական են և տարբերվում են բացառապես իրենց աստիճանով և ինտենսիվությամբ. անձնական ազատության իրավունքի սահմանափակումները շատ ավելի ինտենսիվ են:
Ըստ այդմ, անձնական ազատության իրավունքի սահամանփակումներին և առհասարակ արգելքներին վերաբերող սահմանադրական և օրենսդրական դրույթներից պահանջվում է շատ ավելի բարձր որոշակիության աստիճան: Նման դեպքերը սպառիչ կերպով թվարկված են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում: Վերջինիս առաջին կետով սահմանված է անձնական ազատության իրավունքին վերաբերող հիմնադրույթային հասկացություններից մեկը` ազատության կանխավարկածը. ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: