Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել բացառապես մարդու մեկ այլ իրավունքի ապահովման համար, ընդ որում այդ վերջին իրավունքը պետք է ընկալել նաև մարդու՝ որպես հանրային հավաքականության մաս կազմող սուբյեկտի իրավունք, օրինակ` անվտանգությունը, հանցավորությունից պաշտպանված լինելու շահը և այլն: Ըստ սահմանափակման հնարավորության` մարդու իրավունքները բաժանվում են երկու խմբի:
Բացարձակ իրավունքներ՝ կյանքի իրավունքը, խոշտանգման, ստրկության և համանման վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, միայն օրենքի հիման վրա պատասխանատվության ենթարկելու իրավունքը, որոնք չեն կարող սահմանափակվել որևեիցե նպատակից ելնելով՝ անգամ արտակարգ իրավիճակներում և նույնիսկ մարդու ցանկության և համաձայնության դեպքում: Դրանց ցանկացած սահմանափակում արդեն իսկ այդ իրավունքների խախտում է: Այս իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը հանգեցնում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման: Սա պայմանվորված է նրանով, որ բացարձակ իրավունքները կապված են մարդու արժանապատվության հետ, իսկ իրավագիտության մեջ հենց արժանապատվությունն է այն տարրական, ամենափոքր մասնիկը, որն առկա է ցանկացած իրավահարաբերության մեջ և ենթակա չի օտարման կամ տրոհման:
Սահմանափակելի իրավունքներ. այս պարագայում գոյություն ունեն լեգիտիմ շահեր, որոնց ապահովման համար պետության կողմից մարդու իրավունքի սահմանափակումը չի համարվում իրավունքի խախտում: Օրինակ` գաղափարներ, տեղեկություններ փնտրելու և տարածելու իրավունքը կամ հրապարակային դատաքննության իրավունքը կարող է սահմանափակվել արդարադատության շահերի, պետական անվտանգության շահերի ապահովման նպատակով: Ելնելով` «իրավունքը ազատության համընդհանուր և անհրաժեշտ ձևն է» բանաձևից, պետք է գտնել այն ընդհանուր ձևը, որի մեջ երկու իրավունքներն էլ կապահովվեն: Հակառակ դեպքում գործ կունենանք ոչ պատճաշ սահմանափակման հետ:
Սահմանափակելի իրավունքների սահմանափակման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջարկել է մի հետաքրքիր թեստ, որը կիրառվում է պարզելու համար` արդյոք իրավունքը սահամնափակվել է խախտման աստիճանի, թե ոչ: Թեստի շրջանակներում մի քանի հարց է քննարկվում`
- Արդյո՞ք իրավունքը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով,
- Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն իրավունքին,
- Արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով,
- Արդյո՞ք օրենքը համապատասխանում է կանխատեսելիության և հասանելիության չափանիշներին,
- Արդյո՞ք մարդու իրավունքի սահմանափակման նպատակն իրավաչափ է,
- Արդյո՞ք սահմանափակման միջոցը համաչափ է հետապնդվող նպատակին: