1956թ.-ին Կոնստանտին Օրբելյանը դառնում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, իսկ ջազային բարեփոխումները նոր ընթացք են ստանում: Օրբելյանի ղեկավարությամբ ջազ բենդի դեբյուտային համերգին Արտեմի Այվազյանի շնորհավորանքը նոր մարտահրավեր էր նվագախմբի հետագա ճանապարհի համար. «Ես ղեկավարեցի այս նվագախումբը 18 երկար ու ձիգ տարիներ, տեսնենք` դու որքան կդիմանաս»:
Հետագայում Օրբելյանը նշում էր. «Ափսոս, մաեստրոն այլևս չկա, որ ասեմ` ես ղեկավարեցի այս նվագախումբը երկու անգամ շատ, 36 երկար ու ձիգ տարիներ»:
Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանն իր հեղինակային շարքում խոսում է համաշխարհային ջազի փոխակերպումների, West Coast և East Coast ջազային դպրոցների, Մայլս Դևիսի և Գիլ Էվանսի համագործակցությունների և Cool Jazz-ի ստեղծման, ինչպես նաև ԱՄՆ-ԽՍՀՄ մշակութային մրցակցության հաջորդ կարևոր կետի՝ 1975 թ-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգային շրջագայությունների մասին, որոնց վերաբերյալ Նյու Յորք Թայմսը գրել է` «Հայաստանի պետական ջազ նվագախումբը հերքում է այն միֆը, որ Խորհրդային Միությունում ջազն արգելված է»: