Մշակութային կոդերի թեման ամփոփելու համար անհրաժեշտ է անդրադառնալ որոշ տեսաբանների, գիտնականների մոտեցումներին։
Էռնստ Կասիրերը համարում էր, որ մշակույթը մարդու սիմվոլիկ մտածողության և սիմվոլիկ վարքագծի արդյունքն է և փոխարինում է իրերի աշխարհը, իրականությունը։ Մարդը, հայտնվելով այդ միջանկյալ տարածքում, սկսում է շփվել իր նմանների և աշխարհի հետ տարբեր նշանային համակարգերի միջոցով՝ լեզու, միֆ, արվեստ, կրոն։ Ըստ Կասիրերի՝ մարդն այլևս ի վիճակի չէ գործ ունենալ աշխարհի հետ՝ շրջանցելով իր իսկ կողմից ստեղծված այդ արհեստական աշխարհը։
Ռոլան Բարտը, ուսումնասիրելով գրական տեքստերի կոդերի տիպաբանությունը, առանձնացրել էր հինգ տեսակի իմաստային կոդ՝
- գործողութային (տեքստի սյուժեն),
- հաղորդակցային (տեքստը ուղարկողի և ստացողի հարաբերությունները),
- հերմենեվտիկ (գաղտնիություն, թաքնված ինտրիգ և լարվածության գիծ)
- մշակութային (հանրության գիտակցության, հիշողության մեջ գրանցված գիտելիք)
- սիմվոլիկ (մարդու ես-ի փոփոխականություն)։
Ըստ Բարտի՝ ցանկացած գեղարվեստական պատմության իմաստը դրսևորվում է տարբեր կոդերի միավորման, բազմաձայնության միջոցով։
Ումբերտո Էկոն եկել է այն եզրակացության, որ կոդը հանդես է գալիս որպես մի շարք հեշտացումների արդյունք։ Կոդը, լինելով հաղորդակցության պարտադիր պայման, պետք է ապահովի այդ հաղորդակցության ընթացքում փոխանակվող տեքստերի միանշանակ ընկալումը, հասցնի նվազագույնի կամ ընդհանրապես վերացնի մեկնաբանության այլընտրանքային տարբերակը։ Ըստ Էկոյի՝ կոդավորումը սեմիոզիսի հիմքում ընկած երևույթ է։
Յուրի Լոտմանը կոդն անվանում է մշակույթի մեկնաբանության գործիք՝ շեշտելով, որ այն մշտապես նորացվում է սեմիոզիսի ընթացքում։ Նա համարում է, որ անհրաժեշտ է տարբերակել լեզուն և կոդը։ Կոդը վայրկենական ստեղծման արդյունքում գոյություն ունեցող պատրաստի կաղապար է, որին չի հետաքրքրում իր պատմությունը։ Մինչդեռ լեզուն ունի պատմություն, պատմական տարածվածություն։ Լեզու=կոդ+պատմություն։
Միխայիլ Բախտինը լեզուն և կոդը անհամատեղելի հասկացություններ է համարում։ Նա նշում է, որ նշանագիտությունը հիմնականում զբաղված է պատրաստի կոդերով հաղորդվող տեղեկատվությամբ, բայց կոդն ընդամենը տեխնիկական մեթոդ է, այն չունի ճանաչողական արժեք։ Կոդը համատեքստը սպանած երևույթ է, քանի որ մոռացության է մատնում այն տեքստը, որից նա ծնվել է, որը նա թանձացրել է և դարձրել մեկ բառ, մեկ փոքրիկ միավոր։
Նիկոլայ Ժինկինն առաջ է քաշել ունիվերսալ առարկայական կոդի գաղափարը։ Ըստ նրա՝ մենք աշխարհն ընկալում ենք զգայարաններով, և այդ աշխարհի հետքը տպվում է մեր գիտակցության մեջ նախևառաջ ոչ թե բառերի, այլ վիզուալ պատկերների ձևով։ Եթե մարդու մոտ առաջանում է հաղորդակցվելու մտադրություն, առարկայական կոդը որոշակի վերակոդավորման է ենթարկվում և տեղափոխվում անցումային, այնուհետև՝ լեզվական փուլ։ Իսկ ստացողի մոտ տեղի է ունենում ճիշտ հակառակը․ ստացված լեզվականացված հաղորդումը նա ուղարկում է իր միջանկյալ կոդին, որից հետո միայն այն ընկնում է առարկայական կոդի տիրույթ և մարդու երկարատև հիշողության մեջ։