Համաշխարհային պրակտիկայում կան դեպքեր, երբ դաշինքի շրջանակներում փոքր պետությունները ոչ միայն պարզապես գտնում են գործընկեր, հանձին մեծ պետության, այլ արդյունքում նրանց դաշինքը վերածվում է հովանավոր-հաճախորդ հարաբերությունների: Այս խումբ ռազմավարությունները մասնագետներն անվանում են ենթադաշնակցում: Այդպիսի հարաբերություններ էին գործում Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հարավամերիկյան որոշ պետությունների և ԱՄՆ-ի միջև 20-րդ դարի երկրորդ կեսին, ներկայումս` նման փոխհարաբերությունների մեջ են ԱՄՆ-ն և եվրոպական որոշ դաշնակիցները, Չինաստանը և իրենից մեծ կախվածություն ունեցող ասիական փոքր պետությունները և այլն:
Ենթադաշնակցային ռազմավարության դեպքում փոքր պետությունները ենթադրում են, որ մեծ տերությունը կհրաժարվի իրենց նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից, դրա փոխարեն կտրամադրի անվտանգության որոշ երաշխիքներ, բայց իրենք էլ, ի պատասխան, պատրաստակամ են իրենց ինքնավարությունը զգալիորեն զիջելու: Այսպիսի իրավիճակ ստեղծվում է միաբևեռ համակարգի դեպքում, երբ փոքր պետությունները չունեն նոր դաշինքներ կազմելու կամ կոալիցիաների միջոցով մեծերին զսպելու հնարավորություն: էականորեն թույլ տնտեսության, պետականության չկայացած ինստիտուտների դեպքում նրանք աստիճանաբար ընկնում են մեծ տերության ազդեցության տակ: Երբեմն փոքր պետությունները չունեն կարողություն անգամ դաշինքի ներսում կոալիցիաների միջոցով զսպելու իրենց գլխավոր հովանավոր մեծ տերության նկրտումները, իսկ մեծ պետությունը անվտանգության երաշխիքների դիմաց բավականին մեծ պահանջներ է ներկայացնում:
Այսպիսի փոխհարաբերություններ կարող ենք տեսնել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Զրկված լինելով դաշինքի (ՀԱՊԿ) ներսում Ռուսաստանին բալանսավորելու հնարավորությունից` Հայաստանն իր անվտանգության կարիքները բավարարելու համար տարիների ընթացքում Ռուսաստանին է փոխանցել անվտանգության` ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում որոշումներ ընդունելու իրավունքը: Այսօր էլ շարունակվում է այդ գործընթացը` սահմանների համատեղ պաշտպանության առումով: Սա ինչ-որ տեղ կարելի է համարել տրամաբանական պրոցես, քանի որ Հայաստանը ի վիճակի չի եղել կուտակել այնպիսի տնտեսական հնարավորություններ և բազմազանեցնել իր արտաքին գործընկերների շրջանակը, որպեսզի կարողանար անցնել, օրինակ, համադրման ռազմավարություններին` միևնույն ոլորտում միաժամանակ համարժեք չափով համագործակցելով այլ մեծ պետությունների հետ:
Բացի վերոնշյալներից, կա ևս մեկ ուշագրավ ռազմավարություն` հայտնի ինքնաբացառման կամ չեզոքության ռազմավարություն անվանմամբ: Դրա արդյունքում փոքր պետություններն ակնկալում են, որ իրենք դուրս կմնան մեծ պետությունների միջև ուժային մրցակցության հաշվարկներից, կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը անգամ մեծ պետությունների միջև լարվածության աճի պայմաններում և կունենան մեծ ինքնավարություն իրենց արտաքին քաղաքական և ներքին քաղաքական որոշումների ընդունման ժամանակ: Սրա կարևոր պայմաններն են միջավայրի բազմակենտրոնությունը, և փոքր պետության ունակությունը մեծ պետություններին համոզելու կամ ստիպելու ընդունել իր չեզոք կարգավիճակը: Դրա վառ օրինակ է Շվեյցարիան, որը կարողացավ պահպանել իր չեզոքությունը նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: