Փոքր պետությունները յուրահատուկ նշանակություն ունեն միջազգային համակարգում: Չնայած բոլոր ժամանակներում նրանց թիվը ավելի մեծ է եղել, քան մեծ պետություններինը, նրանք երբեք չեն գտնվել մտածողների ուշադրության կենտրոնում, և դրանց վերաբերյալ համեմատաբար քիչ ուսումնասիրություններ կան: Այս երևույթի պատճառն այն է, որ հենց մեծ տերություններն են ստեղծում և փոփոխում միջազգային համակարգը, իսկ փոքր պետությունները ստիպված են համակերպվել սեփական կարգավիճակի հետ և իրենց քաղաքականությունը հարմարեցնել առկա համակարգին:
Փոքր պետությունների բնորոշման հարցում չկա գիտական համաձայնություն: Հիմնականում տնտեսագետ հեղինակների մի խումբ ելնում է քանակական չափանիշներից՝ տարածք, բնակչություն, ՀՆԱ, շուկայի տարողունակություն և այլն: Մեկ այլ խումբ՝ միջազգային հարաբերությունների մասնագետներ, գերազանցապես ուշադրություն է դարձնում որակական չափանիշներին, օրինակ՝ կառավարող էլիտաների տեսակետներին: Վերջին շրջանում որոշ հեղինակներ փորձում են համակցել այս երկու տեսակետը՝ ստեղծելով ավելի համալիր և ճշգրիտ մոտեցում: Նրանք պնդում են, որ թեև վերջնական որոշումները կախված են կառավարող էլիտայից, կարևոր է նաև հասկանալ, թե ինչի հիման վրա են ձևվավորվում էլիտայի համոզմունքները: Ի վերջո, գոյություն ունեն նույն ռեսուրսներով և չափերով պետություններ, որոնք վարում են բոլորովին տարբերվող քաղաքականություններ:
Փոքր պետությունների քաղաքականության հիմնական նպատակները երկուսն են՝ ստանալ առավելագույն հնարավոր անվտանգություն միջազգային հարաբերությունների համակարգում և առավելագույն չափով պահպանել ինքնավարությունը որոշումների կայացման գործընթացում: Սակայն, անհրաժեշտության դեպքում, փոքր պետությունները պատրաստ են լինում զոհել ինքնավարության մի մասը հանուն անվտանգության: