Play Video

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 25-ը անցկացնում է ամենամյա Երևանյան միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրված է Երևանի 2800-ամյակին: «Երևանյան» փառատոնը մեր քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար շատ սպասված երաժշտական տոնախմբություն է: Հատկապես այս տարի այն անցնելու է մեծ շուքով: Փառատոնի բացումը կազդարարվի շքեղ համերգով, որին կմասնակցի մեր օրերում աշխարհի ամենահայտնի և սպասված ջութակահարներից մեկը, մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանը: Նաև, ՀԱՖՆ-ի կատարմամբ, կհնչի Բեթհովենի մեծակտավ 9-րդ սիմֆոնիան՝ հրավիրյալ մեներգիչների և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: Փառատոնի 46 օրերի ընթացքում կկայանա տասնմեկ համերգ և մեկ օպերային բեմականացում: Համերգներին կմասնակցեն մոտ 20 բարձրակարգ մենակատարներ, որոնցից 16-ը հրավիրված են արտերկրից: Ծրագրում տեղ են գտել հայ կոմպոզիտորների երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Մուշեղ Պետրոսյանի Թավջութակի կոնցերտը  Ալեքսանդր Չաուշյանի կատարմամբ,  և Վաղարշակ Զաքարյանի Ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ: Հայաստանյան պրեմիերայով հանդես կգա հանրահայտ վիրտուոզ ֆլեյտահար Էմանուել Պայուն՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի փոխադրումով ֆլեյտայի համար: Սեպտեմբերի 20-ի համերգը նվիրվում է  Հայաստանի Անկախության օրվան, որտեղ գեղեցիկ ծրագրով հանդես կգան ջութակահարուհի Կլարա – Ջումի Կանը, դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն և թավջութակահար Թիմ Փարքը: Կկայանան թավջութակահար Սթիվեն Իսերլիսի 60-ամյակին և մեր հանրահայտ հայրենակցի՝ ջութակահար Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգները՝  հոբելյարների մասնակցությամբ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կկայանա երկու համերգ:

Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար անվճար վարպետության դասեր կտան փառատոնի հրավիրյալ ութ բարձրակարգ երաժիշտ՝ Վադիմ Խոլոդենկո (դաշնամուր, Ռուսաստան), Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Թիմ Փարք (թավջութակ, Գերմանիա), Լևոն Չիլինկիրյան (ջութակ, Մեծ Բրիտանիա), Բորիս Բելկին (ջութակ, Բելգիա), Դավիթ Աբրահամյան (ալտ, Իսպանիա), Էմանուել Պայու (ֆլեյտա, Ֆրանսիա), Լիանա Հարությունյան (սոպրանո, Ֆրասիա):

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են՝ Էդուարդ Թոփչյանը և Աեքսանդր Չաուշյանը: Բոլոր համերգները կանցնեն ՀԱՖՆ գլխավո դիրիժոր՝ Է. Թոփչյանի ղեկավարությամբ և տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում (հասցե՝ Մաշտոցի պողոտա 46, հեռ.՝ 011 545742, կայք՝ www.apo.am, Ֆեյսբուքյան էջ՝ Armenian National Philharmonic Orchestra)` բացառությամբ հոկտեմբերի 25-ին կայանալիք «Մադամ Բաթերֆլայ» օպերայի, որը կկայան  Օպերային թատրոնում:

Դիտեք նաև՝

Search