Play Video
Ժամանակի ընկալումը | Անի Գրիգորյան

Ժամանակի թեման ուսումնասիրվում է շատ տարբեր գիտությունների և գիտակարգերի կողմից։ Հատկապես հետաքրքրական է հոգեբանական գիտության մեջ ժամանակի ուսումնասիրությունը, քանի որ այստեղ այն հետազոտվում է ոչ թե որպես առանձին գոյություն, իրականություն, այլ ժամանակի հանդեպ մարդու վերաբերմունքի, կյանքի ժամանակային հեռանկարների և ընկալումների տեսանկյունից։ Շատ բարդ հարց է, թե ինչպես ենք մենք ընկալում ժամանակը։ Ի տարբերություն այլ երևույթների՝ գույներ, հոտեր, տարածություն և այլն, մեր օրգանիզմում չկա կոնկրետ օրգան համակարգ, ուղեղի կենտրոն կամ ընկալիչներ, որոնք պատասխանատու են մարդու ժամանակի ընկալման համար։ Բայց մեր օրգանիզմի ցանկացած գործընթաց, ցանկացած իրադարձություն ծավալվում է ժամանակի մեջ և ունի ժամանակային չափողականություն։ Ժամանակի ընկալման առանձնահատկությունները կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ կենսաբանական, աշխարհագրական, մշակութային, քաղաքային միջավայրի, տեղեկատվության քանակության, հուզական վիճակի և այլն։

Ժամանակի ընկալումից զատ, մարդն ունի նաև բացառիկ ընդունակություն՝ ձևավորել ժամանակի նկատմամբ վերաբերմունք, ինչը հոգեբանության մեջ անվանվում է ժամանակի հեռանկար։ Պայմանականորեն առանձնացվում է երեք ժամանակային հեռանկար՝ անցյալի, ներկայի և ապագայի։ Ընդ որում, սա ընդհանուր օրինաչափություն չէ, յուրաքանչյուրն ունի իր կյանքին հատուկ ժամանակային հեռանկարները։ Շատ կարևոր է սա հաշվի առնել, քանի որ երբեմն մարդկանց միջև կոնֆլիկտների պատճառն այն է, որ նրանք գործում են՝ ելնելով տարբեր ժամանակային հեռանկարներից։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մարդը մնացել է այս կամ այն ժամանակային հեռանկարում, օրինակ՝ անցյալի տրավմայի մեջ։ Եվ իհարկե, դա ազդում է նրա վրա, թե ինչպես է նա գործում ներկայում և վերաբերվում ապագային։ Սա կարող է լինել ոչ միայն անհատի, այլև հասարակության կամ ազգի մակարդակում։

Դիտեք նաև՝

Search