Play Video
Ճամփորդություն և լուսանկարչություն | Նանե Խաչատրյան

Պատկերը բարդ նշանային համակարգ է: Ճամփորդությունների համատեքստում հատկապես կարևոր է այն փաստը, որ պատկերն ունի արժևորման կշիռ: Հին ժամանակներում, երբ ճանապարհորդները ոտքով կամ կենդանիների օգնությամբ էին տեղաշարժվում, ինչ-որ պատկեր տեսնելիս` լիներ դա բնապատկեր, թե ճարտարապետական հուշարձան, նրանք պետք է կանգնեին և որոշակի ժամանակ տրամադրեին թղթին փոխանցելու համար: Այսինքն` եթե նայելը մեխանիկական գործողություն է, իսկ տեսնելը` ընտրություն, ապա պատկերելն արդեն արժևորում է, մեր վերաբերմունքն ու գնահատականը տվյալ տեսարանին:

Ճանապարհորդության և լուսանկարչության կապը ուսումնասիրել է Ջոն Ուրին` 1990 թվականին առաջ քաշելով զբոսաշրջային կամ տուրիստային հայացքի (tourist gaze) տեսությունը: Ուսումնասիրության հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ ճամփորդությունը գերազանցապես տեսողական պրակտիկա է: Վերջին տարիներին տուրիզմում շատ կարևորվում է փորձառությունների վրա հիմնված ճամփորդությունը, երբ զբոսաշրջիկին այնպիսի փորձառություններ են հրամցնում, որ նա կարողանա նաև մյուս զգայարանները ներգրավել: Բայց ի վերջո ցանկացած փորձառություն էլ վերածվում է պատկերի, որպեսզի զբոսաշրջիկը ապացույց կամ հուշ ունենա իր կյանքում դրա տեղի ունենալու մասին:

Ջոն Ուրիի «Զբոսաշրջային հայացք» գրքի մեջ կարևոր տեղ է գրավում հերմենևտիկ շրջանի հասկացությունը, ինչը նշանակում է, որ մեր աշխարհն արդեն իսկ պատկերի է վերածվել և այնքան է մաշվել պարբերաբար արված բազմաթիվ պատկերներով, որ այժմ այն ամենը, ինչ մենք տեսնում և լուսանկարում ենք, նախապայմանավորված է մեզնից առաջ արված պատկերներով: Օրինակ` եթե գնանք Փարիզ, անպայման կփորձենք Էյֆելյան աշտարակը լուսանկարել այն դիրքից, որը մենք տեսել ենք բացիկներում, ամսագրերում, կայքերում և այլն: Կփորձենք նույն լույսը գտնել, նույն կոմպոզիցիան ստանալ` որպես վերահաստատում, որ մենք իրականում այդտեղ եղել ենք: Դա տեղի է ունենում նաև Հայաստանում: Եթե հետևենք զբոսաշրջային հայացքի հերմենեևտիկ շրջանին, կտեսնենք, թե ինչպես է ձևավորվել Հայաստանի բրենդը: Զարմանալիորեն, Հայաստանի բրենդի մինչ օրս վերարտադրվող գլխավոր պատկերներից մեկը` Արարատ լեռը, այդպիսին է դարձել ոչ թե երկրի բնակիչների, այլ օտարերկրյա ճանապարհորդների միջոցով:

Դիտեք նաև՝

Search