«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Ինչո՞ւ՝ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Տաթև Չախեանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։ Այս դեպքում կտեսնեք դա հենց վերնագրից ու առաջին տողերից։
MIGRANTS’ POINT
Եվրոպա –
Որպեսզի իրար ճիշտ հասկանանք՝
ես սովորեցի մի քանիսը քո լեզուներից,
իսկ դու անգամ չջանացիր ճիշտ արտասանել ազգանունս։
Մեր առաջին հանդիպմանը
երջանկությունից կրկչացի բարձրաձայն (իմ երկրի մարդկանց պես),
հետո գոռացի ցավից (սովորույթի ուժով),
իսկ դու զգուշացրիր, որ այստեղ 22:00-ից
ցանկացած ձայն աղմուկ է համարվում։
Եվրոպա –
դու զարմացրիր ինձ, ու ես ինձ զարմացրի՝
թե ոնց դարձա քեզնից էլ սպիտակ ու շիկահեր,
թե ինչ հաճույքով ձայնակցեցի ցույցերիդ՝
ընդդեմ նրանց, ում չէի ընտրել․․․
Կապույտ աչքերով, կապույտ արյունով, կարմիր անձնագրով
տղաներիդ գիշերներում ես քո երազը տեսա,
բայց առավոտներդ երբեք իմը չեղան, Եվրոպա․․․
Դու սիրեցիր ինձ, բայց կնության չառար․․․
Եվրոպա –
Դու ինձնից հազար ու մի գիշերվա հեքիաթներ ուզեցիր,
բայց հեքիաթային ոչինչ չեկավ մտքիս
պայթյուններով ու ճիչերով լի իմ մանկությանից։
Իմ ներսի բոլոր երեխեքը մեծացել են․․․
Իմ ներսի բոլոր զինվորները հոգնել են, Եվրոպա․․․
Իմ ներսի թափառականները կորել են անդարձ․․․
Եկել եմ գիրկդ, որ մի պահ ոչմիպիսին լինեմ, որ խաղաղվեմ․․․
Եվրոպա, սիրտս այս երևացող 56 կիլոյից էլ ավելի ծանր է,
Բայց թե սիրտդ սրտիս համար չի ցավում,
ուրեմն մարմինս էլ չտեսնելու դիր: