Սննդամթերքի անվտանգությունը հավաքական գիտություն է, որն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներ՝ բժշկություն, անասնաբուժություն, ֆիզիկա, մաթեմատիկա և այլ գիտություններ, և հանդիսանում է գործիքների հավաքակազմ, մեթոդների և ընթացակարգերի համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել արտադրությունը` դաշտից մինչև պատառաքաղ, որպեսզի ստեղծվի հուսալի ու անվտանգ սննդամթերք, որը չի առաջացնում քիմիական, ֆիզիկական և կենսաբանական վտանգ մարդու առողջության համար և չի սպառնում մարդու կյանքին:
Սննդամթերքի անվտանգությունը կարևոր է մի շարք պատճառներով`
1. Առողջապահական. շատ մանրէներ կարող են սննդի միջոցով անցնել մարդու օրգանիզմ և առաջացնել ախտաբանական երևույթներ:
2. Պարենային անվտանգություն, որի ապահովումն ուղղակի անհնար է առանց սննդի անվտանգության ապահովման:
3. Գլոբալիզացիայի պայմաններում, երբ սննդամթերքը շատ արագ տեղափոխվում է աշխարհի մի կետից մյուսը, շատ կարևոր է սննդի անվտանգության ապահովման մեխանիզմների ներդնումը:
4. Արտահանում. երկրի արտադրանքը լուրջ շուկաներ արտահանելու համար անհրաժեշտ են սննդամթերքի որակի հսկման մեխանիզմներ: