Play Video
Պատերազմից հետո միֆերի տապալումը՝ որպես հիմնական տապալվող միֆ | Վահե Ղուկասյան

Պատերազմից անմիջապես հետո հանրային տրամադրություններում սկսվեց նոր հենման սյուների որոնումը. հանրությանը պետք էր ինչ-որ բանի հենվել, որպեսզի հնարավոր լինի պահպանել ինքնությունը, հավասարակշռությունը: Բայց իրականում հիմքերն ու սյուները սասանված էին այնքան, որ առանձնապես շատ բան չկար, ինչից հնարավոր կլիներ կառչել ու առաջ շարժվել: Փոխարենը կար գիտակցություն, որ այս ամենը մեր սեփական սխալների հետևանք է: Սեփական սխալների գիտակցումը ու գիտակցման մասին խոսելը դարձան հենց այն փրփուրները, որոնցից հնարավոր կլիներ կառչել ու նայել առաջ: Հենց այստեղ էր, որ սկսեցին վեր հանվել անթիվ-անհամար միֆերն ու մոլորությունները`

  • Հակառակորդը հիմար է և ռեալ վտանգ չի ներկայացնում,
  • Հայաստանն ի վիճակի է խաղաղություն պարտադրել,
  • Հայկական բանակը ֆենոմենալ, անպարտելի, գերբնական կարողություններ ունի,
  • Ժողովուրդը չի հանդուրժի Արցախի կորուստը,
  • Ցանկացած իշխանություն, որը կզիջի Արցախը, այլևս չի կարողանա իշխել Հայաստանում, կոչնչացվի:

Այս բոլոր միֆերի գիտակցումը ու դրանց, իսկ ավելի ճիշտ է ասել՝ դրանք քանդելու շուրջ դիսկուրսները կարևոր էին միֆերից ազատվելու տեսանկյունից: Ընդհանրապես, այս առումով շատ կարևոր շարժեր եղան հայկական հանրային դիսկուրսում: Եթե տասնամյակներ շարունակ Հայաստանում տաբուացված էր խաղաղության մասին խոսելը, թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերվելու միտքը, միլիտարիզմի ճանապարհը քննադատելը, ապա պատերազմից հետո, այո, շատ ծանր գնով, այդ տաբուները վերացան, հանրային դիսկուրսը դարձավ շատ ավելի բազմազան:

Սրան զուգահեռ, սակայն, արդեն արմատավորված ու կարծրացած միֆերի կազմաքանդումը բերեց մի այլ երևույթի՝ անտարբերության ու ապատիայի` ամենավատ իմաստով: Հասարակության մեջ տարածում ստացավ այն կարծիքը, որ մենք ինքներս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ և արժանի ենք նման արդյունքի: Շատ մեծ վտանգ կա, որ սա կարող է դառնալ արմատավորված միֆ:

Միֆերի կազմաքանդման և նոր վտանգավոր միֆերի առաջացման վտանգներն իր զեկույցում քննարկում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» խմբագիր Վահե Ղուկասյանը:

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search