Play Video
Մոդեռն պարը | Հասմիկ Թանգյան

Մոդեռն պարի ձևավորման մեջ կարևոր դեր է ունեցել բալետի հետ փոխհարաբերակցությունը: Պարային նոր դրսևորումները հիմնականում ուղղված էին բալետային շարժման մշակույթում ընդունված մոտեցումները փոխելուն: Մոդեռնիստ պարողների մեծ մասը չունեին բալետային ակադեմիական կրթություն և նույնիսկ մերժում էին այն` համարելով, որ նման կրթությունը ձևավորում է մարմնի որոշակի տեսակ և պարտավորեցնում շարժումը:

Մոդեռնիստ պարողները հրաժարվեցին կոշիկներից և հիմնականում նախընտրում էին ոտաբոբիկ լինել, հրաժարվեցին նաև շպարից ու բալետի շքեղ, ներկայացուցչական հագուստից` նախընտրելով ավելի պարզ, կենցաղային, մարմինը չընդգրկող հագուստ: Շարժումը, պարը, կատարողականությունը նրանք մաքսիմալ ձևով բերեցին դեպի բնական, առօրեական մարմին: Կանայք սկսեցին վերանայել կնոջ պարող մարմնի ստանդարտները, իսկ տղամարդիկ` ուսումնասիրել առնականությունն ու ուժի շարժումը` բալետից դուրս:

Մոդեռն պարն առաջ քաշեց «պարողի` անհատ ստեղծագործող լինելու» կոնցեպտը: Մերժելով տարածված կարծիքը, թե պարողներն ընդամենը կատարողներ են, մոդեռնիստները սկսեցին իրենց ուրույն ոճերն ու ուղղությունները ստեղծել` հիմնվելով անձնական պատմությունների, երբեմն` նաև ազգային մոտիվների վրա: Այլևս պարտադիր չէր բեմադրողի, ռեժիսորի ներկայությունը: Նախապես բեմադրված էմոցիաների փոխարեն անհատ պարողը կարող էր ինքն իր խնդիրներով ու հույզերով ներկա լինել բեմում:

Դիտեք նաև՝

Search