Play Video
Հայոց պատմութեան «փոփոխականութեան» մասին | Արա Սանճեան

Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին հոլանդացի պատմաբան Փիթեր Գեյլն ասել է` «Պատմությունը անվերջանալի բանավեճ է»: Այս արտահայտությունը տեղ է գտել նրա հոդվածներից մեկում, որտեղ նա ուսումնասիրում է, թե ֆրանսիացիների` 1810-1940-ականներին ապրած տարբեր սերունդներ ինչպես են գնահատել Նապոլեոն Բոնապարտին: Գեյլը հանգում է այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ դեպքի վերջնական ու անփոփոխ պատմությունը գրել` հիմնավորելով, որ պատմաբանները միշտ գտնվում են իրենց ժամանակի ազդեցության տակ, և երբ այդ տրամադրությունները, իրավիճակը, գաղափարախոսական ուղղությունները փոխվում են, փոխվում են նաև պատմությունը ընկալելու ձևերը: Ուստի պատմաբանները միշտ պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, քննադատական մոտեցում ցուցաբերեն նույնիսկ իրենց աշխատանքների նկատմամբ և ընթերցողին զգուշացնեն նման իրադրության մասին:

Միևնույն ժամանակ, պատմության անավարտությունը ու փոփոխականությունը չի նշանակում, թե պատմության վերաբերյալ ցանկացած կարծիք գիտական է: Այս առումով պատմությունը կարելի է համեմատել բժշկության հետ: Հայտնի փաստ է, որ դարերի ընթացքում բուժման մեթոդներն անընդհատ փոխվել են, բայց բժշկության նպատակը միշտ նույնն է եղել` առողջացնել հիվանդներին ու հնարավորինս երկարացնել մարդու կյանքը: Միշտ նույնն է մնում նաև ազնիվ պատմաբանի նպատակը` գտնել մեթոդաբանություն, որի միջոցով հնարավոր կլինի լավագույնս վերականգնել և հասկանալ անցյալը:

Հայոց պատմությունը, լինելով համաշխարհային պատմության մաս, նույնպես ներառում է փոփոխականությունը իբրև զարգացման կարևոր բաղադրիչ: Եվ այդ փոփոխականությունը, ինչպես համաշխարհային պատմության այլ բնագավառներում, ունի իր պատճառները: Վերջիվերջո ցանկացած պատմագիտական շարադրանք առկա փաստերի և դրանց մեկնաբանության միահյուսում է: Փաստերը կարող են նորանալ, այսինքն` ժամանակի ընթացքում կարող են գտնվել նոր նյութեր, որոնք հասու չէին ժամանակի պատմաբաններին: Փաստերը նաև կարող են լինել նորահայտ, այսինքն` ինչ-ինչ պատճառներով պատմաբանները որոշ փաստերի շատ ուշ են սկսել ուշադրություն դարձնել իրենց մասնագիտական ուսումնասիրությունների մեջ: Իսկ ավելի կարևոր փոփոխությունները տեղի են ունենում մեկնաբանությունների մեջ: Օրինակ` մեթոդաբանության փոփոխությունը, որն առաջին հերթին արդյունք է գաղափարախոսությունների (ներառյալ` կրոնական) փոփոխության: Բացի այդ, պատմությանը հարակից գիտություններում մեթոդաբանական նորամուծությունները հաճախ որդեգրվում են նաև պատմաբանների կողմից: Իսկ վերջին 150-200 տարվա ընթացքում պատմագիտությունն ավելի բազմազան է, քանի որ պատմագրական աշխատանքի մեջ ընդգրկված են տարբեր փոքրամասնություններ (ներառյալ` կանայք), որոնք նոր դիտանկյուններ ու մոտեցումներ են բերել:

Դիտեք նաև՝

Search