Հայ կինոյում առկա իրավիճակը կարելի է մի քանի պատճառներով պայմանավորել` ավելի օբյեկտիվ ֆինանսական ու կրթական խնդիրներով, ինչպես նաև «լավ» արվեստի մասին սուբյեկտիվ ընկալումներով:
Կինոն Հայաստանում հաճախ փորձում է նմանակել ռուսական կամ հոլիվուդյան ֆիլմերին, որոնք ոչ մի աղերս չունեն հայկական իրականության հետ: Հենց այդ պատճառով հասարակության կողմից շատ սիրվեցին «Մեր Բակը» կամ «Մեծ պատմություն փոքր քաղաքումը». դրանք արտացոլում էին իսկական երևանյանը` գուցե և ոչ այդքան հաճելի շքամուտքերով, վերելակներով կամ երթուղայիններով:
Մերօրյա ֆիլմերում ռեժիսորներն անդրադառնում են տարբեր կարևոր սոցիալական խնդիրների, բայց հաճախ վախենում են ավելի շատ պատկերել անդերգրաունդային ժամանցը, կամ էլ, ընդհակառակը, պահպանողական կենցաղը: Այդ ամենը հանդիսատեսը չի տեսնում ոչ գրոտեսկի, ոչ էլ նատուրալիզմի տեսքով: Բայց իրականում ժամանակակից կինոն անսահմանափակ հնարավորություններ է տալիս ժանրային հետաքրքիր լուծումներ գտնելու, սովորական պատմություններին նոր դիտանկյունից նայելու համար: Պետք է ուղղակի ընկղմվել պատմության մեջ, ավելի խորը փորել, բացահայտել նույն սոցիալական խնդիրների իրական պատճառները և ոչ թե ընկնել ֆասադի հետևից: Հետաքրքիրը, էսթետիկը, տարբերվողը պետք է ինքնըստինքյան ծնվի և չպարտադրվի ֆիլմին: