Play Video

2021 թվականին նշվում է Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը: Զարմանալիորեն, ավերիչ պատերազմից անմիջապես հետո` 1946 թվականին, 15 հանրապետություններից ամենափոքր երկրում հիմնադրվեց աստղադիտարան, որտեղ կենտրոնական դեր ստացավ տիեզերքի անկայուն երևույթների ուսումնասիրությունը, ինչը նորամուծություն էր ժամանակի աստղագիտության մեջ: 1947 թվականին շատ կարևոր հայտնագործություն արվեց. Վիկտոր Համբարձումյանը գիտություն ներմուծեց աստղասփյուռների հասկացությունը: Տերմինն էլ ստեղծվեց հայերենում և այնուհետև թարգմանվեց այլ լեզուներով: Արդեն 1950-ականների կեսերին Բյուրականի աստղադիտարանն ամբողջ աշխարհում ճանաչված և մեծ հեղինակություն վայելող կառույց էր:

Աստղադիտարանի հաջողություններն առաջին հերթին կապված են հենց Վիկտոր Համբարձումյանի անձի հետ, ով շատ ճկուն ու նորարար մարդ էր` հատկապես խորհրդային գիտության համատեքստում, որտեղ մոտեցումները համեմատաբար կարծրացած էին և, շատ դեպքերում, քաղաքականացված: Լայն տարածում է գտել այն վարկածը, որ Խորհրդային միության փլուզումից կամ Վիկտոր Համբարձումյանի մահվանից հետո միայն սկսեց աստղադիտարանը նահանջել: Սակայն բոլոր տվյալները վկայում են նրա մասին, որ խորհրդային գիտությունը 1970-ականների սկզբից արդեն անկում էր ապրում: Խորհրդային միությունը պատշաճ կերպով չընկալեց նոր թվային տեխնոլոգիաների ներդրումն ու չկարողանալով հարմարվել նոր իրողությանը` հետ մնաց զարգացման հիմնական միտումներից: Դրանից հատկապես տուժեց աստղագիտության ոլորտը, քանի որ տիեզերքի ուսումնասիրությունը հաճախ ուղեկցվում է շատ բարդ տեխնիկայի օգտագործմամբ:

2000-ականներին Բյուրականի աստղադիտարանը կրկին սկսեց վերելք ապրել: 2015 թվականից ի վեր աստղադիտարանը աստղագիտական տարածաշրջանային կենտրոն է: Բյուրականն այժմ առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետական համալիրով, կրթական բազմապիսի ծրագրերով, տիեզերական օբյեկտների հայտնագործություններով և գիտական տուրիզմի համար տեսարժան վայր լինելով: Աստղադիտարանն ունի մի շարք գիտահետազոտական բաժիններ` բարձր էներգիաների աստղաֆիզիկայի, տեսական աստղաֆիզիկայի, աստղագիտական շրջահայությունների, երիտասարդ աստղային օբյեկտների, ակտիվ գալակտիկաների և այլ բաժինններ, ինչպես նաև պատմամշակութային աստղագիտության բաժին, որտեղ ուսումնասիրվում են աղերսները հնագիտության և մշակույթի հետ:

Դիտեք նաև՝

Search