Թուրքական մշակութային դաշտը ձևավորվել է Միջին Ասիայից բերված թյուրքական սովորույթների, Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականության արդյունքում այս պետության մաս դարձած հայերի, հույների, բուլղարների և այլ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների հետ փոխառնչությունների, իսլամի հսկայական ազեցության, ինչպես նաև արևմտյան արժեքների կրկնօրինակման և տեղայնմացման արդյունքում։
Գրականության մեջ կամ կինոյում Թուրքիայում մեյնսրիմ են դառնում այն ուղղությունները, որոնք հովանավորվում են կառավարության կողմից։ Այսպիսով, կախված նրանից, թե կառավարությունն ինչ շեշտադրում է ցանկանում տեսնել մշակութային դաշտում, կինոն, գրականությունը և թատրոնը այդպիսի արձագանք են տալիս։ Անկախ նրանից, թե այդ մշակութային ուղղությունը դիտարկվում է կրոնական թե էթնիկ կողմից, Թուրքիայում մշակութային ինքնությունը մեծապես ձևավորվում է մենք-նրանք երկվության վրա, որտեղ նրանք՝ օտարները, թուրքահպատակ ոչ մուսուլմաններն են։
Թուրքական գրականության մեջ հետաքրքրական միտում կա, երբ բարձր գրականության և ցածրորակ գրականության հպման կետում ձևավորվում է միջին կարգի հետաքրքիր գրականություն, որն անդրադառնում է ոչ միայն առօրեական թեմաներին, այլև վեր է հանում բավական կնճռոտ թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներ։ Զարմանալի չէ, որ թուրքական գրականության, արվեստի ամենակարևոր գործիչները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, դուրս են մնում դպրոցական ծրագրից, և ներառվում են նրանք, ովքեր ունեն հստակ ազգայնամոլական, իսլամական դիրքորոշում։ Ժամանակակից Թուրքիայում առկա է մշակութային բազմաշերտ իրականություն, որտեղ թե՛ իսլամադավները, թե՛ արևմտամետները դեռևս կարողանում են գտնել իրենց հարմար ֆիլմեր, գրքեր, երաժշտություն։ Սակայն, իսլամական արժեքների վրա հիմնված մշակութային երևույթները գնալով ավելի ու ավելի լայն տարածում են ստանում՝ երկրորդ պլան մղելով աշխարհիկ արժեքների վրա հիմնված միտումները, ինչը շարժում է թուրքական առաջադեմ մտավորականների և միջազգային հանրության անհանգստությունը։