Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։ Քվանտային ֆիզիկայի ակունքները գալիս են 12-13-րդ դարերից, երբ արաբական գիտնականների կողմից առաջ է քաշվում լույսի մասնիկային տեսությունը, որտեղ ենթադրվում է, որ լույսն իրենից լուսային մասնիկների հոսք է ենթադրում։ 400 տարի անց Նյուտոնն իր «Օպտիկա» աշխատության մեջ առաջ է քաշում լույսի մասնիկային տեսությունը, ինչն այն ժամանակ շատ հետաքրքիր, բայց հեղափոխական գաղափար էր։
19-րդ դարի վերջում գերմանացի հանճարեղ ֆիզիկոս Մաքս Պլանկը առաջ է քաշում այն գաղափարը, որ սև մարմնի ճառագայթման պարագայում ճառագայթումն իրականանում է ոչ թե անընդհատ կերպով, այլ փուլերի՝ քվանտերի միջոցով։ Քվանտային ֆիզիկան ծնվում է 1900 թվականին, և պետք էր տեսություն, որը քվանտային ֆիզիկայի այդ գաղափարները օգտագործելով բացատրեր այդ փորձարարական արդյունքները։ Այդպիսի փորձ լուսաէֆեկտի կամ ֆոտոէֆեկտի ուսումնասիրությունն էր, որը պայմանավորված էր մետաղների էլեկտրոնների արտանետումը արտաքին էլեկտրամագնիսական ալիքների ազդեցության տակ, ինչն առաջինը հայտնաբերել էր Հենրիխ Հերցը։
Ատոմային ֆիզիկայի օրինաչափությունները բացատրելուց հետո գիտնականները սկսում են ուսումնասիրել պինդ մարմինների կառուցվածքը։ Պարզվում է, որ առանց քվանտային տեսության խորքային բացատրություն պինդ մարմինների կառուցվածքի մասին հնարավոր չէ ներկայացնել։ Այս ամենի արդյունքում գիտնականները պարզեցին, որ կան հաղորդիչներ, կիսահաղորդիչներ և մեկուսիչներ։