Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1990 թվականից ի վեր ունի 16 երկրամաս։ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն ունի երեք հիմնասյուներ։ Առաջին հիմնասյունն իր մեջ ընդգրկում է եվրոպական ինտեգրացիան, խաղաղության և անվտանգության քաղաքականությունը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Երկրորդ հենասյունը Գերմանիան որպես տնտեսական հզոր երկիր ներկայացնելու ուղղությունն է, իսկ երրորդը՝ Գերմանիայի կրթական և մշակութային քաղաքականությունը։
Գերմանիան խաղաղության և անվտանգությանն ուղղված քաղաքականությունը վարում է բազմակողմանի համատեքստով՝ միջազգային կազմակերպությունների և միավորումների հետ համատեղ։ Այս ֆորմատում Գերմանիան գնահատելի ավանդ ունի միջազգային անվտանգային և խաղաղաշինական գործընթացներում, որն էլ ամրագրված է որպես երկրի արտաքին քաղաքականության հիմնական կողմնորոշիչ։