Նախապատերազմյան շրջանում «կանանց հզորացում» ասելով հասկանում էինք կանանց՝ նվազագույնը իրենց կյանքի համար ստրատեգիական որոշումներ կայացնելու, ինչպես նաև չորոշելու իրավունքը։ Սակայն, պատերազմից հետո իրադրությունը շեշտակիորեն փոխվեց․ կանայք հայտնվեցին մի հանրային դաշտում, որտեղ, նույնպես, անհրաժեշտ էր ճկունություն և հզորություն ցուցաբերել՝ մտածելով երեխաների, ծերերի, ընտանիքի ապահովության, կողքինների վիշտը կիսելու, ինչպես նաև եկամուտ ստեղծելու մասին։
Հոգեբանության մեջ արհավիրքների հաղթահարումը նույնպես փուլերի է բաժանվում, ինչը նաև ժամանակի խնդիր է։ Պատերազմի երևույթն իր ծավալներով և խորությամբ խորապես հասկացված և գիտակցված չէ հասարակության մեջ, ինչն արտահայտվում է կյանքի տարբեր բնագավառներում։ Շատ հաճախ բացասական ապրումներից մարդ սկսում է անընդհատ սխալ որոշումներ կայացնել․ այս վիճակում մարդիկ անընդունակ են առանց օգնության ռացիոնալ որոշում կայացնել և կանգնել։