Համարվում է, որ 1757 թվականից Հնդկաստանում սկսեց իշխել Բրիտանական արևելահնդկական ընկերությունը։ Բրիտանացիները Հնդկաստան էին եկել՝ հիմնականում հետապնդելով եկամուտ ստանալու նպատակը։ Քանի որ եվրոպացիները ունեին ժամանակակից զենքեր, նրանց համար հեշտ էր կարևոր դեր խաղալ Հնդկաստանում, որի տեղական թագավորությունները միշտ պայքարի մեջ էին միմյանց հետ ու հետաքրքրված էին անգլիացիների նման ուժեղ դաշնակից ունենալու մեջ։
Բրիտանական արևելահնդկական ընկերության իշխանության հաստատումից հետո Հնդկաստանում բրիտանացիների թիվը քիչ էր, և նրանք իրենց իշխանությունը պահպանում էին հենց հնդիկների միջոցով՝ զինելով նրանց ու զորք կազմելով նրանցից։ Այսպես, Հնդկաստանի բյուջեի 30 տոկոսը ծախսվում էր զորքի վրա՝ բրիտանացիների իշխանությունը պահպանելու համար։
Բրիտանացիները կրթություն էին տալիս հնդիկներին՝ հետագայում նրանց աշխատուժն օգտագործելու նպատակով։ Անգլիական կրթություն ստանալու արդյունքում հնդիկ մտավորականները և քաղաքական գործիչները սկսեցին ավելի մոտիկից ծանոթանալ արևմտյան գրականության, քաղաքական համակարգների հետ, և նրանց մոտ առաջացավ ազատագրական պայքարի կարիքը։ Ի վերջո իրավիճակն այնքան բարդացավ, որ 1857 թվականին ամբողջ Հնդկաստանով մեկ բացահայտ անհնազանդության գործողություններ սկսվեցին, և հենց սա են հնդիկները համարում անկախության համար առաջին պայքարը։
Հնդկաստանի ներկայիս իշխանությունը ձևավորվել է այսօրվա վարչապետ Նարենդրա Մոդիի առաջնորդությամբ․ նա իշխանության եկավ 2014 թվականին և իշխանություն կազմեց իր կոալիցիոն գործընկերների հետ։ 2019 թվականին նա վերընտրվեց՝ ստանալով ավելի մեծ մանդատ, քան նախկինում։
Ներկա պահին Հնդկաստանում գոյություն ունի ութ ազգային և 52 նահանգային կուսակցություն։ Երկրում կա նաև ավելի քան 2500 կուսակցություն, որոնք փոքր են, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի համարում նրանց ազգային կամ նահանգային կուսակցություններ։