Play Video
[Գլոկալ] Ֆրանսիա. տնտեսություն | Վահագն Խաչատրյան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան և Իտալիան կանգնած էին լիարժեք սոցիալիստական երկրներ դառնալու շեմին։ Իտալիայում հարցը լուծեց ԱՄՆ-ը՝ իտալական մաֆիայի միջոցով մեծ ճնշումներ գործադրելով ընտրողների վրա, այնինչ երբ Ֆրանսիայում 1946 թվականին կոալիցիոն կառավարություն ձևավորվեց, որտեղ ներկայացված էին կոմունիստները։ Սակայն Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ը մեծ ազդեցություն ունեցավ նաև Ֆրանսիայի կյանքում՝ «Մարշալի ծրագրով»․ ֆրանսիացիները 4 միլիարդ դոլար ստացան այդ ծրագրի շրջանակում, որը, սակայն, ենթադրում էր համապատասխան պայմաններ։ Այսպես, պատահական չէր, որ 1949 թվականին կոմունիստներն ուղղակի դուրս մնացին իշխանությունից։ 

Շուկայական տնտեսություն ունեցող երկրների ցանկում Ֆրանսիան այսօր հայտնի է որպես ամենասոցիալիստական երկրներից մեկը․ այս ոլորտում հսկայական է պետական մասնակցությունը՝ տարբեր գնահատականներով այն հասնում է 53-56 տոկոսի։ 

Բացի դրանից, այսօր եվրոպական երկրներից հենց Ֆրանսիայում են սահմանված ամենաբարձր հարկերը՝ 67%, որից 0,7%-ը շահութահարկն է, 51%-ը՝ աշխատանքի հարկը, 10,4%-ը՝ այլ հարկեր։ Նման պայմաններում ներդրողները դժվարությամբ են թողնում իրենց գումարները Ֆրանսիայում՝ որպես հարկատու գրանցվելով այլ երկրներում։ Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի բյուջետային ծախսերի 32%-ը ուղղվում է սոցիալական ծախսերի։ 

Ֆրանսիան «ծերացող» երկիր է․ կյանքի միջին տևողությունը 82 տարեկան է, բավական բարձր է գործազրկության մակարդակը՝ 9-10%, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը 15-24% է։ Այս պայմաններում պետության վարած քաղաքականությունը հատկապես կենսաթոշակային ոլորտում հնարավորություն չի տալիս պետությանն ազատ գործունեություն ծավալել աշխատաշուկայում․ քաղաքացիները 62 տարեկանից անցնում են կենսաթոշակի։

Ֆրանսիան հայտնի է զբոսաշրջությամբ․ 2019 թվականին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գնահատվում էր 89 միլիոն՝ ավելին, քան երկրի բնակչությունը (մոտ 67 միլիոն)։ Տնտեսության մեջ զբոսաշրջության ազդեցությունն ու դերը  շատ մեծ են եղել նաև 2018 թվականին՝ Ֆրանսիա է այցելել 89,4 միլիոն մարդ, և զբոսաշրջությունից ստացված գումարը կազմել է համախառն ներքին արդյունքի 8 տոկոսը (մոտ 74 միլիարդ դոլար)։ 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետևանքով Ֆրանսիայում, ինչպես և բազմաթիվ այլ երկրներում, զբոսաշրջություն չկար․ մի ամբողջ բնագավառ հարվածի տակ հայտնվեց, ինչը և դարձավ Ֆրանսիայի տնտեսական անկման հիմնական պատճառը։ 

Դիտեք նաև՝

Search