Էկլեկտիկ մշակութային ճկունությունը իրանական ինքնության կարևոր բնութագրիչներից է և պատմական երկարակեցության բանալին: Իրանն՝ իր պատմական, աշխարհագրական, մշակութային կառուցվածքաբանությամբ, վիթխարի քաղաքակրթական համակեցության երկիր է: Եթե սահմանենք Իրանի մշակույթը, ապա կտեսնենք, որ այն նախաիսլամական և իսլամական նորմերի սինթեզ է, որի արդյունքում նյութական և ոչ նյութական, հոգևոր արժեքները ստանում են մի ամբողջություն:
Հետհեղափոխական Իրանի արտաքին քաղաքականության մշակութային ռազմավարության հայեցակարգն իր սկիզբն է առնում դեռևս 1998թ., երբ Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կստեղծի միջմշակութային և քաղաքակրթությունների միջև երկխոսության հռչակագիր: 2000թ. Նյու-Յորքում տեղի ունեցավ կլոր սեղան, որի մասնակիցներ էին քաղաքական և մշակութային գործիչներ: Քննարկումից հետո ՄԱԿ-ը 2001թ. հայտարարեց միջմշակութային և քաղաքակրթությունների երկխոսության տարի:
Իսլամական հեղափոխությունից հետո մեծ վերափոխումների ենթարկվեցին հասարակությունը, սոցիալական մթնոլորտը, գրականությունը, արվեստը և, առհասարակ, ողջ մշակույթը: Գրականության մեջ առաջ եկան նոր ժանրեր, որոնցից էր Իրանի իսլամական հեղափոխության գրականությունը, որի կենսահիմքը շիա իսլամի գաղափարական հիմնահարցերը՝ նահատակությունը, պայքարը և այլն, իսկ 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմն ամրապնդեց այս թեմաները գրականության մեջ: Հեղափոխական և պատերազմյան ուղությունների կողքին մեծ զարգացում ապրեց մոդեռնիստական և պոստմոդեռնիստական գրականությունը: Նախքան հեղափոխությունը գործած և որոշակի համբավ ձեռքբերած գրողների սերունդը սկսեց անդրադառնալ մարդու իրավունքների, մտքի և գրչի ազատության թեմաներին: Սահմանափակ կենսոլորտում բազմաթիվ գրողներ, չդիմանալով գրաքննությանը, լքեցին երկիրը, և ձևավորվեց արտագաղթի գրականությունը: Իրանական մշակույթը երկատված է. հենց երկրի տարածքում գործող մշակույթից բացի գոյություն ունի նաև իրանական սփյուռքի մշակույթը: Վիրտուալ տիրույթում ի հայտ են գալիս հաղորդակցման նոր ձևեր՝ սահմանափակված և ոչ սահմանափակված գրականության, անհատների, գրողների և ընթերցասերների միջև: Մշակույթի մյուս ճյուղերի՝ իրանական ժամանակակից արվեստի, փոփ երաժշտության ներկայացուցիչները ևս լքեցին Իրանը, սակայն, մշակութային, ստեղծագործական ընթացքը գրեթե առանց ընդհատման շարունակվեց Իրանից դուրս:
Հեղափոխությունից հետո, երբ սահմանափակվեց խոսքի ազատությունը և գրողների դերը, իրանական կինոն կարծես գրավեց գրականության դերակատարումը: Իրանական ազգային կինոկենտրոնին զուգահեռ զարգանում է իրանական հեղինակային կինոն, որի իմացաբանական նպատակն է պոետիկ, արթ-հաուսային կինոյի լեզվով ստեղծել Իրանի ծիսականացված պատկերը՝ միահյուսելով միֆի, լեգենդի, հեքիաթի, պոեզիայի տարրերով: 1970-ականներից հետո կինոասպարեզ մուտք գործեցին կինոյի մեծ վարպետներ, որոնք Իրանը միջազգային ասպարեզում դարձրեցին կինեմատոգրաֆիական հասցե ունեցող երկիր: