1989թ․ ՄԱԿ-ն ընդունեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որի 19-րդ հոդվածն անդամ պետություններին պատրավորեցնում էր վերջ տալ երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերին։ ԱՀԿ Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման խորհուրդը 1989թ․ տվեց հետևյալ սահմանումը․ «Երեխաների հանդեպ բռնությունը նշանակում է երեխայի առողջության, կյանքի, զարգացման, ինքնության իրական կամ պոտենցիալ վտանգմանը հասցնող ֆիզիկական և կամ էմոցիոնալ դաժանության, սեռական բնույթի գործողություններ կամ անտեսման արարքներ՝ օգտվելով կարգավիճակից կամ պաշտոնից բխող լիազորություններից և չարաշահելով երեխայի վստահությունը»։ Առանձնացվում են երեխայի հանդեպ բռնության չորս տեսակ՝ ֆիզիկական, հոգեբանական, անտեսման և սեռական բռնություն, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ։ Այսօր շատ է խոսվում դեռահասների միջև բռնության՝ բուլինգի, և վերջին տարիներին՝ կիբերբուլինգի մասին։
Տարբեր հասարակություններում երեխաների հանդեպ բռնության դեպքերը տարբեր ընկալումներ ունեն․ առայսօր կան հասարակություններ, որտեղ աղջիկների վաղ ամուսնությունը նորմ է համարվում, թեև հասարակությունների մեծ մասում դա խիստ քննադատելի արարք է։ 19-րդ դարի Անգլիայում և ԱՄՆ-ում երեխաները շահագործվում էին ծանր աշխատանքներում՝ վաղ հասակում մահանալով սովից, ջրազրկումից, հիվանդություններից։ Երեխաների վաղ ամուսնությունն ու մանկական աշխատանքն ընդունված էր նաև հայ հասարակությունում․ Հ․ Թումանյանի Մարոն ու Գիքորը հորինված կերպարներ չէին և արտացոլում էին հայկական իրողությունը։
Երեխաների հանդեպ բռնության պատճառներից մեկն այն է, որ երկար ժամանակ նրանք իրավունքի սուբյեկտ չեն համարվել․ ընդունված է եղել կարծել, որ երեխան ծնողի սեփականությունն է, և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը ծնողի իրավունքն է և դաստիարակության անբաժանելի մաս։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում կենդանիներն ավելի վաղ են պաշտպանված բռնությունից, քան երեխաները։ 19-րդ դարի երկրորդ կեսից երեխաների հանդեպ բռնության խնդիրը բարձրաձայնվեց ոչ միայն ներընտանեկան, այլև պետական և հասարակական մակարդակներում։ 1874թ․ Նյու-Յորքում հիմնադրվեց Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի կանխարգելման միությունը՝ առաջինն իր տեսակում ողջ աշխարհում։ Հետագա տարիներին սկսեցին ձևավորվել երեխաների պաշտպանության իրավական մեխանիզմները, որոնք մինչ օրս էլ կատարելագործվում են։
Բռնության երևույթները մեծապես կապված են տվյալ հասարակությունում ընդունված սոցիալական նորմերի հետ։ Որոշ հասարակություններում կարևորվում է տղաների դերը, իսկ աղջիկներին մեծ նշանակություն չի տրվում։ Կան երկրներ, որտեղ ֆիզիկական պատիժը համարվում է դաստիարակության մաս և ընդունելի միջոց։ Հասարակություններ կան, որոնք պաշտպանում են վաղ ամուսնություններն ու աղջիկների սեռական օրգանների խեղման պրակտիկաները։ Սակայն, այս ընկալումներն այլևս ընդունելի չեն և համահունչ չեն մարդու իրավունքների առկա ընկալումների հետ։ Պետությունները փորձում են իրավական մեխանիզմներով և կրթական ծրագրերով վերջ դնել այդպիսի սովորույթներին, սակայն բախվում են հետադիմական ուժերի դիմադրությանը։
Երեխաների հանդեպ բռնության դեպքերում մեծ նշանակություն ունեն ներընտանեկան կոնֆլիկտները, սերունդների միջև արժեքային բախումները, ծնողների՝ երեխա ժամանակ բռնության ենթարկված լինելը, ալկոհոլի և թմրանյութի չարաշահումը։ Հայաստանում երեխաների հանդեպ բռնության տարածվածության մասին հստակ տվյալներ չկան, սակայն փաստվում է, որ այդ երևույթները կան և արձագանքման կարիք ունեն։
2015-16թթ․ հետազոտությունների համաձայն, Հայաստանում 1-14 տարեկան ամեն երրորդ երեխան ենթարկվել է բռնության՝ ավելի շատ հոգեբանական, և որոշ չափով՝ ֆիզիկական։ Բռնության դեպքերը հաճախ արձանագրել չի լինում, քանի որ դրանք հիմնականում պատահում են ընտանիքներում, դպրոցներում և փակ հաստատություններում։ Վիճակագրության համաձայն, բռնությունն ավելի հաճախ արձանագրվում է սոցիալապես խոցելի ընտանիքներում, թեև հնարավոր չէ պատկերացնել թե սոցիալապես ապահով ընտանիքներում որքան շատ են նման դեպքերը։
Երեխաների հանդեպ բռնության տեսակներն են՝
- Ֆիզիկական բռնությունը երեխային ֆիզիկական ցավ պատճառելու նպատակով իրականացված ցանկացած գործողությունն է՝ պարզ կապտուկներից մինչև մաահացու վնասվածքներ։
- Ֆիզիկական պատիժներն ընդունված են որպես դաստիարակչական մեթոդ։
- Հոգեբանական կամ հուզական բռնությունը՝ վիրավորանք, վարկաբեկում, աահաբեկում, ծաղր, պտակավորում, որը հաճախ ուղորդվում է բռնության այլ տեսակներով։ Կարևոր է նաև, որ երեխան կարող է հոգեբանական բռնության ենթարկվել անգամ, երբ այն իրեն ուղղված չէ։
- Անտեսում, որը միշտ չէ ընկալվում, որպես բռնություն։ Անտեսումը կարող է դրսևորվել երեխայի հանդեպ խնամքի պակասով և երեխայի կարիքների հանդեպ անուշադրությամբ։
- Սեռական բռնություն՝ երեխային սեռական անհանգստություն պատճառելը չափահասի կամ այլ երեխաների կողմից և շահագործում՝ մարմնավաճառություն, պորնոգրաֆիկ նյութերում ներգրավում և այլն։
- Բուլինգ՝ հասակակիցների կողմից ծաղրը, բռնությունը, տարբերվելու հատկանիշով բռնությունը, և կիբերբուլինգը՝ առցանց հայհոյանքը, ահաբեկումը, նկարների տարածումը և այլն։