Խեղաթյուրված պատմության դասագիրքը՝ որպես քաղաքական գործիք. դասագիրք, թե՞…Վահրամ Թոքմաջյան

Խեղաթյուրված պատմության դասագիրքը՝ որպես քաղաքական գործիք. դասագիրք, թե՞…Վահրամ Թոքմաջյան

Հայոց պատմության ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչի հայեցակարգը սկսվում է հետևյալ մտքով. «Հայոց պատմության ուսումնասիրությունը ավագ դպրոցում պայմանավորված է սովորողներին հետագա կրթության կամ աշխատանքային գործունեության նախապատրաստելու, հարափոփոխ արդի դարաշրջանում հասարակության մեջ ազգային և հայրենասիրության ոգով նրանց դաստիարակելու անհրաժեշտությամբ»: Քանի աբսուրդ մեկ մտքում: Նախ` չափորոշիչը կոչված է պետական-հանրակրթական, այլ ոչ թե ազգային-շովինիստական, երկրորդ` հասարակությունը չի ենթադրում միայն հայություն, ուստի չի կարող լինել ազգային և հայրենասիրական: Այս վերջին կատեգորիային դեռ առանձնին կանդրադառնանք:

Չծանրանալով որոշ տաֆտալոգիկ հասկացությունների վրա, որոնք առկա են հայեցակարգում, միայն փաստենք մի քանի հանգամանք. հեղինակն ակնհայտորեն շփոթում է ազգ և պետություն հասկացությունները, հղում անում չեղած կատեգորիայի՝ ազգային գաղափարախոսության, որը չունի սահմանում, իսկ մեր միջավայրում ավելին՝ չունի հիմնավորված դրույթներ, ինչպես նաև կանխորոշում է այս չափորոշիչից բխող գրքի բովանդակությունը, այն է ՝ ամրապնդել սովորողի հարգանքը հայրենիքի և այլնի հանդեպ: Այսինքն՝ պետք է գրվի այնպես, որ կարդացողը միայն հպարտության զգացողություն ունենա՝ առանց քննելու և ուսումնասիրելու: Հարկ եղած դեպքում` նաև կեղծվի: Այստեղ չենք խնդրի սահմանել նաև, թե ինչ է ասել հայրենիք: Արդյո՞ք դա հողն ու ծաղիկն են, թե՞ քաղաքացին է, որը կրողն է տեսակի և հասարակության: Ու այս մոտեցման սահմանափակությունը, որ չի ենթադրում երբևէ ստեղծագործ և հետազոտական ընդգրկում, տարվում է դասագիրք:

Անդրադառնանք դասագրքերում առկա մի քանի ծեծված հերոսների, որոնք, չափորոշչային լեզվով ասած, արդի հարափոփոխ դարաշրջանում պետք է դառնան էտալոն կամ գիտակցական շեմի տեսակ սովորողի համար: Բայց արի ու տես… ինչքա˜ն հեռու ենք իրականությունից: Սկսենք Վարդան Մամիկոնյանից: Կասենք` չարչրկված է, բայց… Այս հերոսին դնելով մեր պատմության հիմքում և նրան վերագրելով հայոց պատմության չապացուցված իրողություններից մեկը՝ սրբազան պատերազմը, սովորողի մեջ ակամայից ներարկում ենք այն գիծը, որ հարկ եղած դեպքում դու պետք գոռաս` հանուն Աստծու, և մեռնես: Այսնինք՝ ի սկզբանե կանխորոշում ենք մեռնող քաղաքացի: Ավելին՝ անգամ եթե հակառակորդը բազմապատիկ է (իրականությունը չենք քննարկում, քննարկում ենք պաշտոնական վարկածը), հարկ չկա դիվանագիտություն բանեցնելու, դու պարզապես մահացիր: Այդպես լավ է: «Մահ չիմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»: Կներեք բարբառաբանության համար, բայց կարծում եմ՝ չարժե «կուտ» տալ սովորողին, թե իմանալով մահացիր, մեկ է հավերժ ապրելու ես: Պատանին հասկանում է, որ եթե ֆիզիկապես գոյություն չունեցավ, ինքն էլ չի ապրում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

8 Մեկնաբանություն

  1. Արթուր Ավանեսով

    Փայլուն խոսք է: Ախր ամեն բնագավառում է այդպես, ոչ միայն պատմագրության մեջ…

  2. Աշոտ Խալաթյան

    Վահրամ նենց լավ կլինի որ քեզ պես մի պատմաբան հայոց պատմության հակիրճ օնլայն վիդոօներ սարքի: Դպրոցում պատմություն չեմ սովորել, բաց հիմա եմ հասկանում ինչ մեծ սխալ եմ գործել….

  3. Աշոտ Խալաթյան

    Վահրամ ջան նենց լավ կլինի, որ հայոց պատմության հակիրճ օնլայն դասեր տա քեզ պես մտածող մի մարդ: Դա շատ մեծ օգնություն կլինի սփյուռքում ապրող հայությանը հայոց պատմություն իմանալու համար: 

  4. Անուշ Աճեմյան

    Ես կցանկանայի խեղաթյուրումների դեմ պայքարող հարգելի պրն. Թոքմաջյանի ուշադրությունը հրավիրել որոշ փաստերի վրա: Առաջին՝ “հաբեշստանցի ստրուկ Հանիբալի թոռ Պուշկինը”՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, մեծն ռուս պոետը, հոր կողմից անզվական ծագում ուներ, իսկ մայրը Պետրոս առաջինի ծառա և աշակերտ, հետագայում զինվորական ճարտարագետ ու գեներալ դարձած Հանիբալի թոռնուհին էր: Պուշկինին նսեմացնելը և առավել ևս՝ նրա աֆրիկական ծագումը բացասական ու ստորացուցիչ երանգավորմամբ շեշտելը և նրան  պարզապես “հաբեշստանցի ստրուկ Հանիբալի թոռ Պուշկին” պիտակելը չեմ կարծում, որ պատիվ բերի որևէ մեկին: Երկրորդը, փորձեմ բացատրել, թե ինչու որևէ տեղ չի շեշտվում անձամբ Պուշկինին հաճախ վերագրվող ու համատեքստից դուրս թյուր մեկնաբանվող հետևյալ տխրահռչակ տողերը՝ “«Поди ты прочь — ты мне не сын,
    Ты не чеченец — ты старуха,
    Ты трус, ты раб, ты армянин!”  Տվյալ բառերը ոչ թե Պուշկինի անձնական վերաբերմունքն են արտահայտում հայերի նկատմամբ, այլ բնորոշում են նրա գրական պերսոնաժին, մի մահմեդական լեռնեցու, ում համար միայնակ ու անզեն, նաև վիրավոր ճամփորդին սպանելն ու թալանելը սովորական ապրուստի միջոց էր, ում համար գյավուր-հայ սպանելը դժվարույթյուն չէր ներկայացնում ու խղճի խայթի առիթ չէր կարող հանդիսանալ: Հենց այս գործի համատեքստում Պուշկինը հակադրում է քրիստոնյա հայի, պառավ կնոջ կերպարները, ովքեր սրտացավ էին, բարի, ազնիվ, հասնող, մահմեդականի կերպարին, ով ստոր էր, նենգ, արյունարբու ու վայրագ: Սա իսկ վկայում է այն մասին, որ Պուշկինը չէր կարող տվյալ համատեքստում կամ անձամբ բացասական վերաբերմունք սերմանել հայերի նկատմամբ: Ես չեմ ուզում այստեղ ռուս գրականության դասեր տալ ու դրա փոխարեն պարզապես կթողնեմ մի քանի հղում ձեր համար, որպեսզի թարմացնեք ձեր հիշողությունն ու գիտելիքները ու ինքներդ ակամա թյուրիմացություններ չտարածեք: Խնդրեմ, հետևյալ աղբյուրներից կարող եք բավականին առատ տեղեկություններ քաղել Պուշկինի ծագման մասին, ինչպես նաև բնագրային պատճաշ համատեքստում ընթերցել ձեր կողմից այդքան պատրաստակամորեն մեջբերվող տողերը: Հուսով եմ՝ կվայելեք ընթերցումը: 

    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%83%D1%88%D0%BA%D0%B8%D0%BD,_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80_%D0%A1%D0%B5%D1%80%D0%B3%D0%B5%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87#.D0.9F.D1.80.D0.BE.D0.B8.D1.81.D1.85.D0.BE.D0.B6.D0.B4.D0.B5.D0.BD.D0.B8.D0.B5

    http://rvb.ru/pushkin/01text/02poems/01poems/0792.htm

    1. Անուշ

      մասնագիտորեն և պատմականորեն վերահաստատում եմ Անուշի կարծիքը,ավելի շուտ նրա հավաստի ինֆորմացիան

    2. Անուշ

      մասնագիտորեն և պատմականորեն վերահաստատում եմ Անուշի կարծիքը,ավելի շուտ նրա հավաստի ինֆորմացիան,նաև կարող եմ ասել,որ պետք է ավելի լուրջ վերաբերվել աղբյուրներին

  5. Վահագն Դալլաքյան

    Նախ ասեմ, որ պատմաբան չեմ, և հետևաբար` միգուցե սխալվեմ մասնագիտական հարցերում: Բայց վաղուց կայուն համոզմունք ունեմ, որ մեր պատմագրությունն ու հատկապես` պատմության դասավանդումը հիվանդ են մի դեպքում` եկեղեցու, մեկ այլ դեպքում` սովետական սուբյեկտիվ ազդեցությամբ, իսկ ընդհանուր առմամբ` դիլետանտությամբ, մակերեսայնությամբ, դոգմատիզմով, ձախողումների պատճառները ներսում փնտրելու մոտեցման բացակայությամբ: Այդ առումով ուրախ եմ, որ այս թեման հանրային քննարկման առարկա է դարձվում: Բայց մի քանի նկատառում ունեմ ինչպես այդ բանավեճի մասին ընդհանրապես, այնպես էլ կոնկրետ այս զրույցի մասին.
    1. Տպավորություն կար, որ հարգարժան հեղինակի անձնական հակառուսական կողմնորոշումները խանգարում են օբյեկտիվ դատելուն` ընդհուպ մինչև Պուշկինի ստեղծած հերոսի խոսքերը Պուշկինին վերագրելու ոչ էական, բայց բնորոշ օրինակը,
    2. Միանշանակ համաձայն եմ հեղինակի հետ, որ աբսուրդային է այն մոտեցումը, որ «պատմության դասագիրքը պետք է այնպես գրված լինի, որ սովորողն այն կարդալով ունենա հպարտության զգացում»: Բայց նաև կարծում եմ, որ պատմության դասավանդումը պետք է ոչ միայն գիտելիքի փոխանցման նպատակ ունենա, այլև նաև այդ գիտելիքն ուղղորդի որոշակի դրական գործունեության, այն է` հասկանալ ինչպես պատմական հաջողությունների, այնպես էլ ձախողումների պատճառները, գործնական կյանքում հաշվի առնել դրանք և աշխատել սեփական ժողովրդի և հայրենիքի ընդհանուր մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
    3. Ասել, թե հայրենիքը միայն քաղաքացին է, իսկ հողն ու ջուրն առանց նրա ոչինչ է, տրամաբանորեն հանգեցնում է այն մտքին, որ հայրենիք իրականում չկա. կա միայն մարդ: Որովհետև եթե միակ արժեքը քաղաքացին է, ապա այդ նույն քաղաքացին նույն, կամ ավելի մեծ հաջողությամբ կարող է ապրել նաև Մոսկվայում, Ամստերդամում կամ Լոս Անջելեսում: Էդ դեպքում, եթե միակ արժեքը մարդն է, ու՞մ է պետք մնալ և ապրել այսպիսի անհանգիստ և վտանգավոր տարածաշրջանում: Այնպես որ, կարծում եմ, հեղինակի այդպիսի մոտեցումն իր խորքում արտագաղթի կոչ է և ըստ այդմ` վտանգավոր:
    4. Կրկին համաձայն եմ, որ հայոց պատմության վերաբերյալ որոշ կարծրացած պատկերացումներ, ինչպիսին, օրինակ, Վարդան Մամիկոնյանի հերոսացումն ու սրբացումը և Վասակ Սյունուն դավաճան ներկայացնելն է, շատ կասկածելի են: Համաձայն եմ նաև, որ մեր պատմագրությունն ու պատմության դասավանդումը լրջագույն վերանայման կարիք ունեն: Բայց դրան պետք է պատրաստ լինել: Նախ, պետք է ունենալ բավարար քանակի և որակի մասնագետներ և մասնագիտական հիմնարկներ, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմով կարող են գլուխ բերել այդ գործը, քանի որ պատմագրությունը դարերի համար է: Հակառակ դեպքում կարելի է նույն կիսասիրողական մակարդակով ընկնել մյուս ծայրահեղության գիրկը: Երկրորդ, հասարակությունը պետք է պատրաստ լինի ընդունել, որ մի շարք արժեքներ, որոնց վրա նա հենվել է դարեր շարունակ, իրականում ուռճացված են: Այսօր մեր հասարակությունը դրան պատրաստ չէ, և այդպիսի ինֆորմացիան նրան կուղղի ոչ թե արժեքներն ու դիրքորոշումները վերանայելուն, այլ է’լ ավելի կգցի հիասթափության, սեփական երկրից զզվելու, «երկիրը երկիր չի» «գաղափարախոսության» գիրկը: Իսկ որպեսզի հասարակությունը դրան պատրաստ լինի, նախ նրան պետք է մատուցել, որ կան բազմաթիվ այլ ազգային արժեքներ, որոնք շատ քիչ են գնահատվել կամ չեն գնահատվել: Հասարակությունը պետք է ընկալի, իրենը դարձնի իրական, ճշմարիտ արժեքները, որից հետո միայն կասկածելի արժեքները քննադատելն արդեն այդքան վտանգավոր չի լինի:

    Ամեն դեպքում, կրկնեմ իմ կարծիքը, որ անկախ վիճելի դրույթներից, այս թեմայով բանավեճ սկսելն արդեն իսկ ողջունելի է: 

  6. Անահիտ Դավիթավյան

    Պարոն Թոքմաջյան շատ մեծ շնորհակալություն այս նյութի համար,իսկապես ձեր խոսքերը ամենամեծ ճշմարտություններ են:Ես ինքս ցանկություն ունեմ պատմության ուսուցչուհի դառնալու ու այսպիսի դասագրքերի յուրացումը ասենք միասնականի համար երևի թե անհնարին է բառիս բուն իմաստով:Շատ ճիշտ եք ասում գնա մեռի հերոս դարձի:Կարդալով դասագիրքը իմ մեջ հայրենասիրության ոչ մի զգացում չի առաջանում որոշ մարդիկ մեզ ստիպում են անգիր անել իրենց գրածը և դու դառնում ես ծրագրավորված մի ռոբոտ այդ ամենը զուբրիտ անելու համար: Պատմությունը կյանքի ուսուցիչ է,ոչ թե պաշտոնական այդպիսի շարադրանքները:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *