Վահե Արսեն. Սենյակում

Սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է,
սենյակները երբեք ավարտուն չեն,
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…
հրամցնում…

բանալով փակվող դուռն է երջանկությունը
ավարտվում է իշխանությունը սենյակների…
ավարտվում է իշխանությունը…
ավարտվում է…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում աթոռատեղիի մասին…

մենք շարժվեցինք դեպի լիճը վաղորդյան
ցասումը մեր հագեցնելու համար
շնչառությունը ուրվական է արարում
շնչառությունը մեր հատում է մարմինները դիմահար
մենք մրսում ենք…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում…

ծանոթ տեղանքները նահանջում են,
դիմափոխվում, և փողոցն առօրյա դառնում է օտար
դառնում է նույն ուրվականը փախչող
նահանջող…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և…

ուրվականը ձևափոխվեց լքված կամուրջի
կանաչով ծաղկած լքված շինության
բառը դուրս է գալիս իր ափերից դառնում
շնչառություն
ուրվական
շարժում

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից…

սառույցը մեր հիվանդությունն է
խրոնիկ-անբուժելի
դողերոցք ամառվա կեսօրին
քամուն սովոր քարակամար
քամին նույն ուրվականն է ծանակող
դաժան
անորոշ

ժողովուրդը վազում էր…
և օրերի մեջ հասնում աթոռատեղիին…

սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է…
սենյակները երբեք ավարտուն չեն…
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…

Դիտեք նաև՝

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Իմ վերջին մեծ սերը «գրառող» է և գրողի մասին կարծիք կազմելիս չսխալվելու համար նայում է մյուսների աչքունքին։ Իր բոլոր կոլեգաների պես նա սիրում է մեծ...

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Գիշերը պատռվում է և ծնում մի նոր ու հին Արև, Արևը՝ կորսված արահետներ, որ մանկական կոշիկ են ինձ համար, հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա, կամ էլ իրական...

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

ցորտ ա ծըմըռը եկալ ա տանս առաջը սիպտակ ա մազերս սիպտակ ա մաջս սիպ-սիպտակ ա սիպտակ պատեն յիրա մին սիպտակ ըլըբաստրակ թիվանգը յոր անիմ քինիմ յիրա անիմ սիպտակ ծներին...