Ավանդականությունը Արևմուտք-Արևելք հակադրության մեջ | Վարուժան Գեղամյան

Ժամանակակից աշխարհում անընդհատ խոսվում է Արևմուտք-Արևելք հակասությունների մասին: Այս դիխոտոմիան կարելի է հանդիպել լրահոսում, այն հաճախ է կիրառվում քաղաքագիտության մեջ, ինչի հետևանքով թափանցել է հանրության բոլոր շերտեր և ոլորտներ: Այս երկու համակարգերի միջև տարբերությունները հիմնականում կապվում են Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: Արևմուտքը հաճախ որակվում է օրինակելի և դրական, իսկ Արևելքը՝ հետամնաց, երբեմն զարգացմանը ձգտող հանրություն, հաճախ՝ բացասական երանգով:
Արևմուտքի զարգացման երաշխիքն է համարվում մոտ մեկ հազարամյակ շարունակվող պատերազմների և հեղաշրջումների ներքո անցած զարգացումը, որն, ի վերջո, բերեց հասարակության մեջ ինդիվիդուալիզմի առաջացմանը: Անհատական շահով ուղղորդվող արևմտյան մարդու համար անհրաժեշտ էին նոր տեսակի իրավական, տնտեսական, գիտական, կրթական համակարգեր, որոնք պիտի հիմնված լինեին ռացիոնալիստական սկզբունքների վրա: Ի տարբերություն այս մոդելին, Արևելքում փոփոխությունները, որպես կանոն, պարտադրված էին կա՛մ տեղական վերնախավերի, կա՛մ արևմտյան գաղութարարների կողմից:
Երկրորդ աշխարհամարտից հետո արևելյան երկրներում չհաջողվեցին այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեին դրանք Արևմուտքին: Որոշ դեպքերում ստեղծվեցին ժողովրդավարական ինստիտուտներ, սակայն «մակերևույթից ներքև» աշխատում էին պատմական Արևելքին բնորոշ սոցիալական հարաբերությունները: Այս հանգամանքով էր պայմանավորված այսպես կոչված «ավանդույթի իշխանության» պարտադրված կիրառումը: Հասարակական ինստիտուտների և հասարակության ներքին սոցիալ-մշակութային կապերի միջև հակասություններից խուսափելու համար արևելյան կառավարությունները որդեգրեցին ավանդական կառավարման որոշ ձևեր: Այս մեխանիզմները հիմնված էին պատմական միֆի ստեղծման, կառավարման հիերարխիկ մոդելի օգտագործման, էթնիկական նոր ինքնությունների ստեղծման և այլն: Հատկապես կարևոր մեխանիզմ է ուժեղ, խարիզմատիկ առաջնորդի ինստիտուտի առկայությունը: Այդպիսի առաջնորդի խարիզման հաճախ լինում է հատուկ «կառուցված», մշակված, որպեսզի համապատասխանի Արևելքին հատուկ կառավարման ավանդական ձևերին: Հզոր առաջնորդի հետ է կապված դոմինանտ իդեոլոգիայի առկայությունը և հասարակական սոլիդարիզացիան:
Խարիզմատիկ առաջնորդի կերպարի կառուցման համար օգտագործվող հնարքները կարելի է բաժանել երեք պայմանական մասի՝ վերբալ, վիզուալ և խաղարկային դրսևորումներով: Խարիզմատիկ առաջնորդի վերջին կարևոր հատկանիշը ժառանգորդի առկայությունն է: Ժառանգորդն ընդունում է առաջնորդի հատկանիշներից որոշները՝ ստանալով դոմինանտ իդեոլոգիային տիրապետելու հնարավորությունները:
Խարզիմատիկ առաջնորդությունը առկա է գրեթե բոլոր հասարակություններում, սակայն եթե Արևելքում խարիզմատիկ առաջնորդը գտնվում է իշխանական դիսկուրսի կենտրոնում, ապա Արևմուտքում նա հաճախ հայտնվում է պերիֆերիայում՝ ծայրամասում:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Ֆիլհարմոնիկ #2. Հայկ Տեր-Հովհաննիսյան

Ֆիլհարմոնիկ #2. Հայկ Տեր-Հովհաննիսյան

Ալտի և ջութակի առանձնահատկությունների, իր անցած երաժշտական ճանապարհի, Հայաստանի համար ֆիլհարմոնիկի ունեցած նշանակության և այլ թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...