Տիգրան Պասկևիչյան. Հինգ րոպեանոց օպերա

Տիգրան Պասկևիչյան. Հինգ րոպեանոց օպերա

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
ես կվերցնեմ ածելին
և գուցե սափրվեմ անգիր՝
ձեռքով շոշափելով մաշկս:

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
Գերման Ավագյանին կզանգեմ,
որ լուսանկարի ինձ՝
կրկնելով 1987-ի հանդարտությունս,
չէ, սուտ ասեցի, 87-ին Գերմանն ինձ չգիտեր:

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
կջրեմ մեր տան սենյակային բույսերը, 
մի բան, որ չեմ արել երբեք,
անգամ կնոջս դուր գալու համար:

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
կջրեմ նաև ծանոթ-անծանոթների պարտքերը, 
և թույլ կտամ, որ երեխաները նայեն
երկնքում դիզած իմ գանձերին:

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
կհիշեմ ծնողներիս,
բայց չեմ ասի, որ ընդամենը հինգ րոպե անց…
պետք չէ խռովել նրանց քունը
մահկանացուական անմիտ իվենթով:

Ահեղ դատաստանից հինգ րոպե առաջ
կներեմ նրանց, ում մեղքն առանձնին
և որոնց մեղքերը միասին վերցված
հնարավոր է ներել բոլոր դեպքերում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *