Թեմա 17. Փիլիսոփայության լեզվաբանական շրջադարձը. Վիտգենշտայն. Աշոտ Ոսկանյան

Թեմա 17. Փիլիսոփայության լեզվաբանական շրջադարձը. Վիտգենշտայն. Աշոտ Ոսկանյան

Լյուդվիհ Վիդգենշտայնը (1889-1951թթ.) անալիտիկ փիլիսոփայության ներկայացուցիչ է: Նրա մտերիմ ընկեր և ուսուցիչ Բերտրան Ռասելը Վիտգենշտայնի մասին ասել է. «Վիտգենշտայնն իմ կյանքի ամենացնցող ինտելեկտուալ արկածն էր: Նրան հատուկ էին կրակը, թափանցումն ու ինտելեկտուալ մաքրությունը, որ ամենաարտակարգ աստիճանի էին հասնում: Շատ շուտով նա գիտեր այն ամենը, ինչ ես կարող էի սովորեցնել… ամեն առավոտ սկսում էր աշխատանքը հույսով լեցուն և ավարտում հուսահատության մեջ…»:

Վիտգենշտայնն իր ամենանշանավոր գործը՝ «Տրամաբանական փիլիսոփայական տրակտատը», գրել է գերության մեջ. մասնակցել է առաջին աշխարհամարտին՝ որպես Ավստրիայի հպատակ, ընկել է ռուսական գերության մեջ և հաջողացրել այդ ընթացքում գրել իր տրակտատը: Խնդրել է Ռասելին առաջաբան գրել, որովհետև եթե Ռասելը չհասկանա, թե ինչ է ասել ինքը, ապա ոչ ոչ չի հասկանա: Ռասելը գրել է առաջաբանը, որից հետո Վիտգենշտայնն ասել էր, որ Ռասելն էլ չի հասկացել, այնուամենայնիվ, այդ գիրքը միշտ հրատարակվել է Ռասելի առաջաբանով:

Այն ամենը, ինչ հնարավոր է ասել, հնարավոր է ասել պարզ: Ինչի մասին հնարավոր չի խոսել, այդ մասին պետք է լռել:

Աշխարհը փաստերի ամբողջություն է և ոչ թե իրերի:

Մահվան դեպքում աշխարհը չի փոխվում, այլ դադարում է:

Մահը կյանքի իրադարձություն չէ:

Ինչպես կա աշխարհը՝ բարձրյալի համար բոլորովին միևնույն է. Աստված չի դրսևորվում աշխարհում:

Միստիկականը այն չէ՝ ինչպես կա աշխարհը, այլ այն, որ այն կա:

Մի՛ հարցրեք նշանակության մասին, հարցրեք օգտագործման մասին: Ի՞նչ է սա նշանակում: Սուրբ Ավգուստինոսը իր ժամանակին դեռևս ասել է. «Ես շատ լավ գիտեմ, թե ինչ բան է ժամանակը, երբ ինձ չեն հարցնում՝ ինչ է ժամանակը, և ես չգիտեմ, թե ինչ բան է ժամանակը, երբ ինձ  հարցնում են՝ ինչ բան է ժամանակը»: Վիտգենշտայնն ասում է, երբ ձեզ որևէ մեկն ասի՝ ժամանակ չունեմ: Կհասկանա՞ք: Կհասկանա՛ք: Եթե որևէ մեկն ասի՝ այն ժամանակ, երբ այսինչ բանը տեղի ունեցավ… Կհասկանա՞ք: Կհասկանա՛ք: Հասկանում եք նաև, երբ հարցնում են՝ ժամւ քանի՞սն է, այսքան տարի հետ կամ այսքան տարի առաջ: Ամենայն ինչ, ինչ որ դուք լեզվում ասում եք ժամանակի մասին, ամեն ինչ հասկանում եք: Ե՞րբ է սկսվում չհասկանալը: Երբ դուք բութ հայացքով հարցնում եք՝ ինչ է ժամանակը: Այսինքն փոխանակ հարցնեք, թե ինչպես է օգտագործվում ժամանակ բառը, դուք  հարցնում եք՝ ինչ է ժամանակը: Այդ ժամանակ, ասում է Վիտգենշտայնը, լեզուն դադարում է աշխատելուց, մատնվում է անգործունեության: Այնինչ այդ հարցի պատասխանը կլիներ հետևյալը՝ ժամանակը այն բոլոր իմաստներն է, որոնք մենք նկատի ունենք, երբ օգտագործում ենք ժամանակ բառը այսինչ և այնինչ կոնտեքստում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Դավիթ

    Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Աշոտ Ոսկանյանին և իհարկե Բունի աշխատակազմին։ Էս շարքը շատ լավն էր, ոչ մի հաղորդում բաց չեմ թողել։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *