Կաթոլիկ եկեղեցին՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտ և դիմադրության իրավունքի հիմնախնդիրները… Հովհաննես Հովհաննիսյան | դիմադրության իրավունք

Կաթոլիկ եկեղեցին՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտ և դիմադրության իրավունքի հիմնախնդիրները… Հովհաննես Հովհաննիսյան | դիմադրության իրավունք

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրոնագիտության մեջ առաջացած տեսությունները հիմնականում վերաբերում էին կրոնի դերի թուլացմանը և աշխարհականացման միտումների ուժգնացմանը: Զուգահեռաբար հրապարակ են գալիս կրոնի մասնավորեցման կամ մասնավոր կրոնի տեսությունները, համաձայն որի կրոնը հանրային վայրերից դուրս է գալիս՝ իր տեղը զիջելով անհատական, մասնավոր պաշտամունքին: Ժողովրդավարեցման երրորդ ալիքը, որը տարածվեց Իսպանիայից մինչև Բրազիլիա, Լեհաստանից մինչև Հարավային Կորեա ու Ֆիլիպիններ, նորովի արժևորեց կրոնի դերը այդ գործընթացում:

Այս պայքարում կրոնական ինստիտուտները և մարդկանց կրոնական ինքնությունը էական դեր ունեցավ սոցիալական պայքարի գործում, իսկ շատ տեղերում կրոնական ինստիտուտների ներկայացուցիչներն առաջնորդեցին այդ պայքարը ավտորիտար ռեժիմների դեմ: Դրանք հիմնականում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներն էին, որոնք, հատկապես Վատիկանի II ժողովը բարենորոգչական նախաձեռնություններից հետո, արմատապես փոխել էր իր մոտեցումը սոցիալական շարժումների ու հակակառավարական ուժերի նկատմամբ և այդ պատճառով Սեմուել Հանթինգտոնն ու Խոսե Կազանովան պնդում էին, որ ժողովրդավարեցման երրորդ ալիքը հիմնականում կաթոլիկյան էր: Միևնույն ժամանակ վերջինս պնդում էր, որ իսլամի սկզբունքներն անահամատեղելի են ժողովրդավարության հետ:

Բրազիլիայում, Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին մշտապես աջակցում էր բռնատիրական ռեժիմներին, որի արդյունքում այն կորցրել էր իր հավատացյալների զգալի մասին, իսկ փոխարենը հիսունական եկեղեցիները սկսել էին աճել անասելի արագությամբ: Բնական մրցակցությունը կրոնների միջև ևս ստիպես կաթոլիկ եկեղեցուն վերանայել իր մոտեցումները: Դրան զուգահեռ Լատինական Ամերիկայում սկսեց մեծ թափ ստանալ ազագրման աստվածաբանությունը՝ ի դեմ Գուսատվո Գուտիերեզի, Լեոնարդո Բոֆի և այլոց: Կաթոլիկ եկեղեցու պահպանողական մեծամասնությունը, ի դեմս կարդինալ Ռացինգերի (հետագայում՝ Բենեդիկտոս XVI պապ) քննադատության էր ենթարկում ազատագրման աստվածաբանության կողմնակիցներին՝ մարքսիստական սոցիալական դասերի պայքարի գաղափարախոսությանը տուրք տալու մեջ: Միևնույն ժամանակ նրանք պնդում էին, որ ազատագրման աստվածաբանության կողմնակիցները փորձում են Քրիստոսի քարոզները համապատասխանեցնել աղքատ բնակչության առկա վիճակին՝ դրանով իսկ մանիպուլացիայի ենթարկելով չքավոր զանգվածին: Այդուհանդերձ ազատագրման աստվածաբանությունը մեծ դեր ունեցավ կաթլիկ եկեղեցու վրա՝ ստիպելով նրան վերանայելու նախկինում իր անսխալական համարող մոտեցումները և կարելի է ասել, որ կաթոլիկ եկեղեցու վերափոխման պահանջը առաջադրվեց որ թե վերևից, այլ ներքևից:

Վատիկանի երկրորդ տիեզերաժողովից հետո սա պատմական առաջին դեպքն էր, երբ կաթլիկ եկեղեցին ժողովրդավարեցման գործընթացում գործուն ու դրական դեր ունեցավ: Ժողովրդավարեցման նախորդ փորձերի ժամանակ կաթոլիկ եկեղեցին մշտապես աջակցում էր գործող ռեժիմներին կամ անտարբեր գտնվել այդ գործընթացների նկատմամբ: Եվ միայն լուրջ բարեփոխումների գործընթաց սկսելով, կաթոլիկ եկեղեցին և կաթոլիկյան համայնքները սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել ավտորիտար ռեժիմներից ազատվելու համար: Ավելորդ չէ նշել, որ կաթոլիկ եկեղեցին սկսեց իր վերափոխման գործընթացը, երբ ավտորիտար ռեժիմները սկսեցին ճնշման ենթարկել եկեղեցին և եկեղեցին ու եկեղեցական համայնքները իրենց վրա վերցրեցին կաթոլիկ եկեղեցուն դիմադարձ կանգնելու կարևոր առաքելությունը, իսկ շատ երկրներում հենց հոգևորականները դարձան պայքարի առաջամարտիկները:

Վատիկանի երկրորդ ժողովի արդյունքում կաթոլիկ եկեղեցին սկսեց մոդեռնիզացիայի գործընթաց (aggiornamento), որի արդյունքում մարդը և մարդու իրավունքները հռչակվեցին որպես կենտրոնական հարց կաթոլիկ եկեղեցու համար: Եկեղեցին դարձավ «ձայնազուրկների ձայնը», նպաստեց գրագիտության բարձրացմանը և օլիգարխիական եկեղեցուց անցում կատարեց դեպի ժողովրդական եկեղեցի: Կաթոլիկ եկեղեցին իր մեջ ուժ գտավ կտրվելու քաղաքական էլիտայից ու դառնալու ժողովրդական եկեղեցի և քաղաքացիական հասարակությանը նպաստող գործոն: Եկեղեցու մարդակենտրոն մոտեցումների վրա մեծ ազդեցություն ունեցան ամերիկյան աստվածաբան Ջոն Մյուրեյի հայացքները, որոնք պաշտպանություն գտան նաև կարդինալ Կարլ Վոյտիլայի (հետագայում Հովհաննես Պողոս II պապ) կողմից:

Մ. Վեբերի խոսքերով լավագույն եկեղեցին պետական եկեղեցին է, որը ազատություն է պահանջում որոշակի տարածքում, սակայն այն չի կարող քաղաքացիական հասարակության մաս կազմել, եթե չի դադարում դասականա իմաստով եկեղեցի լինելուց և ընդունում է, որ կրոնի և խղճի ազատությունը մարդու հիմնարար և անքակտելի իրավունքներն են: Այդ իմաստով կաթոլիկ եկեղեցին Լատինական Ամերիկայի շատ երկրներումդ ադարեց զուտ եկեղեցի լինելուց և սկսեց ակտիվորեն ներգրավվել սոցիալական խնդիրների լուծման մեջ: Դրա օրինաչափ արդյունքը հանդիսացավ կաթլիկյան սոցիալական դոկտրինայի ստեղծումը, որտեղ կաթոլիկ եկեղեցին ամրագրեց իր մոտեցումներն ու սկզբունքները սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ:

Այս գործընթացում կաթոլիկ եկեղեցին մեծ դեր ունեցավ նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, բայց ինքը այդպես էլ քաղաքացիական հասարակության մի օրգանը չդարձավ: Այնուհանդերձ, կաթլիկ եկեղեցու խաղացած դերը ուղղակի անգնահատելի էր Լատինական Ամերիկայի երկրների ժողովրդավարեցման գործընթացում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *