Էմոներ, գոթեր, սատանիստներ և քյառթուներ. Ենթամշակույթներ. Վահրամ Թոքմաջյան

Էմոներ, գոթեր, սատանիստներ և քյառթուներ. Ենթամշակույթներ. Վահրամ Թոքմաջյան

1998-2000թթ., երբ Հայաստանից հերթական արտագաղթի ալիքն էր, նաև փոքրի ներգաղթի ականատես եղանք: Այդ շրջանում համացանցը (որպես մասսայական մշակույթ տարածող գործոն) դեռ այդքան էլ մեծ տարածում չուներ և մշակութային փոխառնչակցությունների խնդիրը հայկական միջավայրում հիմնականում լուծվում էր դրսից եկողների միջոցով: Այս փուլում էր, որ դրսից եկածներն իրենց հետ բերեցին որոշ ենթամշակույթների հատկանիշներ: Դրանք Ռուսաստանում, հազվադեպ դեպքերում Եվրոպայում ապրած ընտանիքներ էին, որոնց երեխաներն ինչ-ինչ պատճառներով առնչվել և վերցրել էին որոշ հատկանիշներ տարբեր ենթամշակույթներից:

Հայաստանում, գոթական ենթամշակույթը համեմատաբար երիտասարդ ուղղություն է: Սույն հետազոտական աշխատանքների ժամանակ եղան դժվարություններ, որոնք բնորոշ են այս ենթամշակույթը ուսումնասիրողների համար: Նախ` խնդիրները կապված են դաշտային աշխատանքների հետ. գոթերը չեն սիրում խոսել իրենց մասին և առավել ևս լուսանկարվել: Մյուս կողմից, հայաստանյան գոթերի ենթամշակութային ընկալումների և արևմտյան գոթիկ ենթամշակույթի նկարագրում կան էական տարբերություններ: Հայաստանյան գոթերը հիմնականում 16-32 տարեկան դեռահասներ և երիտասարդներ են (մի դեպքում է զրուցակիցս եղել 49-ամյա կին): Գենդերային առումով, գերակշռող են իգական սեռի ներկայացուցիչները: Երևանում գոթերը, ինչպես ամբողջ աշխարհում, ունեն սիրելի վայր, որտեղ սիրում են անցկացնել իրենց ժամանակը փոքր խմբերով. դրանք գերեզմանոցներն են: Այստեղ նրանք սիրում են լսել ռոքի տարբեր ուղղություններ, սա կախված է այն բանից, թե գոթիկայի որ ուղղության հետևորդներ են խմբի անդամները, խմել գարեջուր, զրուցել տարատեսակ թեմաներից: Ոչ բոլորին է բնորոշ, բայց գոթերի մի որոշակի զանգված այս հավաքների ժամանակ սիրում է նաև օգտագործել հաշիշ: Բավականին դժվար է, երբեմն անհնար, մասնակցել այդ խմբերի հավաքներին, եթե դու «օտար» ես. առավել ևս, եթե խումբն ունենում է ագրեսիվ անդամներ: Ընդհանրապես գոթերն աշխատում են չզրկել իրենց տարատեսակ հաճույքներից, որոնք հիմնականում միտված են ֆիզիկական բավարարվածության, սակայն չեն ժխտում, ավելին` ընդունում են նաև հոգևոր և մտավոր հաճույքի տարատեսակները: Ֆիզիկական հաճույքների պարագայում գոթերի համար տարիքային ցենզ գոյություն չունի, ասել կուզե տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Այս մասին փաստեցին նաև զրուցակիցներիցս ոմանք (հաշվի առնելով նախնական համաձայնությունը` չեմ հրապարակում նրանց անունները, մասնագիտությունները և հիմնական զբաղմունքը):

Բացի գերեզմաններից, գոթերը երբեմն երեկույթներ են կազմակերպում «STOP» կոչվող ակումբում, ժամանակին սիրում էին հավաքվել նաև «Ջինսնոց» կոչվող վայրում: Կան խմբեր, որոնք իրենց ժամանցը կազմակերպում են Բուսաբանական այգում: Երիտասարդ կամ դեռահաս գոթերի զգալի մասը, հակասություններ ունի ոչ միայն հասարակական լայն խմբերի, այլ նաև սեփական ընտանիքի անդամների հետ: Նրանք հատկապես այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե կյանքի դժվարությունները ուժեղացնում են մարդուն, և պետք չէ խուսափել դրանցից: Գոթի չափորոշչային կերպարին բնորոշ է փակ լինելը, «անհատական հաճախակի դեպրեսիան», որոնց մասին ի դեպ նրանք չեն սիրում խոսել, ավելին, ժխտում են, մասնակի մելանխոլիան, միզանտոպրիան, էսթետիզմը, միստիցիզմը, կարծրատիպներից դուրս պահվածքը և ոչ ստանդարտ արտաքին տեսքը: Գոթերի մեծամասնության համար բնորոշ է նաև մահվան ֆետիշացումը: Գոթական ենթամշակույթի համատեքստում հաճախակի է կիրառվում «թանատոֆիլիա» տերմինը, որին նրանք տալիս են հետևյալ բացատրությունը. «Տերմինը պետք է բացատրել անհատի ձգտումով, համաձայն որի նա միտված է մահվան հետ կապված գործընթացները և երևույթները կիրառել գործնականում: Հենց սրա հետ է կապված գերեզմաններում նրանց հավաքույթները, և վամպիրային դերային խաղերը (ոչ այն է կենդանի, ոչ այն է ողջ)»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Pingback: Ենթարվեստ — Աստղ Estrella Կիրակոսյան

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *