ԵՏՄ-ից մինչև «Ապրիլյան պատերազմ»՝ դիսկուրսի անվտանգայնացում և ապանվտանգայնացում | Սոս Ավետիսյան

Ներածություն

2013 թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մեկ հայտարարությամբ Հայաստանը դադարեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ փոխելով վեկտորը դեպի Եվրասիական տիրույթ:  2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք էր մատակարարում հակառակորդ Ադրբեջանին, Հայաստանը դուրս չեկավ ո՛չ Եվրասիական տնտեսական միությունից, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից՝ չնայած հանրային լուրջ դժգոհությանը:

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վեր հանել հանրային կարծիքի վրա ազդող ռուսաստանյան և հայաստանյան քարոզչության մասշտաբները, դրանց տարածման ուղիները և փոխառանչությունները: Հետազոտությունն ուսումնասիրում է 2013 թվականին Հայաստանի՝ Մաքսային Միությանը (ապա՝ Եվրասիական տնտեսական միությանը) միանալու որոշմանը նախորդող և հաջորդող քարոզչական գործողությունները և Ապրիլյան պատերազմին անիմջապես հաջորդող իրադարձությունները:

Հետազոտությունը հիմնական նպատակն է աջակցելու հանրային վերահսկողության կարողությունների զարգացմանը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում: Հետազոտության գործառնական նպատակը հանրային իրազեկումն է և այլընտրանքային դիսկուրսին ստեղծումը, որը թույլ կտա արտաքին քաղաքականության որոշումների վրա հանրության կողմից ավելի ծանրակշիռ ազդեցություն ստեղծել: Նախկին Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության և անտվանգության հարցերը նախագահի լիազորությունների շրջանակներում էին (ՀՀ Սահմանադրություն 2015), իսկ նոր սահմանադրությամբ այս լիազորությունները կփոխանցվեն վարչապետին, բայց նաև կավելանան Ազգային ժողովի իրավասությունները այս ոլորտում: Ինստիտուցիոնալ տեսանկյունից սույն աշխատությունը  թույլ կտա որոշումների նկատմամբ հանրային վերահսկողության բարելավման նոր ուղիներ մշակել, այդ թվում՝ այլընտրանքային միջոցներ, որոնք կհակակշռեն լայնամասշտաբ պրոպագանդային: Այս առումով՝ հանրային վերահսկողության մեծացումը կարևորվում է հատկապես ոչ ժողովրդավարական երկրներում, քանի որ այն հանգեցնում է որոշումների կայացման գործընթացում թափանցիկության և հաշվետվողականության մեծացմանը՝ միաժամանակ խթանելով նաև ժողովրդավարական անցումը:

 

Եզրակացություն և քաղաքականության առաջարկներ


 

Հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը (հետագայում ԵՏՄ-ին) միանալու որոշումը անվտանգացվել է: Այս գործողություննը տեղի է ունեցել երկու մակարդակում. Ռուսաստանի պարագայում հիմնականում հանդես են եկել ֆունկցիոնալ գործիչները՝ փորձագետները, որոնց ստեղծած դիսկուրսը աստիճանաբար տեղափոխվել է Հայաստան՝ 2013-ի ամռանը Ռուսաստանից եկող ճնշումների ներքո: Այս պարագայում Ռուսաստանի անվտանգայնացնող գործիչները առնվազն դիսկուրսիվ մակարդակում բացակայում են, սակայն գործողությունների մակարդակով  առկա են եղել (Bourbeau 2014): Անվտանգացվող օբյեկտը Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն էր, որի ստորագրումը հավասարեցվում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության դեմ ուղղված քայլի: Թեև Հայաստանի ղեկավարությունը փորձում էր խուսանավել ճնշումներից «և՛, և՛» ռազմավարության միջոցով, ի վերջո տեղի տվեց, ինչից հետո Հայաստանի և Ռուսաստանի քարոզչությունները սկսեցին համընկնել: Հայաստանի մակարդակում անվտանգայնացումը ավելի հստակ է համապատասխանում Կոպենհագենի դպրոցի (1998) մոդելին: Անվտանգայնացնող գործիչները Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն են, ֆունկցիոնալ գործիչները՝ հայաստանյան փորձագետները և որոշ չափով լրագրողական համայնքը, անվտանգայնացման օբյեկտը՝ Լեռնային Ղարաբաղը (թեև դիսկուրսի մակարդակում հիմնականում խոսվում էր Հայաստանի անտվանգության մասին):

Ապրիլյան պատերազմի  պարագայում ռուս-հայկական հարաբերությունները բավականին լուրջ  քննադատության արժանացան հանրության կողմից: Նախնական շրջանում ռուսական և հայկական պաշտոնական դիսկուրսները էապես հակադրվում են: Նախագահ Վ. Պուտինը միայն հանդես է եկել կողմերին հանդարտեցնելու կոչերով, սակայն վարչապետ Դ. Մեդվեդևը և փոխվարչապետ Դ. Ռոգոզինը զենքի վաճառքի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարեցին, որ այն շարունակվելու է, ինչն էլ ավելի բորբոքեց հանրային կրքերը: Այս դեպքում ՀՀ իշխանությունները արտահայտեցին որոշակի դժգոհություն՝ անրադարձնելով հանրային զայրութը: Եթե նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավելի զգուշավոր էին արտահայտվում Ռուսաստանի դերի մասին, ապա ավելի ցածր օղակներում դժգոհությունն ավելի սուր էր արտահայտվում: Սակայն այս հակադրումը երկար չտևեց. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի այցին ընդառաջ՝ իրավիճակը արագորեն ապաանվտանգայնացվեց: Սա տեղի է ունենում թե՛ ռուսական փորձագիտական հանրության սփոփող հայտարարությունների, թե՛ հայ փորձագետների զգուշացնող թեզերի միջոցով: Իհարկե, այս պարագայում ամենակարևորը քաղաքական որոշումն էր Սերժ Սարգսյանի կողմից, որ Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունները պետք է հանդարտացվեն:

Հարցին անրադառնալով Բորբյույի և Վուարի (2015) «հանրային դիմադրողականության» տեսանկյունից՝ պարզ է դառնում, որ 2013 թվականին հանրային դիմադրողականությունը ավելի թույլ էր, քանի որ գործընթացի անվտանգայնացումը տեղի էր ունենում վերևից ներքև: Բացի այդ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հանրության համար նույն կարևորությունը չէր կարող ունենալ, ինչպիսին էր Հայաստանին անմիջապես սպառնացող վտանգը Ապրիլյան պատերազմի պարագայում: 2016 թվականին հանրային դիմադրողականությունը ոչ միայն պայմանավորված էր  իշխանությունների նկատմամբ լուրջ անվստահությունով (անկառու էին անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ լուրջ բացթողումները), այլև այն պատճառով, որ 2013 թվականին ԵՏՄ-ի անդամակցությունը հանրությանը ներկայացվել էր որպես անվտագություն  ապահովող գործողություն, իսկ սպասելիքները չէին արդարացվել: Հանրային դիմադրողականության վրա անհերքելիորեն ազդել են նաև քարոզչական թեզերը, որոնք հաղորդակցվել են ֆունկցոինալ գործիչների միջոցով: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Հայաստանը գնալով ավելի ավտորիտար երկիր է դառնում՝ քաղաքականության առաջարկները հիմնականում ուղղված են քաղաքացիական հասարակությանը և միջազգային կառույցներին, սակայն որոշ նկատառումներ կուղվեն նաև ՀՀ իշխանություններին:

 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն

  • Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումների ժամանակ հանրային վերահսկողության բարելավելու նպատակով հարցադրումները չպետք է միայն կոնսոլիդացվեն այս կամ այն ինտեգրացիոն ուղղության նպատակահարմարության շուրջ (շատ անգամ այս քննարկումները նաև ինտենսիվացվում են իշխանամետ լրատվամիջոցների կողմից), այլև հատկապես քաղաքական, սահամանադրական պատասխանատվության շուրջ: Թեև աշխարհքաղաքական դիսկուրսի առկայությունը ավելի քանի նորմալ է Հայաստանի պարագայում, սակայն այս հանգամանքը դիտավորյալ շահարկվում է՝ արտաքին քաղաքականության որոշման պատասխանատվությունը մղելով դրսից եկող  ճնշումներին:
  • Հանրային կածիքի ձևավորման տեսանկյունից փորձագիտական հանրությունը և լրագրողական համայնքը ունեն շատ կարևոր դերակատարություն: Նախ անհրաժեշտ է պարզորոշել փորձագիտական դաշտում առկա այն կառույցներին և գործիչներին, որոնք բավականին սերտ կապված են ՀՀ իշխանությունների հետ ու նաև ունեն որոշակի կապեր ռուսական և արմտյան փորձագիտական հանրույթների հետ: Այս կապերը թեպետ որոշ դեպքերում հստակ չեն, սակայն հետազոտող լրագրողական թիմի համար պետք է որ դժվար չլինի դրանք վեր հանելը: Հակառակ դեպքում այն փորձագետները, որոնք լեգիտիմացնում են իշխանության տեսակետները կամ ուղղակիորեն, կամ հղում անելով արտաքին ճնշումներին ստանում են եթերային ժամանակ և համացանցային լրատվամիջոցների ուշադրությունը: Միայն հստակ ցուցադրելով այս կապերը՝ (oրինակ՝ ինտերակտիվ դիագրամների միջոցով) հնարավոր կլինի քննարկել ստեղծվող դիսկուրսում նրանց դերն ու արտահայտած կարծիքները: Անհրաժեշտ է հանրայնացնել նաև այն փորձագետների կարծիքները, ովքեր արտահայտում են առնվազն օբյեկտիվ և անկողմնակալ տեսակետ:
  • Ռուսական փորձագիտական դիսկուրսը անհամեմատ ավելի շատ է արտացոլվում հայկական  լրատվությունում, քան արևմտյանը: Թեև սա ունի նաև օբյեկտիվ բացատրություն՝ ռուսական մամուլի նկատմամբ ավելի շատ ուշադրությունը և այնտեղի փորձագիտական համայքնի ավելի սերտ կապը հայաստանյան փորձագիտական համայնքի հետ, արևմուտքից հնչեցվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին գնահատակնները խլացվում են: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունը պետք է ապահովի նման տեսակետների փոխանցումը Հայաստանի հասարակությանը:
  • Հայաստանի մասին հիմնական տեղեկատվության ներկայացումը արտաքին աշխարհին մենաշնորհային իրավիճակում է՝ վերահսկվելով ՀՀ իշխանությունների կողմից: Այս պարագայում հարկավոր է ստեղծել ավելի շատ օտարալեզու կոնտենտ՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն և այլն, ինչը թույլ կտա ներգործել արտաքին խաղացողների կարծիքի ձևավորման վրա՝ հաղթահարելով մի քանի փորձագետների մենաշնորհը:
  • Հանրային դիմադրողականության շարունակական բարելավման համար էական է առանցքային դեպքերի վերաբերյալ փաստաթղթային, ելույթային, փորձագիտական կարծիքների արխիվացումն ու հանրայնացումը: Օրինակ՝ թեև Ապրիլյան պատերազմի ժամանակ հանրությունը կարողացավ կապել իրողությունը 2013 թվականի որոշման հետ, սակայն համակարգված հիշողությունը բացակայում էր:

Միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրամիությանը

  • ՀՀ-ի միջազգային պայմանագրերի և ներդրումային ծրագրերի վերաբերյալ հանրային լայն իրազեկում իրականացնել՝ հատկապես մարզերում: Բանակցությունների անհրաժեշտ գաղտնիության պահպանման հետ զուգահեռ քաղաքացիական հասարակության կառույցներին տեղեկացնել առնվազն առկա արդյունքների և հետագա քայլերի մասին:
  • Հայաստանի մասին փորձագիտական կարծիքի հարցման ընթացքում հնարավորինս փորձել գտնել նոր փորձագետների և խմբերի՝ այդպիսով խուսափելով կամ նվազեցնելով նույն փորձագիտական խմբերից կարծիքի քաղումը և նույն սխալները կրկնելու հավանականությունը:
  • Հետազոտական և մշտադիտարկման ծրագրերի ֆինանսավորման դեպքում համապարփակ կերպով ուսումնասիրել (due dilligence) դիմումատուներին և հնարավորինս ֆիլտրել այն փորձագիտական խմբերին, որոնք կապված են ՀՀ իշխանությունների հետ, որը կապահովի տվյալների իրական անկախությունը:

ՀՀ իշխանություններին  

  • Արտաքին քաղաքականության գերակայությունների շուրջ որոշումներ կայացնելուց առաջ փորձագիտական ու հանրային քնարկումներ կազմակերպել, ինչը կօգնի հաղթահարել լեգիտիմության խնդիրները, ինչպես նաև կմեծացնի կառավարման թափանցիկությունը, արդյունավետությունը՝ որոշման իրագործումը դարձնելով ավելի դյուրին:
  • Որոշումներից առաջ կազմակերպված հանրային քննարկումները նաև հնարավորություն կընձեռեն իշխանություններին անհրաժեշտության դեպքում հենվել հանրության աջակցության վրա և դիմակայել արտաքին ճնշումներին:
  • Համակարգել պետական գերատեսչությունների առանցքային դերակատարների աշխատանքները՝ վերջիններիս իրազեկելով քաղաքական խմորումների մասին, որպեսզի հետագայում հնարավորինս խուսափեն սեպտեմբերի 3-ի որոշմանը նախորդած իրարամերժ հայտարարություններից:

 

 

Կարդալ հետազոտությունն ամբողջությամբ՝  Policy Research Paper_SA

 

 

 

Դիտեք նաև՝

3․ Քաղաքացի-պետություն | Քաղհասարակություն

3․ Քաղաքացի-պետություն | Քաղհասարակություն

🔹Ինչպե՞ս ստեղծվեց «Road control» հավելվածը և ի՞նչ հեռանկարներ ունի։🔹Ի՞նչ դեր ունի քաղհասարակությունը պետության զարգացման հարցում։🔹Ինչո՞ւ է կարևոր...

Մեր թաղը #14 Երրորդ մաս | Սարգիս Հովսեփյան

Մեր թաղը #14 Երրորդ մաս | Սարգիս Հովսեփյան

Անկախացումից հետո հանրային տարածքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության, 3-րդ մասի առաջին շենքերի, «Միկա» մարզադաշտի հետ կապված հիշողությունների և իր հարազատ...

Կոֆե՞ Կենտրո՞ն #3. Արման Գրիգորյան | Նազելի Օհանյան

Կոֆե՞ Կենտրո՞ն #3. Արման Գրիգորյան | Նազելի Օհանյան

Հայաստանի անկախության գաղափարի, սոցիալական ցանցերում ակտիվության, դեմոկրատիայի և տոտալիտարիզմի պայքարի և այլ հարցերի շուրջ զրուցում են Նազելի Օհանյանը և...