Երազանքը չի կարող լինել իրատեսական. Հայկ Չոբանյան

Երազանքը չի կարող լինել իրատեսական. Հայկ Չոբանյան

Քաղաքակրթության զարգացման ժամանակաշրջանները տարբերվում են ոչ միայն իրենց տևողությամբ, այլև ընթացքի արագությամբ: Դարաշրջանի փոփոխության հետ արագանում է պատմության ընթացքը, տեխնոլոգիաների, գործընթացների ու մտքի զարգացումը, և դրան զուգընթաց պիտի փոխվի նաև մարդկության երազանքներն ու նպատակները: Մարդու մտքի թռիչքը և ծրագրերը պիտի շատ ավելի սլացիկ լինեն, քան տարիներ առաջ: Հատկապես դա վերաբերում է առավելագույն արագությամբ զարգացող գիտական ուղղություններին՝ տեխնոլոգիաներին: Բարեբախտաբար, այսօր տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի բազմաթիվ օրինակներ կան, և դա է հասարակության դրական վերափոխման հույսը:

***

Դարեր շարունակ պետականություն չունենալով՝ մենք զարգացնում էինք մշակույթն, արվեստն ու գիտությունը: Սա աբսուրդ մի իրադրություն է, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Այսօր ունենալով պետականություն ու դրա կայացման համար անհրաժեշտ ինստիտուտները՝ մենք մի տանջալի հարց ենք տալիս՝ արդյո՞ք կարող ենք:
Պետք է հասկանալ, որ ներկան այնքան է մեզ «հոշոտել», որ մենք վախենում ենք մտածել ապագայի մասին, վախենում ենք երազել: Այնուամենայնիվ, այն ինչ անում ենք ոչ միայն իրատեսական է, այլև չունի այլընտրանք: Եթե մենք այսօր երազում ենք ինչ-որ բան, որը հաշվելի է, ծրագրելի և պատկերացնելի է, մենք չենք մտածում ապագայի մասին: Այդ դեպքում մենք խոսում ենք ներկայի մասին, որը, պարզապես, առկա չէ մեզ մոտ: Այդ պարագայում մենք միշտ ուշացած ենք լինելու: Սա հատկապես վերաբերում է երիտասարդությանն ու կրթությանը:

***

Հավատ չեն ներշնչում այն ռազմավարությունները, որոնք փորձում են կռահել երկու-երեք տասնամյակ անց սպասվող իրադրությունը: Եթե դրանք իրատեսական և արդար լինեն, ապա պիտի ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների նմանվեն: Այսօր կան ծրագրեր, որ ուղղված են մեծ ապագային: Մեծ փոփոխություններ պիտի կատարվեն կրթության ոլորտում. այն տեխնոլոգիական միջավայրը ու մշակման ենթակա ինֆորմացիոն ծավալները, որ կստեղծվեն 2030թ., մեծ դիսկոմֆորտ կպատճառեն այսօրվա մարդուն: Հասարակությունը պիտի «ինքն իրենով» զարգացող մարդ դաստիարակի: Ապագա սերունդը պիտի ժամանակի տերը լինի թե՛ այսօր, թե՛ տասնամյակներ անց: Այդ մարդիկ պիտի ուժեղ, նպատակասլաց, հայրենասեր և համարձակ քայլերի պատրաստ լինեն և պատրաստ լինեն աշխարհն ու հասարակությունը բարեփոխելու: Այսպիսի մարդ կկարողանա նպաստել քաղաքակրթության շարժին և առաջխաղացմանը:

***
Մենք դաստիարակությունն ավանդական երևույթ ենք ընկալում: Դպրոցն ու ընտանիքը հակված են ավանդույթների պահպանմանը. երեխաներին հեռու են պահում նորից, փոփոխություններից: Փետրավոր գրչից գնդիկային գրչին անցման ժամանակաշրջանում հասարակական վեճերը շատ ավելի խիստ էին, քան այսօր՝ համակարգչին անցնելու ժամանակներում: Երեխաները շատ ազատ են օգտվում այդ տեխնիկայից, և նրանց վերաբերմունքը դրան կտրուկ տարբեր է ավագ սերնդի վերաբերմունքից:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *