1. Ներածություն. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

1. Ներածություն. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

Հոգեբանությունը գիտություն է մարդու հոգեկան ոլորտի մասին՝ դրա գիտական ուսումնասիրությունը: Հոգեբանությունը մարդու հոգեկան ոլորտն ուսումնասիրում է անուղղակի ձևով. «հոգի» հասկացությունը գիտականորեն ձևակերպված չէ, ուստի ուսումնասիրության առարկաներն են մարդու միտքը, հույզերը և վարքը: «Հոգեկանը» կարելի է սահմանել որպես իրականության ակտիվ և կողմնակալ սուբյեկտիվ արտացոլում. ինչպես ֆիզիկական առարկաներն արտացոլում են նյութական հատկանիշները, այդպես էլ հոգեկանը՝ որպես որոշակի սուբստրատ, արտացոլում է իրականության հատկանիշներ՝ գլխուղեղի մեխանիզմների միջոցով: Միտք, վարք, հույզ եռյակը փոխկապակցված են, և հոգեբանության տարբեր ոլորտներy տարբեր չափով են ուսումնասիրում այս երևույթները:

Հոգեբանության նպատակն է բարեկարգել հասարակության կյանքը՝ մարդու վարքը կանխատեսելով և այն դեպի լավը փոխելով: Հոգեբանության մեթոդաբանության զինանոցում կանխատեսման հետազոտությունները կարևորագույն տեղ ունեն. հոգեբանները փորձում են հասկանալ մտքերի, հույզերի, վարքի հիմքում ընկած պատճառները, կանխատեսել դրանց հետագա արտահայտումները և փոխել դրանք: Հոգեբանության տարբեր դպրոցներ ուսումնասիրում են մարդու հոգեկան գիտակցական և անգիտակցական տարրերը:

Հոգեբանությունն ունի հետազոտական և կիրառական ոլորտներ, և դրանում գերակշռում են հետազոտական ոլորտում աշխատող մասնագետները: Ի տարբերութուն տարածված թյուր կարծիքի, հոգեբան լինելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան կրթություն, ուսումնասիրել իրար երբեմն հակասող տեսություններ՝ մարդու վարքի, հույզերի ու մտքերի պատճառները քննող, պետք է ունենալ մեթոդաբանական գիտելիք: Հոգեբանի աշխատանքը պիտի կարգավորվի իրավական և մասնագիտական ոլորտներում:

Հոգեբանական միտքն ավելի վաղ է առաջացել քան հոգեբանությունը՝ որպես գիտություն: Դեռևս հին Հունաստանու և Չինաստանում փիլիսոփաներն ու բժիշկները քննում էին հոգեկանի և ֆիզիկականի հարաբերությունները, հիվանդությունների տեսակները, բնածինն ու ժառանգականը և այլն: Հոգեբանություն տերմինը սահմանվեց XVII-XIX դարերում, և առարկան, նույնիսկ, սկեց դասավանդվել որոշ համալսարաններում: Սակայն, հոգեբանության սկիզբն է համարվում 1879թ., երբ Վիլհելմ Վունդտը բացեց առաջին հոգեբանական լաբորատորիան: Կարճ ժամանակահատվածում լաբորատորիաներ և միություններ բացվեցին Ամերիկայում և Եվրոպայում: Հոգեբանությունը սահմանվում է իբրև գիտություն, որը չափելի (օբյեկտիվ) մեթոդներով ուսումնասիրի մարդու հոգեկան գործունեությունը և դուրս բերի հավաստի տվյալներ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *