ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. հայեցակարգային զեկույց

ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. հայեցակարգային զեկույց

ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայեցակարգային զեկույցը պատրաստեցին

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆԸ և Ալինա ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

«Պոպուլիզմը և պրոպագանդան Հայաստանում» հայեցակարգային զեկույցը պատրաստվել է «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի շրջանակներում՝ ծրագրի գործողությունների համար հղացքային հենք ձևավորելու նպատակով:

Ծրագրի նպատակն է Հայաստանի հանրային կյանքի հիմնական ոլորտներում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցումը` հասարկության ակտիվ խմբերի շրջանում տեղեկացվածության բարձրացման, պոպուլիզմի և պրոպագանդայի հանդեպ քննադատական հայացքի ձևավորման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի գործիքների ձևավորման միջոցով:

«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագիրն իրականացվում է «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից` Black Sea Trust ծրագրի ֆինանսավորմամբ:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.. 4

ԻՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ.. 6

ԻՆՉ Է ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ.. 11

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՏՈՒՄՆԵՐ   13

ԱՄՓՈՓՈՒՄ… 16

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ.. 17


 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Հերրի Ֆրանկֆուրտն իր հայտնի «Ախմախության մասին» (“On Bullshit”) գրքում մտահոգություն է հայտնում ախմա­խության մասին, որով լի է ժամանակակից մարդու առօրյան[1]: Համեմատելով ախմախությունը ստի հետ` Ֆրանկֆուրտը նշում է, որ այն ստից տարբերվում է նրանով, որ դրա հեղինակներն ընդհանրապես արհամարհում են ճշմարտութ­յունը` ի տարբերություն ստախոսների, որոնք գիտեն ճշմարտութ­յունը և հետաքրքրված են այն թաքցնելում[2]: Ախմախությունն անտարբեր է ճշմար­տության հանդեպ:

Որքանո՞վ է ճշմարտությունը հուզում այսօրվա մարդուն, որը ոչ միայն ճանաչում, բացահայտում է այն, այլ նաև ստեղծում է: Հաղորդակցության և տեխ­նոլոգիաների զարգացման դարաշրջանում ամենաարագը տարածվում են գաղա­փարները, իմաստներն ու կարծիքները: Մեր առօրյան ավելի ու ավելի է հագենում մտային տարբեր կառույցներով ու պատմություններով: Առաջանում են նոր մասնագիտություններ, որոնք սովորեցնում են, թե ինչպես մասնավոր խոսքն ու կարծիքը նկատելի դարձնել դրանց առատության մեջ: Պատմություն պատմելը, կարծիք ձևավորելը դառնում է մասնագիտություն, հմտություն:

Հմուտ պատմվող պատմություններն օգնում են բիզնեսում սպառողներ ձևավորելուն, քաղաքականության մեջ՝ քվեներ և համախոհներ շահելուն, հասա­րա­կութ­յունում՝ իշխանություն ձևավորելուն: Այս հմտությունները մի կողմից օգնում են ավելի լսելի դարձնել ճնշվածների պատմությունները, իսկ մյուս կողմից նաև հանրային կարծիքը մանիպուլացնելու հնարավորություն են ստեղծում:

Պոպուլիզմը[3] և պրոպագանդան[4] հանրային կարծիքը մանիպուլացնելու ամենա­տարածված ձևերից են: Պրոպագանդան մեր հանրությանը բավականին ծանոթ է որպես խորհրդային փորձառություն: Հետխորհրդային շրջանում պրոպա­գանդան ստացել է այլ դրսևորումներ, թեև որոշ դեպքերում պահպանել է նաև հին գործիքակազմը: Պրոպագանդայի իրականացման համար հին գործիք­ներից զատ սկսել են կիրառվել նոր գործիքներ, որոնք ավելի մեղմ են և շատ դեպքերում հանրային կարծիքի վրա ունենում են անուղղակի ներգործություն:

Պոպուլիզմ ձևակերպումն իր արդի նշանակությամբ համեմատաբար ավելի նոր է: Ժամանակին որոշ կուսակցություններ նույնիսկ իրենց հռչակում էին որպես պոպուլիստական: Օրինակ` ԱՄՆ-ի Պոպուլիստական կամ Ժողովրդական կու­սակ­ցությունը, որ ձևավորվեց 19-րդ դարի վերջին, իրեն հռչակել էր պոպու­լիստական գաղափարախոսության կրող՝ ասել է թե ժողովրդի շահերը պաշտ­պանող: Բացառությամբ եզակի գիտնականների, այսօր «պոպուլիզմ» եզրը, որպես կանոն, օգտագործում են բացասական իմաստով[5]: Պոպուլիստական պնդումներ անողները, որպես կանոն չեն ասում, որ իրենք պոպուլիստ են:

Արևմուտքում պոպուլիստական պատումները հիմնականում ուղղված են միգրանտների և փախստականների, մուսուլմանների, կանանց, ԼԳԲՏ և այլ խմբերի դեմ: Հայաստանում պոպուլիզմն ու պրոպագանդան հաճախ կապված են ազգայնա­կանության և աղքատության թեմաների հետ:

Պոպուլիզմը և պրոպագանդան Հայաստանում խոչընդոտում են թե՛ ներքին գործընթացների (դեմոկրատացում, լավ կառավարում և այլն) և թե՛ արտաքին քաղա­քականության (Ռուսաստանի և ԵՄ հետ հարաբերություններ) վերաբերյալ առողջ երկխոսությանը: Մի կողմից իշխանությունը կարևոր հարցերում շահա­գործում է հանրության էմոցիաները, մյուս կողմից հանրությունն իշխանության որոշումներին արձագանքելիս հենվում է ոչ թե փաստերի և հիմնավորված առա­ջարկների, այլ զուտ իշխանության մերժման վրա՝ շեշտադրելով դրա անբա­րոյական և անիրավ կողմը:

Հայեցակարգային զեկույցի պատրաստման համար օգտվել ենք առավել մեծ հնչեղություն ունեցող հանրային/քաղաքական ելույթներից ու այլ նյութերից, մաս­նա­վորապես, 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախ­ընտ­րական քա­րո­զարշավի ընթացքում օգտագործված նյութերից:

 

 

ԻՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

19-րդ դարի վերջերից Միացյալ Նահանգներում ձևավորվեց շարժում, որն իրեն անվանեց պոպուլիստական: Մոտավորապես նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ծավալվեց նույնատիպ շարժում նույնական անվանմամբ՝ Նարոդ­նիկություն: Այս շարժումները բնութագրվում էին որպես պոպուլիստական կամ ժողովրդական, քանի որ կարևոր գաղափար էին հռչակել իշխող «փտած էլիտա­ների» կողմից «ազնիվ» շահագործվող գյուղացիական և բանվոր դասակար­գերի ազատագրումը և շահերի պաշտպանությունը:

Չնայած նրան, որ շարժումները վաղուց էին հայտնի «պոպուլիզմ» եզրը  տարածում ստացավ 20-րդ դարի երկրորդ կեսերից: Այն գիտնականների և լրագրողների կողմից օգտագործվում էր շատ լայն առումով և չուներ ճշգրիտ ձևակերպում: 1967 թ.-ին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում կազմակերպված գիտաժողովի ընթացքում մասնակիցները համաձայնեցին, որ եզրը շատ անհստակ է կոնկրետ երևույթ մատնանշելու համար[6]: Այսօր, թեև պոպուլիզմի վերաբերյալ կան բազմաթիվ վերլուծություններ, այնուամենայնիվ, եզրը դեռևս չի ազատվել իր անհստակությունից և վիճելիությունից:

Businessdictionary.com բառարանը պոպուլիզմը սահմանում է հետևյալ կերպ. «Պոպուլիզմը գաղափարախոսություն կամ քաղաքական շարժում է, որը բնակչութ­յանը (կամ դրա մի մասին) մոբիլիզացնում է կառավարության կամ որևէ ինստի­տուտի դեմ` ի պաշտպանություն խոցելիների: Լինի ձախ, աջ թե կենտ­րոնամետ, այն ձգտում է համախմբել «ազնիվ, պարզ» մարդկանց ընդդեմ իշխող «կոռումպաց­ված» խավերի (սովորաբար դասական քաղաքական գործիչ­ներ) և նրանց համա­խոհ­ների (սովորաբար հարուստներ և մտավորականություն): Պոպու­լիզմն ուղ­ղորդ­վում է այն հավատալիքով, որ քաղաքականությունը և սոցիա­լական նպատակ­ները լավագույնս իրագործվում են զանգվածների անմի­ջական գործողություն­ներով»[7]:

Թեև այս սահմանումը շեշտը դնում է պոպուլիզմի միջոցով հանրությունը իշխանության դեմ մոբիլիզացնելու վրա, այնուամենայնիվ, շատ վերլուծություններ սա չեն համարում ազդեցության միակ վեկտոր, այլ դիտարկում են նաև այն դեպքերը, երբ պոպուլիզմն օգտագործվում է հանրության մի խումբը մեկ այլ խմբի դեմ լարելու համար[8]:

Պոպուլիզմի գաղափարախոսության հիմքում ընկած է «մեսիականութ­յունը», որը հիմնականում ուղղված է «ճնշված» խավերին ու խմբերին փրկելուն: Պոպու­լիզմի որոշ տեսաբաններ նշում են, որ դրա գլխավոր հատկանիշներից է հիմնա­խնդիրների լուծումների բազմաելքության մերժումը և պնդումների բարոյա­կա­նա­ցումը[9]: Բազմաելքության՝ հիմնախնդիրների լուծումների բազմազանության մեր­­ժումն արտահայտվում է գործիչների (հիմնականում` քաղաքական) այն պնդում­­նե­րում, որ միայն իրենք են հետաքրքրված բնակչության շահերի պաշտ­պա­նությամբ և միայն իրենց առաջարկած լուծումը կարող է ժողովրդին «փրկել» «հարստա­հարող» իշխանությունից: Հայաստանում քաղաքական գործիչ­ների՝ որպես «փրկիչ­ներ» ներկայացնելը ևս բավականին տարածված է: Օրինակ՝ 2003թ-ի նախագա­հական ընտրություններում թեկնածուներից մեկի քարոզ­արշավը կառուցված էր ժողովրդին փրկելու գաղափարի շուրջ, և կարգախոս էր «Միասին փրկենք Հայաս­տանը»[10]:

Պոպուլիզմին հատուկ է նաև պնդումները և պահանջները կառուցել ոչ թե փաստերի և դրանցից բխող տրամաբանական եզրակացությունների վրա, այլ բարոյականության հարթությունում, ընդ որում` ժողովրդին ներկայացնելով որպես այդ բարոյականության միակ կրող, իսկ իրեն՝ այդ բարոյականության բացառիկ պաշտպան: Հայաստանում ևս պոպուլիզմին հատուկ է քաղաքական խոսքի և կոչի բարոյականացումը: Օրինակ՝  ղարաբաղյան հակամարտության սրման ժամանա­կա­հատ­վածում շահագործվում է համերաշխ, միասնական լինելու և իշխանություն­ներին չքննադատելու մասին կոչը[11], որը ներկայացվում է՝ որպես հայրենասիրական պարտքի մաս: Նման բարոյահեն դատողություններն առավել հեշտ է օգտագործել պոպուլիստական պնդումներ ձևակերպելու համար, քանի որ դրանք շահագործում են հանրության մեծ մասի կողմից ընդունված արժեքները: Սրանով այս պնդումներն առավել «անձեռնմխելի» են դառնում քննադատության համար:

Քաղաքականությունը բարոյականության հետ կապված է և հղումը բարոյա­կա­նութ­յանը շատ կարևոր է, սակայն այն դառնում է պոպուլիստական, երբ բարոյա­հենությունը դառնում է խոսքի ամենացցուն հատկանիշը՝ երկրորդ պլան մղելով փաստարկվածությունը: Մյուս կողմից, այն պոպուլիստական է դառնում երբ խոսողներն իրենց հռչակում են այդ բարոյականության միակ հավատարիմ կրողը` հակառակ կողմերին ներկայացնելով որպես հանրության թշնամի:Սա է պատ­ճառը, որ պոպուլիզմի՝ բարոյահենության հատկանիշը կարևորող տեսաբան­ները գտնում են, որ եթե պոպուլիստներն ունենան բավական իշխանություն, նրանք կարող են կառուցել ավտորիտար քաղաքական համակարգ՝ դրանից բացառելով  «ճիշտ» ժողովրդի չափանիշներին չհամապատասխանողներին[12]:

Բազմաելքության մերժումից և հարցերի բարոյականացումից զատ պոպու­լիզմին հատուկ է նաև ծայրահեղացման միտումը[13]: Պոպուլիստնական պնդում­ներին հատուկ է իրավիճակների ծայրահեղացնումը և, մասնավորապես, ժողովրդի և կառավարության միջև մեծ բարոյական անդունդ կառուցելը: Այս պնդումներում ժողովուրդը հանդես է գալիս «հարստահարված, բարոյական»  կերպարով, մինչդեռ կառավարող խավը հանդես է գալիս որպես «հարստահարող և կոռումպացված»[14]:

Փաստորեն, տեսաբանները պոպուլիզմը ձևակերպում են որպես քաղաքա­կան գաղափարախոսություն և շարժում: Նրանց մեջ չկա համաձայնություն այն հարցում, թե արդյոք այն առանձին, համապարփակ գաղափարախոսություն է, ինչպիսիք են լիբերալիզմը, սոցիալիզմը և այլն, թե «հավելյալ» գաղափարա­խո­սություն է, որը կարող է կցվել ցանկացած այլ առանձին, «համապարփակ» գաղա­փարախոսության[15]:

Պոպուլիզմի տեսության մեջ տարբերակում են ներառող (inclusive) և բացա­ռող (exclusive) տեսակները: Այսօր հատկապես արևմտյան աշխարում հայտնի է բացառող պոպուլիստական հռետորաբանությունը, որը դեմ է արտահայտվում իմիգրանտ­ներին, փախստականներին, մուսուլմաններին, և այլ խմբերին: Լատի­նական Ամերիկային ավելի հատուկ է ներառական պոպուլիզմը, որն արտահայտ­վում է կառավարման գործընթացի մեջ տարբեր խոցելի խմբերի ներգրավման անհրա­ժեշտությամբ[16]:

Այսպիսով, գրականության մեջ պոպուլիզմը ձևակերպվում է որպես քաղա­քա­կան գաղափարախոսություն կամ շարժում, որին հատուկ են հետևյալ հատկանիշները.

  • հասարակությունը երկու ծայրահեղ բևեռների բաժանում՝ «հարստահարող և կոռումպացված իշխանություն» և «հարստահարված, ազնիվ ժողովուրդ»
  • մեսիականություն. «հարստարարված, ազնիվ ժողովրդին» «հարստահարող և կոռումպացված իշխանությունից» փրկելու հավակնություն
  • բազմաելքության մերժում. պնդում, որ հանրային հիմնախնդիրներն ունեն մեկ լուծում` այն լուծումը, որն առաջարկվում է իր՝ ժողովրդի շահով միակ մտահոգ գործչի կամ կուսակցության կողմից
  • բարոյահենություն. պոպուլիստական գաղափարախոսությունը, որպես կանոն, իշխողների և ժողովրդի միջև բարոյական անդունդ է տեսնում

 

«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարա­կութ­յունը» ծրագրի շրջանակներում դիտարկում ենք պոպուլիզմը ոչ միայն իր գաղափարական հենքի իմաստով, այլև այն գործիքակազմի, որը կիրառվում է պոպուլիստական պնդումներն և հռետորաբանությունը ձևավորելու ու տարա­ծելու համար: Մասնավորապես.

  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա: Այս առումով ամենավառ օրինակը ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյի՝ արևմտյան մեդիայում հայտնի դարձած «այլընտրանքային փաստ» արտահայտությունն է: Հարցազրույց­ներից մեկի ժամանակ նա պնդում էր, որ Սպիտակ Տան խոսնակը ոչ թե ստել է, այլ ներկայացրել է «այլընտրանքային փաստեր»[17]:
  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացումը: Օրինակ՝ 2017 թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկն իր քարոզարշավի ընթացքում օգտագործում էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում որդուն կորցրած մոր երախտագիտության խոսքը` ուռճացնելու թեկնածուի առատաձեռնության և գթասրտության հատկանիշը իր հանդեպ հանրային համակրանք ձևավորելու նպատակով[18]:
  • Խոսքի կառուցում, որտեղ հաղորդակցությունը ծառայեցվում է բացառապես համակրանք շահելուն: Պոպուլիստական խոսքում իրողությունների մասին հանրային երկխոսություն ձևավորելուց առավել կարևորվում է հանրությանը դուր գալը:
  • Էմոցիայի (վախ, կարեկցանք, տագնապ, և այլն) շահագործում հանրային վարք կամ դիրքորոշում ձևավորելու նպատակով: Սրա օրինակ է 2017թ. քարոզարշավի ընթացքում տարածվող տեսահոլովակը, որը ցուցադրում էր սպանվող զինվորներ[19]: Թեև ուղերձը մեծ հանրային համակրանք շահելուն հավանաբար ուղղված չէր, այնուամենայնիվ, միտված էր հանրության՝ վախի զգացումը և հարազատին կորցնելու տագնապը շահագործելուն:
  • Հաղորդակցության հագեցում խոստում(ներ)ով, որն ամրապնդված չէ փաս­տերի վրա հիմնված հաշվարկով: Նման դեպքերում հիմնավորման խնդիր նույնիսկ չի էլ դրվում: Փոխարենը` խոսքն ուղղված է համակրանք ստանա­լուն: Օրինակ` 2017թ. նախընտրական ծրագրում կուսակցութ­յուն­ներից մեկը որ­պես նպատակ նշում է բնակչության՝ սովետական բանկերում ունեցած ավանդ­ների ամբողջական վերադարձը` ներառյալ ավանդա­տու­ների ժա­ռանգ­­ներին ավանդների փոխհատուցումը[20]: Խոստումը սահմանա­փակ­վում է զուտ կարգախոսային մեկ նախադասությամբ` չամրապնդվելով որևէ վեր­լուծությամբ կամ ծրագրով:

 

Հենվելով պոպուլիզմի մասին տեսական գրականության վրա, փորձեցինք ուրվագծել պոպուլիզմը՝ որպես տեսական հղացք: Մյուս կողմից, հենվելով տեղական նյութի վրա՝ փորձեցինք ցույց տալ դրա դրսևորումները Հայաստանում: Հետագայում անկալում ենք, որ, այս ձևակերպումներն ընդունելով զուտ որպես սկզբնակետ, կկարողանանք հասկանալ պոպուլիզմի առանձնահատկությունները Հայաստանում, բացահայտել դրա այն կողմերը, որոնք լրացնում կամ գուցե հակադրվում են ներկայացված տեսական նկարագրություներին:

 


ԻՆՉ Է ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ

Պրոպագանդայի տեսաբանները «Պրոպագանդա» եզրի ծագումը կապում են Կաթոլիկ եկեղեցու հետ: 1622 թ.-ին Վատիկանը հիմնադրեց Հավատքի տարածման միաբանությունը (Congregatio de Propaganda Fide-ն), որը պետք է համադրեր կաթոլիկ եկեղեցու տարբեր առաքելությունների կողմից քարոզվող գաղափարները: Եկեղեցու կողմից ընդհանրացված գաղափարների պրոպագանդան համարվում էր բարոյական պարտքը:

Լայն առումով պրոպագանդան սահմանվում է որպես «ցանկացած գա­ղափարի մեջ որևէ մեկին համոզելու փորձ»[21]: Ամերիկացի սոցիոլոգ Ալֆրեդ Լին պրո­պագանդան սահմանում է որպես գաղափարների ակնհայտ կամ թաքնված կիրառում՝ հանրության վերաբերմունքի, կարծիքի և գործողությունների վրա ազդե­ցության նպատակով[22]: Համարվում է, որ պրոպագանդայի միջոցով տարածվում են գաղափարներ, որոնք բնականորեն չէին առաջանա, եթե արհեստականորեն չստեղծվեին ու զարգացվեին[23]:

Պրոպագանդան հասկանալու հարցում կարևոր է դրա սուբյեկտի և օբյեկտի հստակ տարբերակումը. էական է հասկանալ, թե ով է փորձում համոզել, ում, ինչ և ինչ նպատակադրվածությամբ: Ընդ որում, եթե օբյեկտի ինքնությունը համեմատա­բար ավելի որոշակի է (այն հանրություն է կամ դրա զգալի մասը), ապա սուբյեկտի նույնականացման հարցը կարող է ավելի խրթին լինել: Համոզողի և համոզվողի (հանրությանը կամ դրա մի մասի) միջև այս կապը պրոպագանդային հաղորդում է ուղղահայաց հարաբերության բնույթ:

Պորպագանդայի համատեքստում էական է, որ այդ ազդեցությունը հիմնականում ուղղված է հանրությանը կամ դրա մեծ մասին, քանի որ դրա նպատակն է հանրության մեծամասնության կարծիքի վրա ազդեցությունը և, ըստ այդմ, հանրության մեջ որոշակի վերաբերմունքի ձևավորումը: Ակնկալվում է, որ այդ վերաբերմունքը դրդում է որոշակի գործողությունների կամ դրանցից զերծ մնալուն:

Պրոպագանդայի կարևոր հատկանիշներից է երկխոսության հնարավո­րության բացառումը: Համոզողը պրոպագանդայի միջոցով հանրությանը փոխան­ցում է այլընտրանքի, վիճարկման և երկխոսության հնարավորություն չտվող վերաբերմունք ու կարծիք: Երկխոսության հնարավորության բացակայությունն այդ կարծիքը վերածում է «միակ ու անհերքելի» ճշմարտության:

Այսպիսով, ծրագրի շրջանակում պրոպագանդան ձևակերպվում է որպես հանրային կարծիքի վրա ազդելու միջոց, որին հատուկ են հետևյալ հատկանիշները.

  • Համոզում. համոզողի կողմից կարևորված գաղափարների տարածում
  • Նպատակադրվածություն. համոզում՝ համոզողի կողմից կարևորված հանրային վարք կամ դիրքորոշում առաջացնելու միտումով
  • Երկխոսության բացառում. պրոպագանդան համոզողի կողմից կարևորվող գաղափարների տարածում է, դրանց վերաբերյալ հանրային քննարկումը և այլակարծություն չխրախուսելով
  • Ուղղված է հանրությանը կամ հանրության զգալի մասին: Եթե համոզումն ուղղված չէ հանրության համեմատաբար լայն կամ ազդեցիկ զանգվածի, այն պորպագանդա չի համարվի:

 

Թերևս ելնելով սովետական պրոպագանդայի փորձից՝ Հայաստանում պրոպագանդան, որպես կանոն, քննարկվում է որպես բացասական երևույթ: Այնուամենայնիվ, հայաստանյան առանձնահատկություններից մեկն այն է, որ «քարոզչություն» (պրոպագանդա) պիտակն օգտագործվում է կանխելու բազմաթիվ հարցերի վերաբերյալ ցանկացած խոսք: Այսպիսի պիտակավորման են արժա­նանում հատկապես գենդերային հարցերի, ԼԳԲՏ համայնքի, կրոնական և այլ խմբերի շահերի բարձրացումը:

Պրոպագանդայի մասին խոսելիս շատ կարևոր է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ պրոպագանդիստական ռազմավարությունները հաճախ հղում են կատարում հանրային կարծիքին՝ որպես հոմոգեն երևույթ: Բացառելով կամ անտ­եսելով կարծիքների բազմազանությունը՝ պրոպագանդայի սուբյեկտները, որպես կարոն, իրենց իրավունք են վերապահում (ինչպես նաև տիրապետում են իշխա­նութ­յան և ռեսուրսի, որոնց միջոցով իրենց այդ պնդումները կարող են հիմնավորված ներկայացնել) խոսել հանրության անունից, ներկայացնել հանրության կարծիքը՝ դրանով ամրապնդելով այս կամ այն «ճշմարտությունը»: Արդյունքում գործարկվում է «բոլորն այսպես են կարծում, ուրեմն դա ճիշտ է» բանաձևը:

 


ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՏՈՒՄՆԵՐ

Պոպուլիստական պնդումները հիմնականում կառուցվում են ընդհան­րացված գաղափարների շուրջ: Դրանք հիմնականում առանձնանում են բարդ երևույթների ու գաղափարների պարզունակացմամբ և պարզունակ լուծումների առաջարկմամբ: Հաճախ տարբեր հասարակությունների պոպուլիստական և պրոպագանդիստական գաղափարներն ունենում են բավականին ընդհանրութ­յուններ, սակայն կարող են ունենալ նաև առանձնահատկություններ, որոնք պայ­մա­նավորված են հասարակության մեջ կարևորվող խնդիրներով և արժեք­ներով:

Հայաստանում պոպուլիզմը և պրոպագանդան, որպես կանոն, հենվում են ազգայնականության և աղքատության գաղափարների վրա: Քաղաքական գործիչ­ները հանրային համակրանք շահելու և որոշակի դիրքորոշում ձևավորելու համար հաճախ հղում են անում պատմական, ազգային արժանիքներին և ազգային բացա­ռի­կութ­յանը` սնելով և մանիպուլացնելով ազգային փառա­սի­րություն: Ազգային առանձ­նա­հատկությունների ու փառասիրության շահար­կումն օգտագործվում է հանրության մեջ որոշակի վարք ձևավորելու կամ կան­խելու համար: Օրինակ` «պատմականորեն հայ ազգի տառապյալության» գաղափարի ամրապնդումը հան­գեցնում է սոցիալական անապահովության և հանրային այլ հիմնախնդիրների հանդեպ հանրության հանդուրժողակա­նությանը, համբերա­տա­րությանը և հան­րային բողոքի կանխմանը:

Աղքատության հաղթահարումը և սոցիալապես անապահով խմբերի պաշտ­­պանությունը Հայաստանի քաղաքական և հանրային խոսքում հաճախ շահարկվողպոպուլիստական պատումներից են: Հատկապես նախընտրական շրջանում հանրային համակրանք շահելու նպատակով հաճախ է հնչում կենսա­թոշակների, սոցիալական, հաշմանդամության և այլ նպաստների բարձրացման խոստումը: Առաջարկվում են աղքատության հաղթահարման պար­զունակ, չհիմ­նա­վորված, հաճախ պարզապես անիրատեսական ուղիներ:

Հայաստանում պոպուլիզմի և պրոպագանդայի ամենատարածված պա­տում­ներն այս կամ այն կերպ շահագործում են նաև ղարաբաղյան հակամար­տությունը` առաջ մղելու համար ռազմական օրակարգերը որպես քաղաքացիա­կանից առավել կարևոր, որպես մարդու իրավունքների և ժողովրդավարացման կարևորությունը թերագնահատելու պատճառաբանություն:  Դրանք հաճախ օգտա­գործ­վում են  կրոնական, ազգային կամ այլ փոքրամասնությունների իրա­վունքների ոտնահարումն արդարացնելու, գենդերային հավասարության և այլ իրավունքների համար պայքարի կարևորությունը նսեմացնելու, խոսքի և այլ ազատությունների սահմանափակումը հիմնավորելու համար:

Մեկ այլ պատում կապված է Ռուսաստանի՝ մեծ բարեկամ և Թուրքիայի՝ մեծ թշնամի լինելու հետ: Ռուսաստանի հետ «եղբայրական հարաբերութ­յունների» պատումը կապվում է նաև նրա՝ որպես «բարոյական անկման մեջ գտնվող» Արև­մուտքի արժեքային առաջխաղացումը հավասարակշռող դերի հետ:

Անշուշտ, սա չի նշանակում, որ Ռուսաստանի դերի, ղարաբաղյան հակա­մարտության կարևորության մասին ցանկացած պնդում պարունակում է պոպու­լիզմի և պրոպագանդայի հատկանիշներ: Շատ դեպքերում դրանք հիմնված են որոշակի փաստերի վրա, սակայն հաճախ էլ Ռուսաստանի դերի և ղարաբաղյան հակամարտության գործոնի մասին (կամ դրանք խստորեն մերժող) պնդումները ամրագրված չեն փաստերով, ունեն բարոյախրատական երանգավորում, հենվում են միակողմանի պնդումների վրա՝ պոպուլիստական և պրոպագանդիստական բնույթ ձեռք բերելով:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում պոպուլիստական և պրոպա­գան­­դիստական խոսքում հաճախ շահարկվող պատումները:

  • Խոցելի և անապահով խավերին ու խմբերին թոշակով և այլ աջակցությամբ ապահովում. կենսաթոշակների, հաշմանդամության և սոցիալական այլ աջակ­ցության գումարների բարձրացում, պետական երամուտների կտրուկ ավելացում (ՀՆԱ-ի, բյուջեի մուտքերի կտրուկ աճ)
  • Չքավորության վերացում
  • Աշխատատեղերի ստեղծում ու աշխատավարձերի բարձրացում
  • Արտագաղթի կանխումը
  • Խորհրդային ավանդների վերադարձ
  • Մշտապես ու բոլոր հարցերում միասնականության գերկարևորումը
  • Ղարաբաղյան հակամարտության՝ Հայաստանի բոլոր հիմնախնդիրների բացա­ռիկ պատճառ և լուծման խոչընդոտի ներկայացում
  • Ադրբեջանի և ադրբեջանցու՝ որոշակի կերպարի ստեղծում
  • Խաղաղության հաստատում և պատերազմի արհավիրքի վերացում
  • Ազգ-բանակի ստեղծում
  • Ռուսաստանի` որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի բարե­կամի ներկայացում
  • Թուրքիայի` որպես Հայաստանի հավերժական ու թշնամու ներկայացում
  • «Բարոյազրկված Արևմուտքի» ազդեցության հանդեպ զգոնություն

 

Ներկայացված պատումները ոչ թե ինքնին պոպուլիստական և պրոպա­գան­դիս­տական են, այլ առավել շատ են շահագործվում պոպուլիստական և պրոպա­գանդիստական պնդումներ ձևակերպելու նպատակներով:

«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարա­կութ­յունը» ծրագրի շրջանակում կարևորում ենք ոչ միայն վերոնշյալ պատումների շուրջ քննարկումների ծավալումը, այլ նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են.

  • ճշմարտության և ստի սահմանի ներկայիս ընկալումները
  • հանրային կարծիքի հոմոգենացումը և դրան կատարված հղումները՝ որպես մանիպուլյացիայի ձև
  • «քարոզչություն» (պրոպագանդա) ձևակերպման՝ որպես պիտակի օգտա­գոր­ծումը՝ գենդերային հարցերի, ԼԳԲՏ համայնքի և այլ խմբերի խնդիրների բարձրացումը կանխելու նպատակով
  • պրոպագանդայի հետ կապված խորհրդային և հետխորհրդային փորձա­ռութ­յունները
  • պոպուլիզմի և պրոպագանդայի տեղական առանձնահատկությունները և համաշխարհային համատեքստը

 

ԱՄՓՈՓՈՒՄ

«Պոպուլիզմը և պորպագանդան Հայաստանում» հայեցակարգային զեկույցը ոչ այնքան սահմանում, որքան ուրվագծում է այն դաշտը, որը կարող է միավորել Հայաստանում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցմամբ հետաքրքրված ան­հատ­ներին և խմբերին: Զեկույցը պոպուլիզմի և պրոպագանդայի տարբեր կողմերի և դրսևորումների մասին ուսումնասիրություններ խթանելու և հանրային քննար­կում ծավալելու առաջին քայլն է:

Այն ծառայելու է «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքա­ցիական հասարակությունը» ծրագրի շրջանակում «Պոպուլիզմը և պրոպա­գանդան Հայաստանում` ի ցույց» հանրային քննարկումների կազմակերպման, «Պոպուլիզմի կազմաքանդում. պատումներ և պրակտիկաներ» վիդեոշարքի պատրաստման և պոպուլիզմն ու պորպագանդան բացահայտող կայքի ստեղծման հղացքների և մեթոդաբանության մշակմանը:


ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

 

  1. Black, Jay, “Semantics and Ethics of Propaganda”, Journal of Mass Media Ethics, 16(2&3).
  2. Bradner, Eric, “Conway: Trump White House offered ‘alternative facts’ on crowd size”, January 23, 2017, http://edition.cnn.com/2017/01/22/politics/kellyanne-conway-alternative-facts/index.html
  3. Business Dictionary, “Populism”, http://www.businessdictionary.com/definition/populism.html
  4. Frankfurt, Harry G. On bullshit. Princeton and Oxford: Princeton University Press, 2009.
  5. Jagers, Jan, and Stefaan Walgrave. “Populism as political communication style: An empirical study of political parties’ discourse in Belgium.”European Journal of Political Research 46, no. 3, 2007.
  6. Laclau, Ernesto, and Chantal Mouffe. Hegemony and socialist strategy: Towards a radical democratic politics. London & NY, Verso, 2001.
  7. Lee, Alfred, How to Understand Propaganda, New York: Rinehart, 1953.
  8. Moffitt, Benjamin. The global rise of populism: Performance, political style, and representation. Stanford, US: Stanford University Press, 2016.
  9. Mudde, Cas. “The populist zeitgeist.” Government and opposition 39, no. 4 (2004).
  10. Mudde, Cas, and Cristóbal Rovira Kaltwasser. Populism: a Very Short Introduction. New York: Oxford University Press, 2017.
  11. Mudde, Cas, and Cristóbal Rovira Kaltwasser. “Populism and (liberal) democracy: a framework for analysis.” Populism in Europe and the Americas: Threat or corrective for democracy (2012).
  12. Muller, Jan-Werner. What is populism?. Philadelphia: University of Pennsylvania Press, 2016.
  13. Tuttle Ross, Sheryl, “Understanding Propaganda: The Epistemic Merit Model and its Application to Art”, Journal of Aesthetic Education, University of Illinois Press, Vol. 36, No. 1 (Spring, 2002).
  14. Կարգախոսներով և առանց նախընտրական քարոզարշավը մեկնարկեց, ՀԺ, 21.01.2003http://armtimes.com/hy/article/77956
  15. Ժամակոչյան, Աննա. Հայաստանը «ազգային միասնության» թակարդում //Փոփոխության որոնումներ/Ժամակոչյան Ա., Անդրեասյան Ժ., Մանուսյան Ս., Մանուսյան Ա., Եր.: Սոցիոսկոպ ՀԿ, 2016: 9-39

 

 

[1]Frankfurt, Harry G. On bullshit. Princeton and Oxford: Princeton University Press, 2009.

[2] Նույն տեղում էջ 58:

[3] Դիտարկելով «պոպուլիզմ» եզրի հնարավոր հայերեն տարբերակը՝ ամբոխահաճությունը, խուսափեցինք այն գտագործելուց, քանի որ եզրն իր մեջ բացասական երանգ է պարունակում, մինչդեռ պուպուլիզմը որոշ տեսաբաններ քննարկում են նաև դրական կողմերով: Այնուամենայնիվ ուզում ենք եզրի թարգմանության հարցը բաց պահել քննարկումների և արդյունավետ թարգմանության առաջարկների համար:

[4] Դիտարկելով քարոզչությունը՝ որպես պրոպագանդայի հայերեն թարգմանություն, այնուամենայնիվ խուսափեցինք դրա օգտագործումից, քանի որ հատկապես վերնագրային մակարդակում կարող էր շփոթություն առաջացնել՝ ընթերցողին սխալ ուղղորդելով դեպի քարոզչության կրոնական իմաստը:

[5] Այդ եզակի գիտնականներից են Էռնեստո Լակլաուն և նրա կինը՝ Շանթալ Մուֆը, ովքեր «պոպուլիզմ» եզրն օգտագործում են դրական իմաստով և համարում են, որ դա գաղափարախոսություն է, որը կարող է հասատել ռադիկալ դեմոկրատիա` միավորելով հասարակությունից «դուրս մղված»/օտարված սեգմենտները: Տե՛ս, Laclau, Ernesto, and Chantal Mouffe. Hegemony and socialist strategy: Towards a radical democratic politics. London & NY, Verso, 2001.

[6]Moffitt, Benjamin. The global rise of populism: Performance, political style, and representation. Stanford, US: Stanford University Press, 2016.

[7] Տե՛ս Business Dictionary, “Populism”, http://www.businessdictionary.com/definition/populism.html վերջին դիտումը 06.07.2017:

[8]Jagers, Jan, and Stefaan Walgrave. “Populism as political communication style: An empirical study of political parties’ discourse in Belgium.” European Journal of Political Research 46, no. 3 (2007): 319-345.

[9]Muller, Jan-Werner. What is populism?. Philadelphia: University of Pennsylvania Press, 2016,

Mudde, Cas, and Cristóbal Rovira Kaltwasser. “Populism and (liberal) democracy: a framework for analysis.” Populism in Europe and the Americas: Threat or corrective for democracy (2012): 1-26.

[10] Կարգախոսներով և առանց նախընտրական քարոզարշավը մեկնարկեց, ՀԺ, 21.01.2003 http://armtimes.com/hy/article/77956 վերջին դիտումը 06.07.2017:

[11]Ժամակոչյան, Աննա. Հայաստանը «ազգային միասնության» թակարդում //Փոփոխության որոնումներ/Ժամակոչյան Ա., Անդրեասյան Ժ., Մանուսյան Ս., Մանուսյան Ա., Եր.: Սոցիոսկոպ ՀԿ, 2016: 9-39

[12]Muller, Jan-Werner. What is populism?. Philadelphia: University of Pennsylvania Press, 2016.

[13]Mudde, Cas. “The populist zeitgeist.” Government and opposition 39, no. 4 (2004).

[14]Mudde, Cas. “The populist zeitgeist.” Government and opposition 39, no. 4 (2004): 541-563.

[15]Էռնեստո Լակլաուն, Իվ Մենին, Իվ Սյուրեկը պոպուլիզմը համարում են առանձին, համապարփակ գաղափարախոսություն, մինչդեռ կա նաև մոտեցում, որ պոպուլիզմը կարող է կցվել ցանկացած այլ գաղափարախոսության. այս մոտեցումն է կիսում Քես Մյուդեն: Նա համարում է, որ պոպուլիզմը ոչ թե «համապարփակ» գաղափարախոսություն է (thick ideology), ինչպիսիք են լիբերալիզմը, սոցիալիզմը և այլն, այլ «հավելյալ» գաղափարախոսություն (thin ideology), որը կարող է հատուկ լինել թե՛ լիբերալիզմին, թե՛ սոցիալիզմին և թե՛ այլ համապարփակ գաղափարախոսություններին: Տե՛ս, Laclau, Ernesto, and Chantal Mouffe. Hegemony and socialist strategy: Towards a radical democratic politics. London & NY, Verso, 2001 & Mudde, Cas, and Cristóbal Rovira Kaltwasser. Populism: a Very Short Introduction. New York: Oxford University Press, 2017.

[16]Muller, Jan-Werner. What is populism?. Philadelphia: University of Pennsylvania Press, 2016.

[17] Bradner, Eric, “Conway: Trump White House offered ‘alternative facts’ on crowd size”, January 23, 2017, http://edition.cnn.com/2017/01/22/politics/kellyanne-conway-alternative-facts/index.html , վերջին դիտումը 06.07.2017:

[18] Տե՛ս https://www.youtube.com/watch?v=WOKA6PYSvN8

[19] Տե՛ս https://www.youtube.com/watch?v=GI1dS2UfAKI

[20] ՀՎԿ ծրագրային 30 դրույթները, http://hvk.am/2017/03/06/%D5%B0%D5%BE%D5%AF-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-30-%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/ , վերջին դիտումը 06.07.2017:

[21] Tuttle Ross, Sheryl, “Understanding Propaganda: The Epistemic Merit Model and its Application to Art”, Journal of Aesthetic Education, University of Illinois Press, Vol. 36, No. 1 (Spring, 2002), pp. 16-30.

[22] Lee, Alfred, How to Understand Propaganda, New York: Rinehart, 1953, p. 18.

[23] Black, Jay, “Semantics and Ethics of Propaganda”, Journal of Mass Media Ethics, 16(2&3), 121–137.

 

 

 

*Այս և մյուս զեկույցներում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Black See Trust ծրագրի, Գերմանական Marshal ֆոնդի և մյուս գործընկերների տեսակետերի հետ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *