Ազատականացում «վերևից». Էդգար Վարդանյան | Խորհրդային ժառանգություն

Ազատականացում «վերևից». Էդգար Վարդանյան | Խորհրդային ժառանգություն

Անձնական փորձս, որին դիմելու եմ վերոնշյալ թեզերը հիմնավորելու համար, վերաբերում է ութսունականների երկրորդ կեսին եւ կապված է պիոներական ակտիվ գործունեւոթյուն կոչվող երեւույթի հետ: Քանի որ կրտսեր դպրոցական տարիքում հաճախում էի Երեւանի «պիոներ պալատի» ասմունքի խմբակը դա ինձ հնարավորություն էր տալիս որպես ասմունքող մասնակցել տարբեր մշակութային եւ պաշտոնական միջոցառումների: Բայց դա էլ էր բավարար ոպեսզի պիոներական դպրոցական եւ շրջանային կառույցները ներքաշեին ինձ, այսպես կոչված, ակտիվիստական պիոներական գործունեւության մեջ: Պետք է նշեմ՝ ինքս ոչ մի ցանկություն չեմ ունեցել զբաղվել ակտիվ պիոներական գործունեությամբ եւ այդ «ակտիվիստական» գործունեւությունս կրում էր ձեւական բնույթ:  

Երբ 1988-ին ես հանգստանում եւ սովորում էի ԽՍՀՄ ամենահայտնի պիոներական ճամբարում՝ «Արտեկում», որը նաեւ ակտիվ երեխաների քաղաքական դաստիարակության յուրօրինակ կենտրոն էր հանդիսանում, ծանոթացա դեմոկրատիզացիայի վերաբերյալ ԽՍՀՄ վերնախավի մի մասի պատկերացումներին: Այդ էլիտար ճամբարում ավտորիտար մեխանիզմներով փորձում էին ներդնել որոշումների կայացման մասնակցային մոդելը: Օրինակ՝ ճամբարի ղեկավարության կողմից հայտարարվել էր, որ մենք, պիոներներս, ջոկատներում քննարկումներ կազմակերպելու միջոցով պետք է որոշենք, թե ինչպիսին է լինելու մեր համատեղ առօրյան:  Եվ հաճախ, երբ մենք առարկում էինք, որ հագեցած օր ունենալուց հետո հոգնած ենք եւ ըստ օրակարգի մեր քնելու ժամն է, ջոկատավարները պնդում էին, որ մինչեւ քննարկումը չկայանա, ոչ ոք չի քնելու:

Ի թիվս այլ նորարարությունների, Արտեկում նաեւ կազմակերպվում էին պիոներական խորհուրդների հրապարակային, այլընտրանքային ընտրություններ: Սակայն,  տպավորությունս այն էր, որ մի կողմից, երեխաների մեծ մասը որեւէ կերպ չէր ընկալում այդ ամենի իմաստը, մյուս կողմից, ճամբարի ղեկավարությունը, հիմնականում տարբեր հոգեբանական հնարքների միջոցով, իրական ընտրությունների պատրանք էր ստեղծում:

Սակայն, Արտեկում կային նաեւ իրական ազատականացման երեւույթներ, օրինակ՝ ցուցադրվում էին նախկինում արգելված կամ նոր առաջադիմական ֆիլմեր, կազմակերպվում էին ազատ քննարկումներ, թույլատրվում էր չկապել պիոներական վզկապ, քննադատել ղեկավար մարմիններին եւ այլն:

Հայաստանի գերիշխող քաղաքական մշակույթը մեծամասամաբ «Պերեստրոյկայի» ժամանակաշրջանում ձեւավորված քաղաքական ավանդույթների վերարտադրությունն է: ՀՀ-ում կան որոշակի ազատություններ, օրինակ՝ անկախ տպագիր եւ ինտերնետային մամուլ, ազատ քննարկման հարթակներ, ֆորմալ առումով կայանում են ընտրություններ, սակայն, պետության, խոշոր բիզնեսի եւ իշխող վերանախավի սերտաճման պատճառով դեմոկրատիան Հայաստանում պատրանք է, այլ ոչ թե իրականություն:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *