4. Օփավեր տեղանունը. Հրաչ Մատրիրոսյան

4. Օփավեր տեղանունը. Հրաչ Մատրիրոսյան

1. Գորիսից 2 կմ հեռավորության վրա` Քարահունջ գյուղ տանող ճանապարհին, Վարարակ գետի աջ ափին, վեր է խոյանում մի հսկա ժայռ, որի վրա պահպանվել են բերդի պարիսպների մնացորդներ և երևում են արհեստական այրեր, որոնք ծառայել են որպես կացարան: Վայրն ու բերդը հայտնի են Օփավեր անվամբ:

2. Օփավեր տեղանվան ծագման վերաբերյալ կա երկու ավանդազրույց, որ հաղորդել է գորիսեցի Հայրապետ Մաթևոսյանը և գրի է առել Սերո Խանզադյանը 1946 թվականին: Ըստ դրանցից մեկի՝ այստեղ ապրել է մի հարուստ կին, որը կերակրել է հարյուրավոր որբերի ու անտունների: Նրան ասել են որբամեր, այսինքն՝ ‘որբամայր’: Այստեղից էլ ծագել է վայրի անունը՝ որբամեր > Օփավեր:
Ըստ մյուս ավանդազրույցի՝ այստեղ ապրում էր աղքատներին առատ ողորմություն բաժանող մի հարուստ կին: Մի անգամ մի դերվիշ կանգնել է բերդի տակ և ձայնել. «Օ՜ փայ վեր, օ՜ փայ վեր», այսինքն՝ «Օ՜ բաժինս տուր»:
Այս երկու տարբերակներն էլ հարուցում են հնչյունական խնդիրներ (մ > վ և այ > ա) և իմաստաբանական առումով խիստ անհավանական են: Ակնհայտ է, որ գործ ունենք ժողովրդական ստուգաբանությունների հետ:

3. Արմեն Ղարագյոզյանը Օփավեր-ը մեկնաբանում է որպես *Ափավեր «ափից վեր գտնվող»: Այս մեկնությունն անհավանական է՝ մասնավորապես բառասկզբնային ձայնավորի անհամապատասխանության պատճառով: Ստուգաբանության այլ փորձ ինձ հայտնի չէ: «Տեղանունների բառարանում» միայն հիշատակվում է վերի ավանդական բացատրություններից առաջինը և գիտական ստուգաբանության որևէ տարբերակ չի ներկայացվում:
Երվանդ Լալայանը տեղանունը հիշատակում է Օփաւոր տեսքով: Այս տարբերակը` O/Ոփավոր, հիշատակվում է նաև ՀայՏեղԲառ 4, 1998-ում՝ Օփավեր-ին զուգահեռ: Այն ենթադրում է -աւոր ածանցով կազմություն՝ ձայնավորային հայտնի զարգացմամբ, հմմտ. օրինակ՝ թագաւոր > Գորիս թըքավըէր: Նկատենք, որ Գորիսի բարբառում բազմավանկ բառերի սկզբնային ո- ձայնավորից առաջ վ-ի հավելում չկա, հմմտ. ողողել > ըղօղէլ, որոճե/ալ > ըրօճէ/ալ:

4. Եթե ելակետ ընդունենք հիշյալ ածանցը, ապա տեղանվան հիմքում ընկած *Ոփ-աւոր կազմությունը կարող է մեկնաբանվել որպես «ոփ ունեցող»: Բայց ի՞նչ կարող է լինել այս ոփ արմատը:
Ժայռի աչքի ընկնող առանձնահատկությունը՝ խոռոչների տեսք ունեցող այր-կացարանների առկայությունը, հուշում է, որ ժայռը բնականորեն կարող էր անվանված լինել ‘խոռոչավոր’: Եվ իսկապես, հայերենն ունի ոփ տեսքով արմատ, որը հայ մատենագրության մեջ վկայված է մի քանի անգամ՝ սկսած Բարսեղ Կեսարացու «Վեցօրյակ»-ի թարգմանությունից , և պահպանվել է մի քանի արևմտյան բարբառներում: Հիմնական իմաստն է` «խոռոչ կամ փոս, որի մեջ ջուր է հավաքվում»: Սակայն ջուրը, կարծես, պարտադիր իմաստաբանական տարր չէ այստեղ, հմմտ. Ակնա բարբառի հոբ ձևը, որը վերաբերում է նռան մեծության խաղափոսերին: «Բառգիրք հայոց»-ում ոփ բառը մեկնաբանված է այսպես՝ գուբ կամ վիհ: Կարող ենք արձանագրել, այսպիսով, որ արմատի բնիմաստն է ‘փոս, խոռոչ, ծերպ’, հետևաբար *Ոփ-աւոր-ը կնշանակի ‘խոռոչավոր’:

5. Այն, որ ոփ բառը կարող էր հանդես գալ Սյունիքի մի տեղանվան կազմում՝ ‘քարայր-կացարան’ իմաստով, հստակորեն երևում է Տաթևի վանքից մեկ կմ հյուսիս-արևելք՝ Որոտանի աջ վտակ Աղանձուգետի (այժմ՝ Տաթև գետ) կիրճի ձախ լանջին բարձրացող Ոփա քար ժայռի անունից: 190 մ բարձրության այս ուղղաձիգ ժայռի ճակատամասում կա անառիկ քարայր, որը, ամենայն հավանականությամբ, Ստեփանոս Օրբելյանի վկայած քարանձավային կացարանն է: Ակնհայտ է, որ անվան հիմքում ընկած է նույն ոփ ‘փոս, խոռոչ, ծերպ’ բառը (այս մասին մանրամասն տես Ազիզբեկյան 1988):
«Տեղանունների բառարանում» գտնում ենք նմանահունչ մեկ այլ տեղանուն նույնպես Սյունիքում՝ Ոփյաց ձոր կամ Հոփյաց ձոր: Սակայն այս տեղանվան ձևը, կարծում եմ, թափանցիկորեն արտացոլում է ոփի / հոփի ‘բարդի’ ծառանունը, որ հատուկ է Արցախի ու Սյունիքի բարբառային տարածքին: Տեղանունը, այսպիսով, նշանակում է ‘բարդիների ձոր’: Հետևաբար այն մեր քննած Օփավեր տեղանվան հետ ստուգաբանական առնչություն չունի:

Ամփոփում
Այսպիսով՝ Գորիսի մերձակայքի ժայռի Օփավեր անվանումը կազմված է ոփ ‘փոս, խոռոչ, ծերպ’ արմատից ու -աւոր ածանցից և նշանակում է ‘խոռոչավոր’: Այն այդպես է կոչվել իր վրայի խոռոչների՝ այր-կացարանների պատճառով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *