Նանոր Պետրոսյան. Հղումներ հեքիաթներին

Նանոր Պետրոսյան. Հղումներ հեքիաթներին

Հղումներ հեքիաթներին

հղում 1

Եդեմական ծաղկի առաջ կանգնած
Վերջին թերթիկն է
Որ հեսա հեսա
Պիտի ընկնի ցած

Քաղեմ
Հրեշս դառնա գեղեցկադեմ արքայազն
Պալատներում ոսկեպատ
Ինձ սիրի մինչ ի մահ

Չգիտեմ բայց
Ուզում եմ արդյոք
Այդ ամենին տիրանալ

Թե հրեշիս հետ
Տառապեմ
Թողնեմ ներսից ինձ մի լավ քերի
Որ արդեն թառամեմ`
Վերջին թերթիկի շորոր-օրոր
Ընկնելու սպասումից
Պառավեմ

Հը…?

հղում 2

Ես տեսնում եմ
Աղջկան ձգված առաջ
Ծառի ճյուղից
Պոկելիս` կախված սառույցը
Ու պատկերացնում
Թե ինչպես ա տաքացնում գրկում
Որ տեսիլքները
Ջուր դառնա, հետո` ցամաքի
Վաղվանից նոր <<իսկական>>-ը սկսվի:
(Ոչինչ որ մրսում եմ)

Ես տեսնում եմ
Աղջկան ձգված առաջ
Ծառի ճյուղին,
Որին չի հասնում:
Իմ սայլը դառնում ա դդմիկ:
Ես փողոցում նստած ողբում եմ,
Կոշիկի մի թայը ձեռքիս,
Վաղվանից նոր <<իսկական>>-ը կսկսվի
(Հիմակվանից արդեն իսկ մրսում եմ)

հղում 3

Գայլը փչում է դրսից իմ տնակը` քարե
Ես վախեր չունեմ ներսում,
Բայց դուրս գալս է արգելափակում,
Ինձ` բանտապատում:
-Գայլ, հեռացի’ր,- մեջքս անշարժ դիրքից ոռնում է,
-Ա~րև եմ ուզում,
Ա~րև,
Թմբլիկ մարմինս
Ցեխերում` թավալել
Եղբայրներիս հետ ճղճղոցով
Բակում խաղ անել:

հղում 4

Ասպետը պարզել է առաջ
Գարեջրի շիշը:
Ես ամոթից
Կզակս ուսիս մոտեցրել
Այտերս
Կաս կարմրացրել
Աչքերս
Մազերիս շերտից ներս եմ անցկացրել:

Պարզել է առաջ
Գարեջրի շիշը` ասպետը
Ես ամոթից
Մտածում եմ`
Ոնց վերցնեմ: Թու~
Գետինը բացվեր`
Մեջը մտնեի,
Մենակ թե չիմանար,
Որ ես կռնատ աղջիկն եմ` հեքիաթի:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *