Լուսինե Եղյան. Կորուստ

Լուսինե Եղյան. Կորուստ

Ես չեմ հասցնում սիրել այս երկինքը,
այս ընդերքը, որ կպել է հողից ու հաճույքով զգում է քո հեռացումը:
Ես հիմա տրվում եմ շնչառությանդ ու հուսախաբ ինչ-որ հաբեր խմում,
ուզում եմ ծանրացնել ոտքերդ, որ մենք մնանք վերջին աստիճանին նստած:

Հիմա ինձ պարկերով հոգեբաններ են պետք. վառիր ինձ այս խարույկի մեջ մինչև գնալդ,
գրողը տանի, ես լողում եմ հոսանքին հակառակ,
ու քո կորուստը աղի հանքեր է բացում աչքերումս,
ու մարմնիս վրա աճած կակտուսները հաստանում են…
Ինչ-որ հիմար բաներ ասա. ես հուսալքված եմ,

ես ամրացնում եմ վերելակի դռները ու երկրաշարժի սպասող հոգեվարքի մեջ
ինչ-որ անիմաստ նախադասություներ դուրս տալիս,
միևնույն է, դու հեծանիվ քշել չգիտես, ուր մնաց ծաղիկներ գնես
ու վերադառնաս դժոխքից,

Դու շրխկացնում ես տան պատուհանները
ու ամենահիմար աշակերտի պես ծխում զուգարանում
ու ամենահին պայուսակի մեջ դնում մեր կյանքը՝ թղթե երջանկություն,
մենք ողջ ենք,
մենք ողջ ենք,

Կաշվիս տակ հավաքում եմ քո մնացորդները,
դատարկ մկաններիս մեջ հավաքում հայացքդ. կիսածածկ մտերմություն,
նայիր ինչ կոկիկ եմ հագնվել,
հատուկ մեր բաժանման համար,
հը՞, ինձ շպար սազո՞ւմ ա:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *