Փոփոխության որոնումներ | Դարակ

Հոգեբանորեն մեկնաբանելի մի շարք գործոններ կան, որոնք քիչ հավանական են դարձնում տեւական հանրային բողոքը Հայաստանում եւ հիմք են տալիս վիճարկելու բողոքի շարժումների էմանսիպատոր ու դինամիկ բնույթը: Դրանք, սակայն, ոչ թե բացատրություններ են «ազգային թերության» ոգով, այլ հետագա մտածելու հարցեր:

Մշակույթը՝ որպես վարքը կարգավորող սիմվոլիկ-էքսպրեսիվ դաշտ, շերտավորում ու պատում, «պատիճավորում» է բողոքի շարժումները մի քանի իմաստներով: Դրանք ընթանում են բողոքի տարբեր սուբյեկտների միջեւ հարաբերությունների խնդիրներով եւ ուղեկցվում մշակութային տարբերության դիսկուրսով՝ մենք-նրանք բաժանարարներով, դրանց ռիգիդ ընկալմամբ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակություն եւ «հասարակ» հասարակության միջեւ: Այսպիսով՝ շարժման հարաբերությունների դաշտ են տեղափոխվում փակ մշակույթում գերիշխող փոխգործողության սխեմաները ու սահմանափակում համատեղ գործողության ներուժը հենց նրանց մոտ, ովքեր համաձայն չեն իշխող սխեմաներին: Մշակութային շերտավորման մեկ այլ ասպեկտ է բողոքի թեմատիկ շեղումը էթնո-ազգային ուղղությամբ, երբ ներքին անհամաձայնությունների ու խզումների ֆոնին գործարկվում է ընդհանրության զգացում ապահովող քիչ ռեսուրսներից մեկը՝ էթնո-ազգային ապրումները: Մինչ դրանք շարժման մասին խոսակցություններին միացնում ու միացրած են պահում լայն զանգվածներին, նույն հաջողությամբ դրանք նաեւ «անջատում» են շատերին՝ ճնշելով գործողությունն ու քննարկումը: Այդպիսով` շարժման շատ մասնակիցների համար, ինչ-որ պահից սկսած, բողոքի թիրախ՝ վիճարկվող իրավիճակ է դառնում հենց գերիշխող մշակույթը՝ երկրորդական դարձնելով բողոք-պայքարի ելակետային թեման: Պայքարի իրավունք ձեռք բերելը դառնում է լրացուցիչ ջանք մի երկրում, ուր նախաձեռնությունը, պայքարն ու առարկությունը չեն խրախուսվում՝ ի տարբերություն ուսումնասիրված շատ այլ երկրների, ուր չկա նման «դիմադրություն դիմադրությանը»:

Վերանհատական գործոնների քննարկումից բխում է, սակայն, ոչ թե անհատական մակարդակում որեւէ բան անելու ավելորդությունը, այլ հենց կարիքը: Եթե անգամ «մշակույթ փոխելու» հավակնոտ ցանկությունը իրավացի է, դա չի կարող տեղի ունենալ հենց ներկա մշակույթը վատաբանող կամ քարոզչական մեդիա-ազդեցություններով ու մեդիա-կռիվներով: Դա կարող է գործարկել մշակութային դիմադրության գործընթացներ: Անհատը, ում հորդորում ենք փոփոխության մասնակցել, պիտի լինի փոփոխության սուբյեկտ՝ անձ, ով ունի որոշում կայացնելու եւ ընտրության կարողություն, սեփա-կան կյանքի վրա վերահսկողության զգացում կամ դրանք ձեռքբերելու ձգտում, եւ կարող է նաեւ մասնակցել սոցիալ-մշակութային վերամտածումների ու վերափոխումների՝ փոխգործողությունների միջոցով: Թե ինչպես հասնել հանրային արդյունքի բերող «սուբյեկտավորման», առանձին մեծ ձեռնարկ է: Ամփոփման փոխարեն կմեջբերեմ Գեմսոնին, որը արդեն լավագույնս ձեւակերպել է հաղորդակցման խնդիրների, սուբյեկտության պակասի ու փոխակերպման հոգեբանական կողմի առնչությունները շարժումներում։

 

«Մի հիմնավոր մշակութային թակարդ կա, որում երբեմն հայտնվում են շարժման ակտիվիստները: Նրանք իրենց հիմնական խնդիրը ձեւակերպում են ԶԼՄ-ով սպառողին իրենց ապրանքը գովազդելու պես (…) Համախմբման ենթակա լսարանը պատկերացվում է որպես պոտենցիալ գնորդների ամբողջություն, ում արձագանքը՝ քվեարկության, նվիրատվության, ստորագրության կամ այլ ցուցիչի ձեւով (այս թվարկման մեջ հավանաբար այսօր կլինեին նաեւ առցանց հավանելն ու տարածելը – հեղ.) կնշանավորի հաջող վաճառք: Այս մոտեցումը դրդում է գովազդի ավելի արդյունավետ ռազմավարության փնտրտուքի, որն էլ հանգեցվում է թեժ հուզական կոճակը սեղմող ու ցանկալի արձագանք առաջ բերող գրավիչ սիմվոլների: Թերեւս դժվար չէ առաջ բերել բարոյական վրդովմունք՝ գտնելով ճիշտ լուսանկար կամ խելացի նշանաբան: Թեժ կոճակի մոտեցման խնդիրն այն չէ, որ այն չի աշխատում, այլ որ այն ուղղակիորեն ձախողում է մարդկանց սուբյեկտությունը (agency) մեծացնելու նպատակը: Հավաքական սուբյեկտություն դժվար է խրախուսել՝ պոտենցիալ մասնակիցներին որպես կառավարելի, պասիվ օբյեկտների վերաբերվելով: (…) Փոխարենը դա նպաստավոր հող է, որ հանրության՝ իշխանության հանդեպ եղած համատարած ցինիզմը տարածվի նաեւ այդ գերիշխանությունը վիճարկել փորձողների վրա: Սուբյեկտությունը մեծացնելու համար սիմվոլիկ ռազմավարությունները պիտի ելակետ վերցնեն սուբյեկտության` մարդկանց ներհատուկ զգացումը (…): Անհրաժեշտ են ուղիղ եւ ոչ ԶԼՄ-միջնորդավորված հարաբերություններ» (Gamson 1995: 105-106):

 

 

Դիտեք նաև՝

Ժակ Ռանսիեր | «Անգետ ուսուցիչը»

Ժակ Ռանսիեր | «Անգետ ուսուցիչը»

Ռանսիերը «Անգետ ուսուցիչը» աշխատությանը նվիրված իր հարցազրույցներից մեկում ասում է. «Ժաքոթոյի դրույթների հետ իմ դրույթների մերձակցության առումով՝ պարզ է, որ իմ...

Զուտ բանականության քննադատություն. Իմմանուել Կանտ

Զուտ բանականության քննադատություն. Իմմանուել Կանտ

2006թ. «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից հրատարակվեց Իմմանուել Կանտի «Զուտ բանականության քննադատություն» աշխատությունը: Թարգմանությունը գերմաներենից,...

Երկեր. Դավիթ Անհաղթ

Երկեր. Դավիթ Անհաղթ

1980թ. «Սովետական գրող» հրատարակչության կողմից «Հայ մատերնագիրներ» մատենաշարով հրատարակվեց Դավիթ Անհաղթի աշխատությունը: Թարգմանությունը, առաջաբանը և...