Որոշ զուգահեռներ Կոմիտասի և Բելա Բարտոկի միջև. Տաթևիկ Շախկուլյան

Հայ կոմպոզիտոր և խմբավար Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծնվել է Թուրքիայում, 11 Տարեկանից տեղափոխվել է Էջմիածին, սովորել է տեղի Գևորգյան Ճեմարանում, ապա` Բեռլինում` մասնավոր կոնսերվատորիայում և Հումբոլդտի համալսարանի փիլիսոփայության բաժնում: Ապրել է Էջմիածնում, ապա նաև Կոստանդնուպոլսում: Ստեղծագործական կյանքն ընդհատվել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի հետևանքով: Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Փարիզում` հոգեբուժարանում:

Հունգարացի կոմպոզիտոր և դաշնակահար Բելա Բարտոկը (1881-1945) ծնվել է Տրանսիլվանիայում` այժմյան Ռումինիայի տարածքում: Սովորել է Բուդապեշտի Երաժշտության Արքայական Ակադեմիայում: Ապրել է գլխավորապես Հունգարիայում, իսկ կյանքի վերջին տարիներին` ԱՄՆ-ում:

Երկու կոմպոզիտորներն էլ ծնվել են իրենց պատմական հայրենիքից[vi] դուրս, սակայն ապրել են հայրենիքում, երկուսն էլ ավելի ուշ, տարբեր պատճառներով, տեղափոխվել են այլ երկիր: Երկու հեղինակներն էլ վախճանվել են ոչ իրենց հայրենիքում (Բարտոկը` Նյու-Յորքում, Կոմիտասը` Փարիզում), և երկուսի աճյունն էլ հետմահու տեղափոխվել է հայրենիք: Պատահական նմանությունների այս շղթան դեռ կարելի է լրացնել:

Թե՛ Կոմիտասի, թե՛ Բարտոկի երաժշտական գործունեության կարևոր բնագավառներից է ֆոլկլորային երաժշտական նյութի հավաքումն ու ուսումնասիրումը: Երկուսն էլ նվիրվել են այդ աշխատանքին, ճանապարհորդել են դեպի տարբեր վայրեր` հավաքելով, գրի առնելով և գիտականորեն հետազոտելով գեղջկական երաժշտություն: Երկուսն էլ իրենց ազգայինից բացի բարձր են գնահատել և սիրել են հարևան ազգերի երաժշտությունը: Երկուսին պարտական ենք ժողովրդական երաժշտության մինչ այդ աննկատ և անծանոթ շերտերը դուրս հանելու, դրանք կորստից փրկելու համար:

Կոմիտասը ժողովրդական երգի գրառումները սկսել է 1880ական թվականներին, երբ դեռ Էջմիածնի ճեմարանի ուսանող էր: 1890ականների սկզբին Կոմիտասն արդեն կիրառում էր իր գրառումները դասավանդման նպատակով: Այնուհետև այս բնագավառում ունեցած նրա գործունեությունն աստիճանաբար ավելի հետևողական ու պարբերական բնույթ է կրում: Նա նպատակաուղղված մեկնում է Հայաստանի և հարակից երկրների տարբեր գավառներ, այնտեղ հավաքում է երաժշտական նյութ, դասակարգում է և ուսումնասիրում: Այդ աշխատանքով Կոմիտասը զբաղվել է ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ Կոմիտասն արդեն գիտակցում է, որ հայ ազգային երաժշտության առանձնահատկությունները ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև հարևան ազգերի երգերը` պարզելու համար հարևանությամբ կենցաղավարող երգերի փոխազդեցությունները: Այդ նպատակով Կոմիտասը հավաքում և ուսումնասիրում է քրդական, հունական, արաբական, թուրք-տաճկական, պարսկական, ասորական և այլ ազգերի ժողովրդական երգերն ու եղանակները: Միջազգային լսարանների համար կարդացած իր դասախոսություններում Կոմիտասը ցույց էր տալիս այդ երգերի միջև եղած տարբերությունները: Այսպես, 1899 թ.-ին Բեռլինի Կոնսերվատորիայում հայ երաժշտության մասին դասախոսության ընթացքում Կոմիտասը ներկայացրել է հայերեն, արաբերեն, տաճկերեն, պարսկերեն երգեր` ցույց տալով դրանց տարբերությունները: Նույն տարի, Ճեմարանի 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Կոմիտասը կարդացել է «Խանգարմունք հայոց եկեղեցական երգեցողության» թեմայով դասախոսություն, որտեղ համեմատել է հայ և ասորի երգերն ու ձայները: Կա նաև հիշատակություն այն մասին, որ Բեռլինի համալսարանում Կոմիտասի դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել քրդական երաժշտությանը: Տարբեր ազգերի երգերի առանձնահատկությունների մանրազնին ուսումնասիրության ճանապարհով Կոմիտասը փնտրում էր հայկական երգերի առանձնահատկությունները:

Դիտեք նաև՝

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Ֆիլհարմոնիկ #1. Վալենտին Կոչետկով

Ֆիլհարմոնիկ #1. Վալենտին Կոչետկով

Երաժշտական տարբեր գործիքների հանդեպ դեռ մանկուց եկած հետաքրքրության, հայկական միջավայրում աշխատելու, աշխատանքային կարգապահության կարևորության, իր հարազատ...

Զրույցներ ջազի շուրջ #34. Ռիմա Տիգրանյան | Վարդան Գասպարյան

Զրույցներ ջազի շուրջ #34. Ռիմա Տիգրանյան | Վարդան Գասպարյան

«Ես փորձում էի փոխանցել ինքնաբուխության զգացում, զգացողություն, որ գրված երաժշտությունը իմպրովիզացիոն է»:Ջորջ Ռասսել «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի...