7․ Խաչգռուզի «Կըտրի՛ճ, գնէ՛» երգի առեղծվածային բառերի շուրջ. Հրաչ Մարտիրոսյան

Խաչգռուզի «Կըտրի՛ճ, գնէ՛» երգի առեղծվածային բառերի շուրջ

Հրաչ Մարտիրոսյան

 

  1. Խաչգռուզի «Կըտրի՛ճ, գնէ՛» երգը

(1) Մատենադարանի համար 7709 ձեռագրում տեղ են գտել մի շարք երգեր, որոնք 17-րդ դարասկզբին գրառել է Խաչգռուզ անվամբ հայտնի գրիչը: Նա ծնվել է Կաֆայում (Ղրիմ) 1592 թվականին: Մեր հետաքրքրության առարկան է այդ երգերից մեկը, որ սկսվում է «Կըտրի՛ճ, գնէ՛» բառերով:

 

(2) Երգում աղջիկը, որպես իր «ծոցի գին», ներկայացնում է իր ընկած օղը. Օղս էր ընկեր` գին ծոցերուս: Ապա, ըստ երևույթին, տղային պատվիրում է բերել օղը` իր ծոցին արժանանալու համար, ընդ որում տղան ճանապարհը պիտի հաղթահարի հեքիաթներին բնորոշ բարդ պայմաններում` ոչ երկնքով, ոչ գետնով, ոչ «երկնաւորով», ոչ ամպով, ոչ պարզով, ոչ բարկ արևով, ոչ ձիով և այլն:

 

(3) Տղան արծվի թևին նստած վերադառնում է ու աղջկան ասում, որ կատարել է հանձնարարությունը, ապա հայտնում է իր փոխադարձ առաջադրանքը.

 

Բեր ինձու, ինձու բանիր,

Շէկ մռջումէ աջըրէ դըգալ,

Բեր ի քարտօտօզիս սըմա պընակ,

Բեր ինձ ընձու խօռտօտօզիս շօրափըսած:

 

 

(4) Աղջիկը «չունէր, որ զայն բերէր», ուստի արտասվելով տեղի է տալիս և, մեկ-մեկ արձակելով կոճակները, «թագւորն ի ծոցն մեծարէր»:

 

(5) Վերոհիշյալ քաղվածքում պարզ են «շեկ մրջյունը» և դըգալ ‘գդալ’ ու պընակ բառերը, իսկ ինձու բանիր բառակապակցությունը մեկնաբանվում է որպես «ինձ կենդանու պանիր», այսինքն` մի բան, որ անհնար է ձեռք բերել (հմմտ. հաւու կաթ): Սակայն մնացած բառերը մնում են վիճահարույց կամ առեղծվածային: Սույն հոդվածի նպատակն է` փորձել մեկնաբանել այդ բառերից մի քանիսը և լուսաբանել այդ տողերի դիցաբանական-բանահյուսական հենքը:

 

  1. Աջըրէ դըգալ բառակապակցությունը

(6) Աբգարյանը (1977, 72) աջըրէ բառը նույնացնում է աճառ ‘նյարդ, կռճիկ, ջիղ’ բառին, որն այստեղ, ըստ նրա, գործածված է ‘ող’ իմաստով: Վերջինիս համար նա հղում է Սուքիասյանի բառարանին (1967, 28c): Այդ տողը նա մեկնաբանում է այսպես. «շեկ մրջյունի ողից պատրաստված գդալ»: Այս մեկնությունը խիստ անհամոզիչ է, քանի որ. 1) իմաստաբանորեն անհավանական է (ցանկալի է մրջյունի ողի հիշատակման տիպաբանական զուգահեռներ ունենալ). 2) մրջյունի անվանումը տեքստում դրված է բացառական հոլովով. 3) աճառ բառի ‘ող’ իմաստի բանասիրական կարգավիճակը պարզ չէ (պետք է գտնել Սուքիասյանի աղբյուրը):

 

(7) Մնացականյանը (1978, 70) քննադատում է Աբգարյանի տեսակետը և առաջարկում դիտարկել աճառ ‘առաստաղ’ բառը` տողը մեկնաբանելով այսպես. «շեկ մրջյունի առաստաղի փայտերից պատրաստված գդալ»: Ոչ էլ այս մեկնությունն է հավատ ներշնչում:

 

(8) Կարծում եմ իրականում գործ ունենք հաճար(ի) ծառանվան հետ: Այս բառը Համշենի բարբառում արտացոլված է որպես աժրի. (հ)աճարի > *աջըրի (ճ > ջ տեղաշարժ և միջնավանկի ձայնավորի թուլացում) > աժրի (ջ-շփականացում ր-ի հարևանությամբ` միջնավանկի ձայնավորի վերջնական անկումից հետո): Ահա այս զարգացման միջակա օղակն էլ հստակորեն արտացոլված է քննվող երգում` աջըրէ դըգալ ‘հաճարի փայտից պատրաստված գդալ’:

 

  1. Քարտօտօզ բառը

(9) Աբգարյանը (1977, 72) այս բառը նույնացնում է քարթոթոշ ‘մողես’ բառին և ենթադրում, որ մեր համատեքստում այն հանդես է գալիս ‘խխունջ’ իմաստով, ուստի տեքստում հիշատակվող պնակը պետք է պատրաստված լինի խխունջի պատյանից: Չնայած Մնացականյանի (1978, 70-71) քննադատությանը` այս մեկնությունը խոստումնալից է: Ստորև կփորձեմ լուսաբանել հնչյունական խնդիրներն ու սյուժետային համատեքստը:

 

(10) Ունենք հնչյունական երկու խնդիր: Առաջինը թ շնչեղ խուլի փոխարեն տ պարզ խուլն է: Քանի որ աջըրէ դըգալ բառակապակցությունը հուշում է, որ գործ ունենք արևմտյան բարբառային իրողությունների հետ, հնարավոր է մտածել, որ քարտօտօզ-ի տ-երը սերում են դ-ից` խլացման տեղաշարժով: Եվ իսկապես` թոթոշ բառի կողքին ունենք նաև դօդօշ ձևը (ՀԱԲ 2, 193), որն առկա է նաև բարբառներում ու արդի հայերենում:

 

(11) Ուշագրավ է, որ դ > տ տեղաշարժ ունեցող Սասունի բարբառում գտնում ենք քա̈րտա̈տոշ ‘օձի մի տեսակ’ բառը: Քանի որ գրաբարի թ-ն Սասունի բարբառում բառի բոլոր դիրքերում մնում է թ, իսկ դ-ն բոլոր դիրքերում (այդ թվում` ր-ից հետո) դառնում է տ (Պետոյան 1954, 21), կարելի է եզրակացնել, որ Սասունի քա̈րտա̈տոշը սերում է *քար-դոդոշ-ից:

 

(12) Հատկապես հետաքրքիր է Ագուլիսի բարբառի խդոդուշ / խդօ̈դո̈ւշ բառը, որ նշանակում է ‘ծնոտ (չա̈նա̈) չունեցող մի երևակայական կենդանի, որ գիշերներն ընկնում է մարդու վրա ու ծանրացնում’: Ամենայն հավանականությամբ սրան պետք է կցվի նաև Ղարաբաղի խթեթիշ / խթեթիկ ‘քաջք, մարդկանց վատ երազներ պատճառող առասպելական չար էակ’, թեև Աճառյանը (1913, 466b) այս բառն առանձին է ներկայացնում: Ձայնավորի փոփոխությունը հավանաբար արդյունք է Աճառյանի օրենքի` դո > դօ̈ / դէ, հմմտ. բոխի > պօ̈խի / պէխի:

 

(13) Ինչ վերաբերում է -ոշ-ի փոխարեն -ոզ-ին, ապա հնարավոր է ենթադրել զուգահեռ կազմություն ինչպես մողէզ / մողոզ բառում, կամ էլ վերջինիս ազդեցություն:

 

(14) Ագուլիսյան խդօ̈դո̈ւշ-ը, ինչպես տեսանք, ծնոտ չունեցող երևակայական էակ է: Ծնոտ չունենալը մտածել է տալիս գորտի կամ դոդոշի հետ առնչության մասին: Այսպիսի առնչակցությունը զարմանալի չէ. հմմտ. օրինակ Ալիշան 1910, 197` համբարու ‘երևակայական էակ, հուշկապարիկ’ և քարաթոշ բառերի նույնացումն արտացոլող մի անանուն տեքստից:

 

(15) Կրիան կարող է դիտարկվել որպես պատյան կամ թաս / պնակ ունեցող դոդոշ, հմմտ. գերմ. Schildkröte ‘կրիա’, որ կազմված է ‘վահան’ և ‘դոդոշ’ նշանակող բաղադրիչներից, ինչպես նաև կրիայի բարբառային անվանումները, որտեղ մասնակցում են թաս, կոտ և տաշտակ բառերը (ՀԱԲ 2, 680 և Աճառեան 1913 s.vv.):

 

(16) Թաս/պնակի հետ առնչությունը և քաջքերի հետ զուգորդումը ավելի է հաստատվում և մեր տեքստի պնակ բառով ու հաջորդ պարագրաֆում բերվող բանահյուսական նյութով: Նշենք նաև Շնող գյուղում գրառված պատմությունները գդալներ տանող կին-սատանաների մասին (Լալայան 3, 2004, 211):

  1. Սըմա պընակ բառակապակցությունը

(17) Ամենայն հավանականությամբ այստեղ գործ ունենք սիմ ‘արծաթ, արծաթե կամ ոսկե թել’ բառի հետ (հմմտ. պարսկ. sīm ‘արծաթ’). սըմա ‘արծաթյա’, ածանցի համար հմմտ. Համշենի բարբառի էրգըթա̈ ‘երկաթե’, քարա̈  ‘քարե’ և այլն: Հմմտ նաև ստորև` իջևանյան վըսկա թաս-ը: Այսինքն` սըմա պընակ նշանակում է «արծաթե թաս»:

 

(18) Եթե ընդունվի քարտօտօզ-ի ներկայացված քննությունը, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջվում է բերել քարթոթոշ մողես-քաջքի(ց) արծաթե թաս` պնակ: Այս համատեքստը հաստատվում է բանահյուսական նյութով.

  • Արցախյան մի հեքիաթում առաջադրանք է տրվում բերել վիշապի ոսկե թասը, որ չտեսնված ու չլսված մի բան է (Հարությունյան 1991, 25),
  • իսկ մի ուրիշում ծովից դուրս է գալիս մի աղջկա ձեռք` ոսկե թասով (ՆմուշԼեռՂար 1978, 51):
  • Համշենում պատմվել է մի օձի մասին, որի գլխին կա հրաշալի` գանձ բերող թաս (Մուրադեան 1901, 92):
  • Տուրուբերանի մի հեքիաթում ձկան փորից գտնվում է մի սիրուն թաս (ՀայԺողՀեք 13, 1985, 276):
  • Իջևանի տարածքում գրառված մի հեքիաթում վըսկա թաս-ը հանդես է գալիս Ձկան թագավորի աղջկա համատեքստում (ՀայԺողՀեք 6, 1973, 458):
  • Մուսալեռյան մի հեքիաթում ծովի աղջկա բերանից ընկնում է մի ոսկե թաս (Սվազլյան 1984, 114b):
  • Չար աչքի՝ Սեբաստիայում գրառված մի հմայական աղոթքում (Գաբիկեան 1952, 638; Ս. Հարությունյան 2006, 91a [38գ]).

Ծովուն մէջը ծառ մը կար,

Ծառանը վրայ բուն մը կար,

Բնին մէջը օձ մը կար,

Օսկուն թասը կթեցի,

Արծըթե թասը մակրթեցի …

 

(19) Հիշենք նաև բանահյուսական աղբյուրներում՝ սիրո և այլ համատեքստներում հանդիպող արծաթե թասը. օրինակ` ծոցինդ արծաթե թաս ա (Նազարյան 1978, 84b). Արծըթե թաս կեր ափերը (Սրվանձտյանց 1, 1978, 560). Արծաթե թաս, ոսկի ջուր / Մեկ թաս կուզեմ, երկու տուր… (Դևրիկյան 2006, 78b):

 

  1. Նախնական եզրակացություն

(20) Քննվող հատվածում, այսպիսով, պահանջվում է բերել հաճարի փայտից սարքած գդալ` շեկ մրջյունից, ապա և քաջք-դոդոշ տիպի առասպ. էակի(ց) արծաթե պնակ:

Դիտեք նաև՝

Հայերենը Հրաչի հետ #5․ Փոխառությունները հայերենում․ մաս 2-րդ

Հայերենը Հրաչի հետ #5․ Փոխառությունները հայերենում․ մաս 2-րդ

🔹Իրանական փոխառությունները հայերենում որքանո՞վ են հետաքրքիր իրանագիտության համար։🔹Գիտական ի՞նչ մեթոդներով է հնարավոր վերականգնել իրանական լեզուներում...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Հայերենը Հրաչի հետ #4․ Փոխառությունները հայերենում

Հայերենը Հրաչի հետ #4․ Փոխառությունները հայերենում

🔹Պատմական ո՞ր ժամանակաշրջաններում են հիմնականում տեղի ունեցել իրանական փոխառությունները։🔹Ամիս և մահիկ․ ո՞րն է բնիկ հայկական բառ, և ո՞րը՝ փոխառություն և...