Կարեն Անտաշյան. Ես մնում եմ, Երկիր

*
Սահմաններ չկան:
Սահմաններ իրո՛ք չկան,
բայց համակ օտար տարածության
մասնավոր այդ դեպքը՝
ցավացող
մարմնագույն քարերի եզերքը,
արյունատար համակարգիս է սերտաճել:

Մարմնիս շարունակությունն է
Երկիրը:

*
Ես տղավարի ուզում եմ,
որ դու մեռնես իմ տակ
անմահության հաճույքից,
հեշտանքից բառաչելով,
ջահել, ծոցդ լիքը ծաղիկ –
արնակարմիր աստղածաղիկ…

…անթառամների խաբկանք՝
սև քար կտրած երկիր,
ուրիշին բացվելու փոխարեն
ջահել մեռնելու վերջին առիթը
ե՞րբ բաց թողիր:

*
Համովս, համով հող… դամբուլի համով,
հիմա շատերն են սպառնում հեռանալ՝
զավակներդ, որ մեծացան քեզ ուտելով:

Դու փոքրացար, փոքրացար, գորշացար,
ծծերդ ցամաքեցին,
համովս… լեռան ժանգի համով:

Սովը մտածելու ժամանակ չի տալիս –
գիշերո՛վ կգնան.
չտեսնելու կտաս, մնացածին կգրկես,
տաք կպահես՝ կանցնի:

Հետո նամակ կգրեն ուրիշ բաների մասին
կամ փող կուղարկեն տխուր առիթներով:

Համովս… անմահամով:

*
Երկիրը գույնի գերակշռությունն է.
նվազագույնը՝ ցամաք հաց,
առավելագույնը՝ պորտը ծակ ծովատ քար –
կախի՛ր վզիցդ այլածին դևերի դեմ:

Բա ուրիշ ի՞նչ անես:

*
Ջրհեղեղները կհեղեն արյանդ ազնիվը,
արտերիդ պարարտությունը կտանեն
ուրիշ գետերի միանալ շտապող առվակներդ –
ինքնագլուխ ու բիթի,
շանթերը կխայթեն քաչալ գլուխդ,
կարկուտը կծեծի էլի էն նախածեծած տեղերդ,
միջանցիկ քամիները թռչունակ սերմերդ կքամեն
հյուսիսից հարավ շաղելով և արևելքից արևմուտք –
քեզ կմնան միայն դոդերն ու քարթուներն ինձ պես,
ում լեզվին դառն ու ժամանակավրեպ կնստի
արևապաշտ մեռելներիդ այլևս անընթեռնելի գիրը…

Ոտատակի մաշված քարի կենսափորձով,
«ի հեճուկս» ապրելու կամքով պնդաճակատ,
քեզ կազմողների նստակյաց էգ ու որձով –
վհա՛տ, վհա՛տ, վհա՛տ…

լավ, ե՞րբ է գալու քո կանաչ եղանակը:

*
Սրբազան մեռելների երկիր,
խնամքով մեռելապատված սարալանջերի,
մեռլակոխ այգեստանների երկիր,
մեռելապաշտ ջահելների ու ահելների,
մեռլատնային ծիսակարգը հսկողների,
մեռելահացի ճոխը գնատատող երկիր,
մեռելոց հանգույն ապրողաց երկիր –
Մեռելաստան,
մեռնելու տեղ…

ապրելու տե՛ղ դարձիր:

*
Գնալ:
Գնալ՝ մնալ:
Գնալ, մնալ՝ հետ գալ:
Գնալ – գալ:
Այցելել:

Երկիրը
ոչ թե կենսապայման է, այլ
անպայման,
ինչպես ինձ նախընթած ամեն ինչը:

Ես մնո՛ւմ եմ:
Լքելն ազատվել չէ
անգամ
քարուքաքոտ երկրից:

Ես մնում եմ
ինձ հետ
նոր օրից:

Դիտեք նաև՝

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Իմ վերջին մեծ սերը «գրառող» է և գրողի մասին կարծիք կազմելիս չսխալվելու համար նայում է մյուսների աչքունքին։ Իր բոլոր կոլեգաների պես նա սիրում է մեծ...

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Գիշերը պատռվում է և ծնում մի նոր ու հին Արև, Արևը՝ կորսված արահետներ, որ մանկական կոշիկ են ինձ համար, հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա, կամ էլ իրական...

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

ցորտ ա ծըմըռը եկալ ա տանս առաջը սիպտակ ա մազերս սիպտակ ա մաջս սիպ-սիպտակ ա սիպտակ պատեն յիրա մին սիպտակ ըլըբաստրակ թիվանգը յոր անիմ քինիմ յիրա անիմ սիպտակ ծներին...