Ազգային դիմադրություն. Հրանտ Տեր-Աբրահամյան | դիմադրության իրավունք

Ազգային դիմադրություն. Հրանտ Տեր-Աբրահամյան | դիմադրության իրավունք

Դիմադրության տեսություն. ազգային դիմադրության նախահիմքեր

Միջավայրի դիմադրությունը եւ դիմադրությունը միջավայրին

1. Դիմադրությունն ընդհանրապես արտակարգ վիճակ չէ, այլ որեւէ գոյության լինելու բնական եւ մշտական կերպ:

Որեւէ գոյություն ինքնին դիմադրություն է: Լինի դա ճամփեզրին գցած քար, աստեղային համակարգի անդամ՝ աստղ կամ մոլորակ, կենդանի որեւէ էակ կամ հանրային որեւէ ենթակա (սուբյեկտ)՝ պետություն, ազգ, դասակարգ եւ այլն՝ իր գոյությունը պահելու, հաստատելու եւ տարածելու համար այն պետք է մի կողմից անընդատ հարմարվի՝ դիմադրի արտաքին միջավայրի ազդեցություններին, մյուս կողմից՝ պահպանի իր ներքին միասնությունը՝ բաղկացուցիչ տարրերի փոխշահավետ հարաբերությունը եւ հավասարակշռությունը:

Հնարավոր չէ հենց այնպես լինել, «մնալ»՝ լինելը ուժի դրսեւորում է, ուժի ծախս, եւ ուժերի պայքար:

2. Որեւէ ենթակա կայանում է, գոյատեւում է եւ հաստատվում է միջավայրի դիմադրության պայմաններում: Միջավայրի դիմադրության հաղթահարումը ենթակայի կողմից իր հերթին դիմադրություն է միջավայրին:
Այդու՝ առկա է երկկողմանի եւ երկուստեկ՝ ենթակա-միջավայր դիմադրական համակարգ:

3. Ենթակայի դիմադրության կառուցվածքը իր հերթին երկշերտ է՝ մի կողմից հարմարվել միջավայրին, մյուս կողմից՝ հարմարեցնել միջավայրը:

Հարմարումը միջավայրին

4. Հարմարումը միջավայրին՝ ենթակայի կողմից միջավայրի դիմադրության հաղթահարումն է առավել անհատականցմամբ, «նեղ մասնագիտացմամբ», առավելագույն յուրահատկությունների ձեռք բերմամբ: Այսպիոսով, ենթական ձեւավորվում է իր միջավայրի կողմից:

5. Հարմարումը միջավայրին հակասական է ինքն իր մեջ. չափազանց ավելի յուրահատուկն ու չափազանաց ավելի մասնագիտացածը, որը մի կողմից առավել հարմարեցվածն է միջավայրին ամեն տվյալ ժամանակահատվածում, մյուս կողմից՝ նաեւ առավել խոցելին է տեւականության մեջ, քանի որ միջավայրի փոփոխությամբ առավել յուրահատուկը կորցնում է իր առավելությունը եւ բնաջնջվում:

7. Եթե առավել յուրահատկության ձեռք բերումը ենթակայի կողմից միջավայրի դիմադրության հաղթահարման արդյունավետ զենքն է, ապա մյուս կողմից միջավարի պատասխանն ու հակազենքն է՝ միջավայրի անընդատ փոփոխականությունը:
Եթե մի կողմից ամեն տվյալ փուլում միջավայրը թվում է ենթակայի համեմատած առավել կայուն եւ անփոփոխն, ապա մյուս կողմից՝ տեւականության մեջ անճանաչելիորեն եւ արմատապես փոփոխելի է ցանկացած միջավայր:

8. Միջավայրի փոփոխականությունը ոչ միայն պարզապես բարդեցնում է դիմադրության խնդիրը, այլեւ դարձնում է այն մշտական անհրաժեշտություն, անընդատ գործունեություն ի պատասխան նոր փոփոխությունների: Միջավայրի փոփոխականությունը պարտադրում է, որ հարմարումը միջավայրին լուծի միաժամանակ երկու հակադիր խնդիր՝ մի կողմից վերը նշված առավելագույն յուրահատկության ձեռքբերմամբ եւ նեղ մասնագիտացմամբ հարմարվել է միջավայրի առկա, կայուն վիճակին, եւ մյուս կողմից յուրահակտությանը հակադիր՝ առավել ճկունությամբ հարմարվել միջավայրի փոփոխականությանը, այսինքն՝ միջավայրի հնարավոր ապագային:

9. Ճկունության մարտավարությունն առավել բարդ է, քանի որ այն ի տարբերություն յուրահատկության պետք է պատասխանի միջավայրի ոչ թե առկա, այլ ապագա, հետեւաբար՝ անկանխատեսելի վիճակների: Եթե ներկան մեկն է, ապա ապագան անթիվ հնարավորություններ են, որոնից, սակայն, միայն մեկը կարող է իրականանալ: Այդու՝ դիմադրության ճկուն համակարգը պետք է ի զորու լինի պատասխանել միաժամանակ բազում մարտահրավերների, որով ճկուն համակարգը պետք է աշխատի ավելցուկով:
Մյուս կողմից, քանի որ մեկ ենթական չի կարող հասնել այնպիսի ճկունության, որ ի զորու լինի հարմարվել միջավայրի ցանկացա՛ծ փոփոխությանը, ապա այստեղ ի հայտ է գալիս նաեւ ճակատագրի, բախտի գործոնը՝ շահում է նա, ով պատահականորեն, բախտի բերմամբ, կանխել է հենց այն հատկությունը, որը հարմար է միջավայրի փոփոխության բազում տարբերակներից՝ հենց իրականություն դարձածին: Սա աստվածների միջամտությունն է կամ օրակուլն է:

10. Միջավայրին դիմադրության առավել արդյունավետ համակարգն, այդու, պետք է պահպանի կշռույթը (բալանսը) երկու հակադիր բեւեռների՝ յուրահատկության եւ ճկունության միջեւ:
Ճկունությունը որպես հակադիր յուրահատկությանը ՝ ընդհանրությունն է, անհատականության պակասը, չտարբերակվածությունը, հնարավորությունների ներուժը, «լայն մասնագիտացումը»: Ճկունությունը ենթակայի փոփոխականությունն է՝ ի պատասխանն արտաքին միջավայրի փոփոխականությանը:

11. Ճկունությունն նույնպես ինքնահակասական է: Դա մի կողմից առավել ընդհանրություն է՝ հակադրված յուրահատկության, միջակությունն է, գորշությունն է, մյուս կողմից ներքին առավել բազմազանությունն է՝ հակադրված առավել յուրահատկության միակերպությանը եւ նեղ մասնագիտացմանը:
Հավելում: Մեկ՝ գորշ գայլ տեսակից, միջավայրի փոփոխությամբ՝ տվյալ դեպքում մարդու միջամտությամբ ստացվել է շուն տեսակի ողջ բազմազանությունը: Դա նշանակում է, որ այս ամբողջ բազմազանությունը թաքնված էր որպես ներուժ արդեն գայլ տեսակի մեջ: Այս հակասությունը՝ առավելագույն բազմազանությունը մեկ տեսակի մեջ՝ ծագած մեկ այլ միակերպ տեսակից կարող էր անհավատալի եւ անտանելի թվալ, եթե չլիներ սովորական, բոլորիս ծանոթ իրականություն: Սակայն այն ինչ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել շան հետ կարճ ժամկետում, ավելի տեւական ժամանակի մեջ բնական զարգացման սովորական ընթացքն է: Կենդանական աշխարհի ողջ բազմազանությունը ծագել է հենց նման կերպով: Եթե ի զորու լինենք մի օր կենդանի վերապրել, այլ ոչ թե զուտ վերացականորեն պատկերացնել, որ ոչ միայն մուկն ու փիղը ծագմամբ նույն կենդանին են՝ զարգացած տարբեր միջավայրերում տարբեր ուղիներով, այլեւ, օրինակ, ճանճի եւ մարդու կառուցվածքային տարբերությունն ի վերջո այդքան մեծ չէ, որքան մեզ թվում է, այդ ժամանակ միայն կկարողանանք համարժեք չափմամբ մոտենալ կյանքի եւ հանրության «մեծ հարցերին», անհրաժեշտ հեռավորությունից դիտարկել ինքներս մեզ եւ այն ամե՛նն ինչ հավիտյանն ու հիմնարար ենք համարում մեր ներսւոմ եւ մեր շուրջը:

12. Միջավայրին հարմարման, նրա դիմադրության հաղթահարման կշռույթը կարող ենք կոչել կենսունակության աստիճան, որն, ինչպես տեսանք ինքն իր մեջ երկատված, հակասական հղացք է՝ կենսունակը պետք է ձգտի առավել յուրահատկության, եւ միաժամանակ առավել ընդհանրության, պետք է լինի առավել միակերպ ու միասնական եւ միաժամանակ առավել բազմակերպ, նույնիսկ՝ բազմադիմի, հարմարվի միջավայրի ներկային, բայց պատրաստ լինի միջավայրի անկանխատեսելի ապագային:

 

Կարդալ զեկույցն ամբողջությամբ՝ 2017 10 25 Դիմադրություն F.doc

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *